«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ՝ ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՕԺՏՎԱԾ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՀԱՏ»

Ժառանգականությունը մեծ ազդեցություն ունի մարդու սեռական կողմնորոշման վրա, սակայն գոյություն չունի որևէ գեն կամ բանաձև, որով այն կարելի է բացատրել։ Ինչպես նաև դեռևս շատ քիչ են կատարված հետազոտություններ, որոնք հստակորեն ներկայացնում են սեռական կողմնորոշման պատճառները։

 

Հաճախ սեռական կոմնորոշումը շփոթում են սեռական հարաբերությունների հետ, ինչն ակնհայտ սխալ է։ Սեռական կողմնորոշման կենսաբանական հիմքերի մասին խոսելուց առաջ կարևոր է հասկանալ՝ ինչ է այն։ Սեռական կողմնորոշումն ինչպես մարդու մոտ երաժշտական լսողություն ունենալը կամ լավ նկարելը, կարող է ունենալ կենսաբանական հիմք, որով այն պայմանավորվում է։

 

Սեռական կողմնորոշումը յուրաքանչյուր անհատի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջությունն է այլ անձանց նկատմամբ։

 

Որոշ հետազոտություններ գիտնականներին թույլ են տալիս ասել, որ սեռական կողմնորոշումը պայմանավորված է գենետիկ, հորմոնալ և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ։

Կատարված հետազոտությունները, ընտանեկան ուսումնասիրությունները և գենետիկական վերլուծությունները թույլ են տալիս գնահատել կենսաբանական բաղադրիչի ներդրումը և փորձել պարզել՝ ինչպես «կենսաբանությունը» կարող է ազդել վարքագծի վրա։

 

Սեռական կողմնորոշման կենսաբանական հիմքերի մասին զրուցել ենք «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ կարողությունների զարգացման համակարգող, սեռականության մասնագետ Հմայակ Ավետիսյանի հետ։

 

—          Ի՞նչն է ազդում սեռական կոմնորոշման վրա, կարո՞ղ եք նշել պատճառները։

Սեռական կողմնորոշումը չի կառավարվում կամ ընտրվում անհատի կողմից։ Սեռական կողմորոշումը որքան էլ լողացող, փոփոխվող հասկացություն է, չի կարող ձևավորվել միայն արտաքին ազդակների արդյունքում։ Այն մեզ հետ է մեր ծննդյան պահից, և կարող է դրսևորվել կամ փոփոխության ենթարկվել կյանքի տարբեր փուլերում անձի անհատական փորձառության արդյունքում, այլ ոչ թե դաստիարակության կամ վատ շրջապատ ընկնելու, ինչպես շատերը պնդում են։

 

—          Հայ հասարակության մեջ նոր տերմին է՝ «սեռական կողմնորոշման կենսաբանական հիմքերը»։ Խնդրում եմ կնշեք ՝ ի՛նչ է այն իրենից ներկայացնում։ Արդյոք կա՞ն սեռական կողմնորոշման ճշգրիտ պատճառներ։

Շատ հաճախ, երբ մարդիկ լսում են սեռականություն տերմինը, այն ասոցացնում են սեռական հարաբերության կամ սեռական կյանք վարելու հետ, այնինչ դրանք նույն բանը չեն։ Սեռականությունն անձի ինքնության կարևորագույն բաղադրիչներից է, կյանքի բնական, առողջ և անբաժանելի մասը, սեփական և մյուսների մարմինների նկատմամբ զգացումները, որևէ մեկի հետ էմոցիոնալ և հուզական կապի մեջ մտնելը, գրավչությունները, անձի նույնականացումը որևէ սեռի, ծննդյան պահին նրան տրված անունը, մանկության խաղալիքները և դերերը, սեռակրթությունը․․․

Պետք է հասկանալ, որ սեռականությամբ օժտված է յուրաքանչյուր անհատ։ Սեռական կողմնորոշումը սեռականության բաղադրիչներից մեկն է և նույնպես բնորոշ է յուրաքանչյուր անհատի։

 

—          Հաճախ նույնասեռականությունը համարում են հոգեկան հիվանդություն, տարբեր թերապիաների միջոցով փորձում մարդկանց դարձնել հետերոսեքսուալ, ձեր կարծիքով ժամանակի ընթացքում այս մտածելակերպը կվերանա՞։

Նունասեռականությունը ո՛չ հիվանդություն է, ո՛չ էլ հոգեկան խանգարում։ Այս մասին փաստում են հոգեկան առողջության ոլորտում աշխատող առաջատար կազմակերպությունները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ ԱՀԿ-ն դեռևս 1990 թվականի մայիսի 17-ին  Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ) 10-րդ թարմացումով հեռացրել է «նույնասեռականություն» ախտորոշումը հոգեկան խանգարումների շարքից։ Արդեն իսկ ՀՄԴ 11-րդ թարմացմամբ «տրանսսեքսուալիզմը» նույնպես հանվել է հոգեկան հիվանդությունների շարքից՝ տեղափոխվելով սեռական առողջության բաժին։

Մեր երկրի հոգեկան առողջության մասնագետները պարտավոր են առաջնորդվել ԱՀԿ թարմացումներով։

Առաջին հերթին հենց մասնագետները պետք է դառնան այն առաջնային օղակը, որը կարող է հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդել։ Հարցն այն է, որ մասնագետները շատ հաճախ վախենում են բարձրաձայնել ԼԳԲՏԻ անձանց մասին՝ վախենալով, որ կթիրախավորվեն, կենթարկվեն ասոցացված խտրականության։ Խարանի և խտրականության նվազմանը զուգընթաց շատ մարդիկ կսկսեն խոսել, համայնքը ավելի բաց դեմքով հանդես կգա, և մարդիկ կտեսնեն, որ ԼԳԲՏԻ անձանց նույնպիսի մարդիկ են, ինչ մյուսները, ունեն արժեքներ, լավ մասնագետներ են իրենց ոլորտներում և ապրում են սովորական կենցաղով։

 

—          Ի՞նչ քայլեր են արվում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից թեմայի վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։

Մեր կազմակերպությունը իրականացնում է ԼԳԲՏԻ անձանց իրավունքների և շահերի պաշտպանության շարունակական գործընթաց։ Իրականացվում են դասընթացներ, վերապատրաստումներ ինչպես ԼԳԲՏԻ անձանց, այնպես էլ պետական կառույցների ներկայացուցիչների, ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների, բուժաշխատողների շրջանում սեռականության, մարդու իրավունքների, խարանի և խտրականության կանխարգելման վերաբերյալ։ Մենք նաև իրազեկում ենք բուժաշխատողներին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիվանդությունների միջազգային դասակարգչի մասին։ Նկարում ենք սոցհոլովակներ, ֆիլմեր՝ ԼԳԲՏԻ անձանց կյանքի և հաջողությունների մասին։ 

 

«Վաղուց հաղթահարել եմ  բոլոր տեսակի վախերը և հիմա օգնում ու աջակցում եմ ինձ նման շատ մարդկանց ընդունել իրենց»

Սեռական կողմնորոշման վերաբերյալ ամենամեծ «ապտակը» ստանում են ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները, նրանց շուրջ պտտվում են բազմաթիվ միֆեր, նրանք հաճախ թիրախավորվում են, նրանց փորձում են «ուղղել» հարազատները, ընտանիքի անդամները՝ հավատացնելով, որ կողմնորոշման հարցում սխալվել են, և այն ժամանակի հարց է։

 

Լինում են դեպքեր, երբ համայնքի ներկայացուցիչներին ստիպում են ամուսնանալ իրենց կամքին հակառակ կամ նրանցից  երես են թեքում՝ հաճախ չգիտակցելով, որ կողմնորոշման հարցում որոշիչ դեր ունեն սեռական կողմնորոշման կենսաբանական հիմքերը և ոչ թե անհատի ցանկություններն ու ընտրությունը։

 

Հարցի բարձաձայնման համար զրուցել ենք ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների հետ, երկուսի անունն էլ փոխված է։

 

Համայնքի ներկայացուցիչ Արամի խոսքով՝ հաճախ ականատես է լինում խոսակցությունների, որտեղ ԼԳԲՏԻ անձանց մեղադրում են սեռական կողմնորոշման հարցում՝ այն համարելով հոգեկան հիվանդություն։ «Առաջին հերթին ցավ եմ զգում, հատկապես երբ այդ խոսակցությունը լինում է իմ ներկայությամբ։ Ոչ բոլոր դեպքերում եմ փորձում խոսել այդ մարդկանց հետ, բացատրել, որ նույնասեռականությունը հոգեկան հիվանդություն չէ, ընտրություն չէ, սակայն երբ հասկանում եմ, որ մարդիկ պատրաստ են լսելու ճշմարտությունը, քննարկելու հարցը, ես բերում եմ արժանահավատ փաստարկներ, որոնք կարող են մարդկանց համար համոզիչ լինել»,- ասում է Արամը։

 

Նա ինքն իրեն ընդունելու համար երկար ճանապարհ է անցել, որի ընթացքում հասցրել ծանոթանալ սեռական կողմնորոշման վերաբերյալ շատ աղբյուրների։ «Սկզբում ես մտածում էի, որ այն, ինչ ինձ հետ կատարվում է, մեղք է, վատ դաստիարակության արդյունք, և ինձ մշտապես հույս էր տալիս իմ հավատքը, որ Աստված մի օր ինձ կբժշկի, սակայն հետագայում հասկացա, որ Աստված չի միջամտում, որովհետև ինձ մոտ ամեն ինչ նորմալ է»,- նշում է զրուցակիցը։

 

Այն հարցին՝ դժվար չէ՞ սեռական փոքրամասնության մաս լինել մի հասարակության մեջ, որտեղ ամեն քայլափոխի կարող է վտանգ սպառնալ, Արամը պատասխանում է, որ թեև Հայաստանը ամենաանվտանգ երկներից չէ ԼԳԲՏԻ անձանց համար, սակայն այստեղ էլ իրավիճակը բարելավվում է։ «Ես վաղուց հաղթահարել եմ իմ մեջ բոլոր տեսակի վախերը և հիմա պատրաստակամորեն օգնում ու աջակցում եմ ինձ նման շատ մարդկանց ընդունել իրենց, հաղթահարել վախերը և երջանիկ լինել»,- զրույցը եզրափակում է Արամը։

 

ԼԳԲՏԻ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ Վահեի խոսքով՝տարօրինակ է, որ դեռ կան մարդիկ, որոնք նույնասեռականությունը կարող են համարել հոգեկան շեղում։ Ասում է, որ հնարավորության սահմաններում փորձում է բացատրել մարդկանց, իրազեկել, բարձրացնել նրանց զգայունությունը թեմայի շուրջ։ Նա էլ Արամի նման նշում է, որ սոցիալական միջավայրը չի կարող ազդեցություն ունենալ անձի սեռական կողմնորոշման վրա, որովհետև այն անհատի մեջ ներարկվող և ձևավորվող հատկանիշ չէ։ «Շատերն են նաև առաջ բերում այն պնդումը, որ սեռական կողմնորոշումը ընտրություն է։ Չի կարող անհատի գիտակցված ընտություն լինել մի բան, որը ընդունված չէ, խարանված է, որի համար մարդկանց մերժում են, մարգինալացնում են, որի պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել բոլոր ազատություններից, ինչ մյուսները»,- ասում է Վահեն։

 

Սեռական կոմնորոշման կենսաբանական հիմքերը թեև ամբողջությամբ ուսումնասիրված չեն և դեռևս չկան հստակ պնդումներ, թե որոնք են առաջացման պատճառները, այնուամենայնիվ եղած տեղեկատվությունը, ուսումնասիրությունները թույլ են տալիս նշել, որ այն ի ծնե է և տարիների ընթացքում մարդկանց ընտրության արդյունք չէ։ Ինչևէ, թեմայի վերաբերյալ հետազոտությունները շարունակվում են։

 

Հեղինակ՝ Ա․Մ․

 

 

 

Սույն լրագրողական նյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս նյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: