ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՕՐ 2020թ․


Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության օրը:

1948թ.-ին այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը՝ շրջադարձային փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ առանձնացվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից և յուրաքանչյուր մարդու համար՝ անկախ ռասայից, գույնից, դավանանքից, սեռից, լեզվից, քաղաքական կամ այլ կարծիքից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքից, ծնունդից կամ այլ կարգավիճակից: Այս փաստաթուղթը հասանելի է ավելին քան 500 լեզուներով և համարվում է աշխարհում ամենաշատ թարգմանված փաստաթուղթը։ Չնայած հռչակագրի ստորագրմանը հաջորդած այս տարիների ընթացքում արձանագրված հսկայական առաջընթացին, դեռևս շատ անելիք կա, քանի որ աշխարհի շատ քաղաքացիների դեռևս մերժվում են այն հիմնարար ազատությունները, որ առաջ են քաշված այս փաստաթղթում:

Հռչակագրի հիմնարար սկզբունքներն այսօր թերևս նույնքան արդիական են, որքան 70 տարի առաջ, քանի որ շատ երկրներում շարունակում են խոչընդոտվել մարդկանց հիմնարար ազատությունները: Ազատ, արդար և իրական ընտրություններին մասնակցելու քաղաքացիների իրավունքները շարունակում են մնալ անորոշ, բանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ռասիզմը, գենդերային անհավասարությունը և հոմոֆոբիան համատարած են: Բոլոր անհատներին պատկանող անքակտելի իրավունքների համաշխարհային ճանաչումը պետք է շարունակաբար խրախուսվի և վերահաստատվի, ինչի համար էլ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն սույն թվականի դեկտեմբերի 10-ին կազմակերպեց «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» հանդիպում-քննարկումը, որին ներկա էին դիվանագիտական և պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ԼԳԲՏ և ԿՍԿ համայնքների ներկայացուցիչներ։

Միջոցառման կարգախոս էր ընտրված «Բարձրացրու ձեռքդ հանուն Մարդու իրավունքների»-ն, որը զուգորդվում է Մարդու իրավունքների պատկերանշանով։ Պատկերանշանը համատեղում է ձեռքի ուրվագիծը թռչնի հետ և թռչնին բռնող սպիտակ բութ մատը: Այն ստեղծվել է որպես խաղաղ աջակցություն մարդու իրավունքների ամրապնդմանը միջազգային «Պատկերանշան հանուն մարդու իրավունքների» նախաձեռնության շրջանակում  2010 թ.-ին: Հաղթող լոգոտիպը ստեղծել է սերբուհի Պրեդրագ Ստակիիչը: Ի համերաշխություն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան և շեշտը դնելով խոցելի խմբերի իրավունքների վրա՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն պատրաստել էր պաստառ՝ Մարդու իրավունքների պատկերանշանով և միջոցառման կարգախոսով։ Պատկերանշանի մեջ ներառված էին Մարդու իրավունքներին, հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքներին առնչվող բանալի-բառերն ու բառակապակցությունները։ Միջոցառման մասնակիցները լուսանկարվեցին պաստառի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելով  Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը։