ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

2024թ․-ի հունվարի 26-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել ՀԿ-ի շահառու Ռ․Հ․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ 2024թ․-ի հունվարի 25-ին  հանդիպել է սոցիալական ցանցով ծանոթացած անձի հետ, և տուն վերադարձի ճանապարհին այդ անձը հափշտակել է Ռ․Հ․-ի իրերը։ Վերջինս  ահազանգել է ոստիկանություն՝ հաղորդում ներկայացնելու նպատակով։  Ոստիկանության աշխատակիցները այցելել են Ռ․Հ․-ի բնակարան՝ դիմում վերցնելու, որտեղ տուժողը հայտնել է, թե հափշտակություն իրականացնողը եղել է տաքսու վարորդը։

 

Հաջորը օրը՝  2024թ․-ի հունվարի 26-ին, Ռ․Հ․-ին կանչել են Երևան քաղաքի քննչական վարչության բաժին՝ լրացուցիչ բացատրություն վերցնելու նպատակով։ Բաժնում աշխատակիցները սկսել են հարցաքննել տուժողին և հետաքրքրվել, թե ինչո՞ւ նա պարտադիր զինվորական ծառայություն չի անցել, արդյոք «համասեռամո՞լ է» և այլն։ Ռ․Հ․-ն, չտիրապետելով իր իրավունքներին, պատասխանել է նրանց բոլոր հարցերին և ստիպված եղել բացահատել իր ՄԻԱՎ դրական կարգավիճակը, քանի որ այդ հիմքով է ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։ Կարգավիճակը բացահայտելուց հետո ամբողջ քննչական բաժնում այդ տեղեկատվությունը տարածվել է, և բաժնի աշխատակիցները սկսել են անձին ծաղրել։

Հարցաքննության ընթացքում գործադրված ճնշումների արդյունքում Ռ․Հ․-ն ստիպված  է եղել պատմել, որ իր իրերը հափշտակողը ոչ թե տաքսու վարորդ է եղել, այլ անձ, որի հետ ծանոթացել է սոցիալական հարթակի միջոցով։ Տուժողը հարցաքննող անձանց  հայտնել է, որ հափշտակող անձի մասին դիմում ներկայացնելու ժամանակ ճիշտը չի ասել, քանի որ մայրը ներկա է եղել, և չի ցանկացել, որ վերջինս տեղեկանա իր սեռական կողմնորոշման մասին։

Այդ ամենից հետո տուժողին թույլ չեն տվել դուրս գալ քննչական բաժնից, որտեղ գտնվել է 7 ժամ։

 

Շահառուի կողմից ՆՍՀԿ-ին դիմելուց հետո ՀԿ-ի իրավաբանը կապ է հաստատել քննչական բաժնի աշխատակիցների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել անձի բաժնից դուրս գալու ուղղությամբ, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ բաժնի աշխատակիցները ոչ միայն թույլ չեն տվել անձին բաժնից դուրս գալ, այլ նաև ճնշում են գործադրել նրա նկատմամբ, սպառնացել, որ քրեական պատասխանատվության կենթարկեն՝ սուտ ցուցմունք տալու համար։

ՆՍՀԿ-ն կապ է հաստատել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Վերջինիս հետ համագործակցության արդյունքում անձը կարողացել է դուրս գալ քննչական բաժնից։

Այնուհետև պարզ է դարձել, որ Ռ․Հ․-ին ընդունել է ոչ թե գործող զբաղվող քննիչը, այլ բաժնի օպերլիազորները, ովքեր դրա իրավունքը չունեին։

Ավելին, օպերլիազորները ստուգել են անձի բջջային հեռախոսը, զանգահարել տուժողի մորը և փորձել ճշտել՝ արդյոք նա տեղյակ է, որ իր որդին ունի ՄԻԱՎ դրական կարգավիճակ։

Մեկ օր անց տուժողը իր հարազատներից տեղեկանում է, որ նույն բաժնից զանգահարել են իր հարազատներին և կանչել՝ վկայություն տալու։ ՆՍՀԿ-ն այդ մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակին և քննչական բաժնի ղեկավարի տեղակալի հետ զրույց ունեցել, որի արդյունքում դադարել են զանգահարել անձի հարազատներին և մորը ։

 

ՆՍՀԿ-ի կողմից անձին իրավաբանական աջակցության տրամադրումը շարունակվում է։

Գործի ընթացքի մասին լրացուցիչ կլուսաբանվի։