«Կանանց նկատմամբ խտրականության վերացման» կոմիտեն Հայաստանին առաջարկություններ է ներկայացրել ԼԲՏԻ կանանց իրավունքների ապահովման առնչությամբ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) և Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական Կոալիցիան (ԵԿՈՄ) համատեղ այլընտրանքային զեկույց են ներկայացրել «Կանանց նկատմամբ խտրականության վերացման» ՄԱԿ-ի կոմիտե (այսուհետ նաև Կոմիտե)` անդրադարձ կատարելով Հայաստանում ԼԲՏԻ կանանց իրավունքների և ազատությունների՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, ապահովման վերաբերյալ իրավիճակին։  

2022թ․-ի հոկտեմբերի 10-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը ներկայացրել է այլընտրանքային զեկույցը «Կանանց նկատմամբ խտրականության վերացման» ՄԱԿ-ի կոմիետեի 83-րդ նիստին՝ Հայաստանի վեցերորդ պարբերական զեկույցի վերանայման շրջանակներում։  

Իր ելույթում Ալինան մասնավորապես անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում գերակշռող սեռական կողմորոշվածության և գենդերային ինքնության հիմքով խտրականությանը, ատելության խոսքին և ատելության հիմքով հանցագործություններին, գենդերային ինքնության իրավական ճանաչման հետ կապված օրենսդրական բացերին։ 

 

Ներկայացված եզրափակիչ առաջարկություններում, Կոմիտեն գոհունակությամբ նշել է, որ 2006 թվականից Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքը (GANHRI) Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին շնորհել է A կարգավիճակ, որը 2021թ․-ին վերանայվել և հաստատվել է՝ մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ազգային հաստատություններին առնչվող սկզբունքների համաձայն (փարիզյան սկզբունքներ, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 1994 թվականի մարտի 4-ի թիվ A/RES/48/134 բանաձև)։

 

 

Միևնույն ժամանակ, Կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը չի նախատեսում ԼԲՏԻ կանանց իրավունքների համընդգրկուն պաշտպանություն։ Այդ առնչությամբ Կոմիտեն Հայաստանին առաջարկում է կատարել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի առաջարկություները՝ Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրելով բավականաչափ ռեսուրսներ՝ իր մանդատի, այդ թվում՝ ԼԲՏԻ կանանց իրավունքների պաշտպանության համար խտրականության դեմ պայքարի մանդատի, արդյունավետ և անկախ իրականացման համար։ 

 

Կոմիտեն մտահոգություններ է հայտնել Հայաստանում ԼԲՏԻ կանանց նկատմամբ խտրականության, ճնշումների, ատելության խոսքի մասին հաղորդումների, ինչպես նաև գենդերային անցման ու գենդերի մասին նշումի փոփոխության վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայության և ԼԲՏԻ կանանց իրավունքների մասին բուժաշխատողների իրազեկության ցածր մակարդակի հետ կապված։  

 

Այս առնչությամբ Կոմիտեն հետևյալ առաջարկություններն է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ 

 

 ա) ձեռնարկել օրենսդրական և քաղաքական միջոցներ՝ ԼԲՏԻ կանանց նկատմամբ գենդերի հիմքով բռնության և խտրականության, այդ թվում՝ ատելության խոսքի, ֆիզիկական, բանավոր և     հուզական բռնության դեմ պայքարելու նպատակով, 

բ) պաշտպանել ԼԲՏԻ կանանց իրավունքները Կոնվենցիայով նախատեսվող բոլոր ոլորտներում և իրականացնել իրազեկման միջոցառումներ՝ նրանց հանդեպ հասարակության կողմից խարանման դեմ պայքարելու նպատակով, 

գ) ապահովել տրանսգենդեր անձանց, այդ թվում՝ կանանց, անձնագրում և անձը հաստատող այլ փաստաթղթերում գենդերի մասին նշումի փոփոխության իրավունքը, 

դ) ապահովել, որ ԼԲՏԻ կանայք կարողանան ազատ մասնակցություն ունենալ քաղաքական և հասարակական կյանքում՝ իրականացնելով խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքը առանց ահաբեկման կամ ճնշումների։   

 

ՆՍՀԿ-ն և ԵԿՈՄ-ը պատրաստ են հանդես գալու նախաձեռնություններով և աջակցելու կառավարությանը վերոնշյալ առաջարկությունների իրականացման հարցում։ 

 

Նյութի աղբյուրը՝ ECOM