ՆՍՀԿ-ն մասնակցում է «Կանանց նկատմամբ խտրականության վերացման» ՄԱԿ-ի կոմիետեի (ԿԽՎԿ) 83-րդ նիստին

2022թ․-ի հոկտեմբերի 10-28-ը տեղի է ունենալու «Կանանց նկատմամբ խտրականության վերացման» ՄԱԿ-ի կոմիետեի 83-րդ նիստը, որի ընթացքում դիտարկվում է, թե ինչպես են Ֆինլանդիան, Հայաստանը, Սենթ Քիտս և Նևիսը, Բելգիան, Ուկրաինան, Հոնդուրաս, Գամբիան և Շվեյցարիան իրականացնում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները։

Հոկտեմբերի 10-11-ը տեղի ունեցող Հայաստանի վեցերորդ պարբերական զեկույցի վերանայման շրջանակներում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը բանավոր ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի և ՆՍՀԿ-ի կողմից, Կոմիտեի հրավերով, կազմված այլընտրանքային զեկույցը՝ մեկնաբանություն ԿԽՎԿ-ի կողմից Հայաստանին ներկայացրած հարցերի վերաբերյալ։

Ներկայացված հայտարարությունը և զեկույցը մասնավորապես անդրադարձ են կատարում Հայաստանի Հանրապետությունում սեռական կողմորոշման և գենդերային ինքնության հիմքով իրավախախտումներին՝ ներկայացնելով հետևյալ առաջարկները՝

  • Հայաստանը, ողջամիտ ժամկետներում, պետք է ձեռնարկի ակտիվ և շտապ միջոցներ, որոնք ուղղված կլինեն խտրականության բոլոր ձևերը, այդ թվում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ու արտահայտման հիմքով խտրականությունը, արգելող օրենսդրության ընդունմանը։
  • Հայաստանը պետք է իրականացնի գործողություններ՝ ուղղված ՍԿԳԻԱ-ն ներառելուն՝ որպես հանցագործության ծանրացուցիչ հանգամանք, ինչպես նաև ՍԿԳԻԱ հիմքով ատելության խոսքը և ատելության հիմքով արարքները քրեականացնելուն։
  • Հայաստանը պետք է ընդունի ապացուցահեն, առաջընթացային ՄԻԱՎ-ի կանխարգելման ազգային ծրագիր, որը ԼԲՏ կանանց կներառի՝ որպես առանձին թիրախ խմբեր, կհատկացնի անհրաժեշտ ռեսուրսները նրանց շրջանում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների ծածկույթն ապահովելու համար և կսկսի ԼԲՏ կանանց շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ պատշաճ վիճակագրություն վարել։
  • Հայաստանը պետք է ստեղծի և ընդունի առաջադեմ, ապացուցահեն իրավական դաշտ, որը, ընդհանուր առմամբ, կապահովի տրանս անձանց գենդերային ինքնության իրավական ճանաչումը և գենդերի մասին նշումի փոփոխությունը, գենդերի ճանաչումը կդարձնի սովորական վարչական գործընթաց, ինչպես նաև կվերացնի գենդերի նշումի փոփոխության համար պարտադիր պայման հանդիսացող գենդերը հաստատող բժշկական միջամտությունների անհրաժեշտությունը։
  • Հայաստանը պետք է քայլեր նախաձեռնի նույնասեռականությունը, գենդերային դիսֆորիան և տրանսսեքսուալությունը կամ այլ առնչվող եզրույթները հոգեկան հիվանդությունների ցանկից հանելու համար, ինչպես խորհուրդ է տրվում Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րորդ և 11-րորդ վերանայումներով։
  • Հայաստանը պետք է ապահովի ԼԲՏ կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև նրանց ներգրավումը որոշումների կայացման գործընթացում։

 

ԵԿՈՄ-ի և ՆՍՀԿ-ի կողմից ԿԽՎԿ-ին ներկայացրած այլընտրանքային զեկույցը հասանելի է այստեղ։