«Նոր Սերունդ» ՀԿ-ն նշում է մարդու իրավունքների միջազգային օրը

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար`

իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»:

Հոդված 1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

 

 

 

 

1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ ՄԱԿ-ը ճանաչեց մարդու իրավունքների համընդհանուր չափանիշները:

Հռչակագիրը պարտադիր ուժ ունեցող միջազգային իրավական ակտ չէ, սակայն աշխարհի բոլոր երկրներին հսկայական բարոյական կշիռ է տալիս, որ յուրաքանչյուր մարդկային էակ՝ անկախ ազգության, բնակության վայրի, սեռի, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության, ազգային կամ էթնիկական պատկանելիության, կրոնի, լեզվի կամ գրաված դիրքի՝ պետք է արժանանա հավասար և հարգալից վերաբերմունքի:

Ամեն տարի այս օրը տարբեր երկրներում իրավապաշտպանները, պետական մարմինների ներկայացուցիչները ամփոփում են անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքները, արձանագրում խախտումները, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումները։

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության աշխատակիցները, ինչպես նաև այլ իրավապաշտպաններ ևս ամփոփում են արդյունքները ու մատնանշում ՀՀ-ում առկա խնդիրներն ու օրենսդրական բացերը։

Իր գործունեության մեկնարկից ի վեր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքներն իրականացնում է ելնելով մարդասիրական սկզբունքներից՝ նպաստելու հասարակության և հատկապես խոցելի խմբերի հիմնախնդիրների կարգավորմանը։

Իրավաբանների, ՀԿ-ի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում անդրադարձել ենք կազմակերպության կատարած աշխատանքներին, մարդու իրավունքների պաշտպանվածության խնդրին, օրենսդրական մեխանիզմներին և խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքներին։

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված մեր զրույցում «Նոր Սերունդ» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանն նշում է, որ մարդու իրավունքների պաշտպանության բարձրագույն մակարդակի հասնելու գործընթացը դեռ շատ խմորումների կարիք ունի։ 

«Հասարակությունը չի գիտակցում իր իրավունքի և պետության պարտավորությունների մասին։ Հատկապես խոցելի կարգավիճակում են գտնվում առանձին խմբեր, որոնց իրավունքների իրացումը երաշխավորված չէ պետության կողմից։

Դժվար է ամփոփել այն ամենը, ինչը կրում է ԼԳԲՏԻ համայնքը, սակայն այդ օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու ԼԳԲՏԻ մարդկանց հիմնախնդիրները և գոյություն ունեցող անհավասարությունը, խարանն ու խտրականությունը, տարածվող և սերմացած ատելությունը հասարակության շրջանում և կոչ անելու ապրել խաղաղ և լինել կարեկցող ու բազմազանությունը ընդունող ։ Ես դիտավորյալ չեմ ասում հանդուրժող, քանի որ այդ տերմինը նույնպես բացասական երանգ է պարունակում, չպետք է լինել հանդուրժող, այլ պետք է պայքարել անհանդուրժողականության դեմ», — ասում է Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ հավասարության հասնելուն է միտված ՀԿ-ի գործունեությունը, սակայն պետք չէ առանձնացնել և պատնեշներ ստեղծել. «ԼԳԲՏԻ անձանց իրավունքները մարդու իրավունքներն են եւ վերջ»,- հավելում է ՀԿ-ի նախագահը։ Իսկ այն հարցին՝ թե ի՞նչ գնահատական կտա ՀԿ-ի ունեցած կամ ապագայում պլանավորվող ներդրմանը, որը վերաբերելու է ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը, պատասխանում է․ «Պետք է շարունակել պայքարը, որ ԼԳԲՏԻ համայնքն իրեն ապահով զգա կյանքի բոլոր ոլորտներում, շահերի պաշտպանության գործողություններով հասնել օրենսդրական բարեփոխումների և իրավական պաշտպանությամբ շարունակել պաշտպանել համայնքի իրավունքները ներպետական և միջազգային հարթակներում»։


 

Մարդու իրավունքների օրվա դերի մասին խոսելիս՝ «Նոր Սերունդ» ՀԿ-ի Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանն ասում է, որ օրն առանձնահատուկ նշանակություն ունի. առիթ է հիշեցնելու հասարակությանը, որ ժողովրդավար արժեքների հաստատման առանցքում հասարակության բոլոր խմբերի իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումն է։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը շատ ցածր մակարդակի վրա է հատկապես, երբ խոսքը գնում է խոցելի խմբերի իրավունքներին։

 

«Կարծրատիպային մտածելակերպի արդյունքում հայ հասարակության կողմից մերժված և մեկուսացած խոցելի խմբերն իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանությունը չեն կարողանում գտնել անգամ իրավապահ կառույցներում, դեռ ավելին, նույնիսկ այդ կառույցների ներկայացուցիչների կողմից են ենթարկվում խտրականության, բռնությունների ու խոշտանգումների։ Հայաստանում ամենախոցելի խմբերից է ԼԳԲՏԻ համայնքը, որը հանդիպում է խարանի և խտրականության կյանքի ցանկացած ոլորտում՝ սկսած կրթությունից, աշխատավայրից, մինչև անգամ առողջապահական ծառայություններից օգտվելիս»,- ասում է Ալինա  Միրզոյանը։

 

Զրույցի ընթացքում ՀԿ-ի աշխատակիցն անդրադառնում է այս խմբի իրավունքների պաշտպանության ապահովման առաջնահերթ քայլերին, որոնցից ամենակարևորը օրենսդրական բարեփոխումներն են՝ սահմանադրական փոփոխություններին ուղղված գործողությունները։ Նրա խոսքով՝ ՀԿ-ն աշխատանքներ է իրականացնում, որ ընդունվի խտրականությունն արգելող օրենքը և քայլեր է իրականացնում՝ հասնելու գենդերային ինքնության իրավական ճանաչման և այլ կարևոր օրենսդրական կարգավորումների։

 

«Կարևոր քայլերից է նաև կրթական, առողջապահական ոլորտի, իրավապահ, դատական մարմինների պարբերական իրազեկության բարձրացումը խարանի և խտրականության բացառման, խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրների, ինչպես նաև վերջիններիս իրավունքների պաշտպանության ապահովման, նրանց հանդեպ անխտրական վերաբերմունքի ցուցաբերման   և կարիքահեն ծառայությունների մատուցման կարևորության վերաբերյալ։

Այս ուղղությամբ ևս ՆՍՀԿ-ն իրականացնում է դասընթացներ և իրազեկմանն ուղղված այլ միջոցառումներ նշված թիրախ խմբերի շրջանում (բուժաշխատողների, ոստիկանների, քրեակատարողական հիմնարկների, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմերի), այնուամենայնիվ պետական մակարդակով նման կրթական միջոցառումների իրականացումը մեծապես կնպաստի այս գործընթացի արդյունավետության բարձրացմանը»։

Խոսելով ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության առկայության մասին՝ նա շեշտում է, որ այն իր ազդեցությունն է ունենում այս անձանց կյանքի բոլոր ոլորտների վրա։ Այս խմբի անձինք հաճախ զրկվում են կրթություն ստանալու իրավունքից՝ դպրոցներում առկա խտրականության, ճնշումների, բուլինգի պատճառով, որը շատ հաճախ դրսևորվում է ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների կողմից։

«Նրանք խարանի և խտրականության, բռնությունների են ենթարկվում անգամ սեփական ընտանիքի անդամների, ծնողների կողմից, շատ հաճախ մնալով անտուն և անապահով՝ մերժված ու չընդունված նույնիսկ ամենահարազատ մարդկանց կողմից», — նշում է «Նոր Սերունդ» ՀԿ-ի Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը։

Կարևորում է նաև այն, որ խմբի ներկայացուցիչները լիարժեք չեն կարողանում իրացնել իրենց առողջության իրավունքը բուժաշխատողների շրջանում առկա խտրականության պատճառով։ Առկա է մասնագիտական հմտության պակաս, օրինակ՝ հորմոնաթերապիայի, գենդերային անցումն ապահովող վիրահատությունների և այլ միջամտությունների իրականացման համար անհրաժեշտ հմտություններ։

«ԼԳԲՏԻ անձինք իրենց իրավունքների վերականգնման համար խուսափում են անգամ դիմել իրավապահ մարմինների, քանի որ վերջիններիս կողմից նույնպես կարող են ենթարկվել բռնությունների և խոշտանգումների՝ զոհից վերածվելով հանցագործի միայն իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով»,- ավելացնում է ՀԿ-ի աշխատակիցը։


ՀԿ իրավաբան Լուսինե Գասպարյանի համար դեկտեմբերի 10-ը կարևորվում է նրանով, որ այդ օրը  ևս մեկ անգամ արժևորում և գերակայություն է տրվում մարդու իրավունքներին։ «Այն նաև լավագույն առիթ է մարդու իրավունքերին առնչվող բարեփոխումները արձանագրելու, խնդիրները բարձրաձայնելու և  խնդիրների լուծման առաջարկներ ներկայացնելու համար»,- ասում է իրավաբանը։ Այնուամենայնիվ նա ևս առանձնացնում է առկա խնդիրներն ու բացերը, որոնց  լրացմանն են միտված ՀԿ-ի աշխատանքները։ Շեշտում է, որ բացերն առկա են խոցելի խմբի իրավունքների պաշտպանության բնագավառներում, թեև ներպետական օրենսդրությունը նախատեսում է իրավունքների պաշտպանության համապարփակ մեխանիզմներ։

 

«ԼԳԲՏ անձանց նկատմամբ գրեթե բոլոր ոլորտներում դրսևորվում է խտրական վերաբերմունք, ատելության խոսք, որոնք նաև հանգեցնում են այլ իրավախախտումների։ Օրենսդրական բացերով պայմանավորված՝ անձինք չեն կարողանում լիարժեքորեն իրավական պաշտպանություն իրականացնել։ Ներպետական օրենսդրությունում բացակայում է «Խտրականության բացառման մասին» առանձին, ինքնուրույն օրենքը։ Այս առումով խնդրահարույց է այն, որ չնայած Սահմանադրությամբ սահմանված է խտրականության արգելքը, սակայն որպես պաշտպանված հատկանիշ ներդրված չեն սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։ Անհրաժեշտ է, որ ՀՀ ներպետական օրենսդրության մեջ ներդրվի իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ, այն է՝ «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին, ինքնուրույն օրենքի ընդունումը, ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածում սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը ներառելը որպես խտրականությունից պաշտպանված հատկանիշ»։


Իրավապաշտպան Հմայակ Ավետիսյանի համար ևս այս օրն առանձահատուկ է, քանի որ առիթ է՝ գնահատելու ձեռքբերումները, հասկանալու մարտահրավերներն ու առաջ շարժվել։ Թե ինչքանով է ՀՀ-ում պաշտպանված մարդու իրավունքները, Հմայակն ասում է. «Հայաստանը մի քանի քայլ առաջ է արել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, սակայն դեռ կան համայնքներ, որոնք բախվում են ամենօրյա խարանի և խտրականության, ատելության և բռնության կոչերի ու հանցագործությունների»։ Խտրականության դրսևորումների մեջ առանձացնում է ԼԳԲՏԻ համայնքը։ Վերջինիս խոսքով՝ դեռ շատ գործ կա անելու, և իրավապաշտպան ակտիվիստները, պետք է առաջնորդվեն հանուն հավասարության շարժմամբ։ Վերջինիս  խոսքով՝ հասարակությունն այս համայնքին բացասաբար է մոտենում, ինչի հետևանքով նրանք դուրս են մնում մի շարք ոլորտներից, չեն կարողանում օգտագործել իրենց գիտելիքն ու ներուժը։

 

«Մարդկանց անհրաժեշտ է անընդհատ կրթել սեռականության ոլորտում։

Խոցելի խմբերի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին պետք է խոսեն իրենց խնդիրների մասին և պահանջատեր լինեն, որովհետև պետությունը պարտավորվել է ապահովել նրանց իրավունքների իրացումը՝ որպես լիարժեք քաղաքացիներ։ Ոչ ոք ավելի լավ չգիտի համայնքների խնդիրների, կարինքների և առաջնահերթությունների մասին, քան հենց այդ համայնքների ներկայացուցիչները։ Նրանք պետք է ակտիվորեն ներգրավվեն որոշումների կայացման գործընթացներում, իսկ համայնքահեն կազմակերպությունները և ակտիվիստները պետք է աջակցեն այդ գործընթացին»,- ասում է իրավապաշտպան, ակտիվիստը։

 


«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ դեկտեմբերի 10-ը ևս մեկ առիթ է խոսելու մարդու իրավունքների մասին։ Այս օրը ևս մեկ անգամ պետության ուշադրությունն է կենտրոնանում մարդու իրավունքների վրա, խնդիրների վրա և քայլեր են ձեռնարկվում խնդիրների լուծման ուղղությամբ։ Ըստ Հովհաննիսյանի՝ 2018թ․-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխությունից հետո պետության կողմից չեն նկատվում միտումնավոր քայլեր՝ ուղղված մարդու իրավունքների ոտնահարմանը։

Խոսելով քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների մասին՝ Նարեն ասում է, որ լինում են բռնության դեպքեր, որոնք բացահայտվում են, բայց հատուկ հրահանգավորված չէ պետության կողմից։ «Գերբնակեցման խնդիրը լուծվեց, համաներում կիրառվեց, վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը թերություններով հանդերձ գործում է, սննդի հարցը լուծվեց, ծառայությունն անցել է մասնավոր ընկերության, այս խնդրի մասին անընդհատ խոսում էինք, կարծես թե սայլը տեղից շարժվեց, առողջապահական ծառայությունների համար ստեղծվեց ՊՈԱԿ, կան թերություններ, բայց պետության կողմից ջանքը զգում ենք, դրական տեղաշարժ զգացվում է քրեակատարողական հիմնարկներում»,- նշեց Նարե Հովհաննիսյանը։

Անդրադառնալով  քրեակատարողական հիմնարկներում պահվող մարդկանց վերասոցիալականացման քաղաքականությանը, ասաց, որ համալիր, գործնական քայլեր չեն իրականացվում, խրախուսական ինստիտուտի կիրառում չի նկատվում, բավարար հիմքեր չեն ստեղծվում, չկա կրթական ծրագրեր, աշխատելու հնարավորություն։

 

«Խնդիրների բնույթը ու բովանդակությունը փոխված են։ Մտնել հիմնարկ ու տեսնել, որ համակարգի կողմից կա հատուկ միտում մարդուն ճնշելու, ստորացնելու, բռնության ենթարկելու, չկա, բայց մյուս կողմից չկան բավարար հիմքեր, որոնք միտված կլինեն մարդկանց վերասոցիալականացմանը»,- նշեց իրավապաշտպանը։

 

 


Հավասարության և հակախտրականության գաղափարները մարդու իրավունքների սիրտն են։ Պետությունը, իրավապաշտպան կառույցներն ու անհատ իրավապաշտպանները պետք է միավորեն ջանքերը հանուն այդ գաղափարների։ Հասարակության մեջ արմատացած խտրականության պատճառները գտնելը և հասցեավորելը, խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների, ԼԳԲՏԻ անձանց, միգրանտների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլոց, կարիքները հասկանալը հավասարության հասնելու բանալին են։ Դեկտեմբերի 10-ը այս արժեքներին հավատարիմ ու նվիրված լինելը ապացուցելու ևս մեկ առիթ է։

 

Հեղինակ՝ Ա․Մ․

 

 

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: