ԼԳԲՏԻ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ. մաս1

«Հիշում եմ՝ 14 տարեկան էի, երբ ամռանը մի տղայի հանդիպեցի պատահական: Ծանոթացանք, կոնտակտներով փոխանակվեցինք ու շփվեցինք մոտ 2 ամիս: Հետո ինքը գնաց Ռուսաստան, ու … ինձ մոտ դեպրեսիա սկսվեց: Սիրահարվել էի այդ տղային: 14-ից 15 տարեկանի անցման շրջանում եմ ես հստակ հասկացել, որ ինձ տղաներն են հետաքրքրում»,- պատմում է Ադամը (անունը փոխված է) և տխրությամբ վերհիշում իր դպրոցական 9-րդ տարվա սեպտեմբերը:

 

«Բառերով հնարավոր չէ նկարագրել՝ ինչ ես զգում, երբ սեռական հասունացման ընթացքում հասկանում ես, որ քո սեռական կողմնորոշումը տարբերվում է: 9-րդ դասարանի տարեսկիզբն էր: Հիշում եմ՝ սեպտեմբերին գնացի դասի ու հասկացա, որ օտար եմ այդ միջավայրում: Զգում էի, որ տարբերվում եմ, բայց չեմ կարող բացատրել՝ ինչ զգացողություն է, երբ դու քեզ օտար ես զգում, առանձնացված»,-ժպտալով անկեղծանում է:

 

Մեծամասնությանը չնմանվող Ադամը ցանկանում է իր ինքնությամբ ապրել, սակայն տարբերվող վարքի ու արտաքինի պատճառով ընկերները օտարանում են, իրեն հեռացնում սոցիալական ցանցերից, դպրոցի տղաները սկսում են ծաղրել, ուսուցիչները դառնում են անտարբեր, իսկ ինքը՝ ինքնամփոփ ու չշփվող:

 

«Հագնվելուս ոճն էր տարբեր, դպրոցի հետևում գնացող «թեմաների» մեջ չկայի: Ընդհակառակը, դեմ էի «թեմա անելուն», կռվելուն: Բառապաշարիս մեջ էլ ռուսերեն մեջբերումներ չկային՝ «նիրյադ ըլնել», «կուռաժիտ ըլնել»: Էդ պատճառով տղաները ինձ հետ չէին շփվում: Ոնց ասեմ, էդ ամեն ինչը էնպես է անում, որ դու «իզգոյ» ես դառնում: Հետո դպրոցում տղերքից միակ լավ սովորողը ես էի: Միշտ օլիմպիադաների էի մասնակցում: Հիշում եմ՝ իմ հետևից «դոդիկ» էին կանչում, ասում էին՝ էդ «ղզիկը» ոնց կարա գնա օլիմպիադայի»: Կամ էլ ասում էին՝ էս փուլը անցնի, հաջորդը հաստատ չի անցնի, քանի որ «դրան» տեղ չեն տա»,-պատճառների մասին այսքանն է ցանկանում հիշել Ադամը:

 

Իմ հարցին, թե արդյո՞ք ուսուցիչները չէին միջամտում, փոքր-ինչ լռելուց հետո պատասխանում է. «Այլասերված բառը առաջին անգամ «Եկեղեցու պատմության» ուսուցչից եմ լսել: Ահավոր քրիստոնյա էր, ազգապահպան: Ասում էր՝ բոլորը պետք է առաքելական եկեղեցու հետևորդ լինեն: Ով չի հավատում, «աղանդավոր» է, «այլասերված»: «Այլասերված» ասելով հենց ԼԳԲՏԻ անձանց նկատի ուներ: Իսկ մեր ֆիզկուլտի դասատուն մի անգամ ՄԻԱՎ-ի մասին խոսելիս ասաց, որ դա «գոմիկների» միջոցով տարածվող հիվանդություն է, դրա համար պետք է «դրանց» հետ չշփվել»:

Ադամը 15 տարեկանում թողնում է դպրոցը, տեղափոխվում է քոլեջում սովորելու, որտեղ իր սեռական կողմնորոշումը բացահայտվում է, երբ մի անգամ մոռանում է ԼԳԲՏԻ նշանով վզնոցը շորի տակ թաքցնել: Այդ «դեպքից» հետո կուրսի տղաների շրջանում սովորություն է ձևավորվում. նույնասեռական տղային վիրավորանքներով դիմավորում ու տուն են ճանապարհում, իսկ դասերի ժամանակ՝ ծաղրում: Վիրավորանքներին ու հայհոյանքներին ավելանում են հետապնդումներն ու ֆիզիկական բռնութունները, որոնք տարեցտարի շատանում են:

 

«Ամեն առավոտ քոլեջ մտնելիս ինձ ու ընտանիքիս ուղղված տարբեր ռեպլիկներ, ամենազզվելի բառերով վիրավորանքներ էի լսում: Ասում էին՝ «Արա՛, էլի էս «գոմիկն» էկավ: Հլը սրա հագածը, սրա շարժուձևն ու քայլելը … սկի աղջկեքը սենց չեն քայլում»: Դասերի ժամանակ տղաները նստում էին իմ հետևի նստարանին ու սկսում ինձ բզել, ծակել, թղթերի մեջ վիրավորական բառեր գրել ու շպրտել ինձ վրա, մեջքիս ինչ-որ բաներ նկարել: Իսկ տուն գնալիս հավաքվում էին ելքի դռան մոտ, հենց տեսնում էին՝ մոտիկանում եմ, մեկը ոտքը դնում էր շեմքի վրա, որ ընկնեմ… Մի անգամ ընկել եմ: Ծեծի դեպքեր էլ են եղել … մի քանի անգամ … քոլեջի հետևում: Դե մազերս, շորերս քոլեջի ասողների համար թեմա էին: Ասում էին՝ ոնց կարա տղան երկար մազեր ունենա»,-պատմում է Ադամը և ավելացնում, որ հատկապես ֆիզիկական բռնության դեպքերից հետո իրեն անապահով էր զգում։ Այդ պատճառով երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակից սկսած դասի չի գնացել, քոլեջն էլ դժվարությամբ է ավարտել:

 

«Հիշում եմ՝ դպրոցում երազում էի, թե երբ եմ ավարտելու դպրոցը: Նույնն էլ քոլեջում էր: Երազում էի, թե երբ եմ վերջապես ավարտելու, որ էլ չտեսնեմ էդ մարդկանց»,-այսպես է Ադամն ամփոփում մեր զրույցը:

 

Կարենը (անունը փոխված է) փոքր հասակից է զգացել, որ տղաներին է համակրում, բայց «նույնասեռական» տերմինը բացահայտել է 13 տարեկանում: «Համացանցով մի բլոգերի էի հետևում, ով Գերմանիայում էր ապրում և հաճախ էր խոսում իր սեռական կողմնորոշման մասին: Ես գիտեի, որ տղաներին եմ հավանում, պարզապես չգիտեի, թե ինչպես են իմ տեսակին անվանում: Էդպես ուղղակի իմացել եմ, որ ես նույնասեռական եմ»,- պատմում է Կարենը և ավելացնում, որ ինքը միշտ հաշտ է եղել իր հետ, մարդիկ էին անհաշտ իր ինքնության նկատմամբ:  

 

Խնդիրներ հենց մանկուց է ունեցել: Պատճառն էլ պարզ է: Ծնվել, մեծացել և դպրոց է հաճախել գյուղում՝ փակ հասարակությունում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են:

 

«Ոչ միայն իմ դասարանը, այլև ամբողջ 300 հոգանոց դպրոցը ինձ ճանաչում էր որպես ինչ-որ մի յուրահատուկ տեսակի, որը գոյություն ուներ»,- դպրոցական տարիները այսպես է հիշում Կարենը և փորձում պատճառները թվարկել. «Դե դպրոցում միշտ տարբերվել եմ տղաներից թե ֆիզիկապես, թե իմ խոսելու ու հագնվելու ձևով, ինչը արդեն մեծ խնդիր էր»:

 

«Ոչ ստանդարտ» տեսքի պատճառով Կարենը ոչ ուսուցիչների համակրանքին է արժանանում, ոչ էլ՝ դպրոցի տղաների. «Ֆիզկուլտի դասատուն էր միշտ նեղացնում, ինչ-որ անուններ էր կպցնում ինձ, վիրավորանքներ հնչեցնում: Ինձ անվանում էր «գոմիկ», «ղզիկ»: Տղաներն ինձ հետ չէին շփվում, ինձ նույնիսկ իրենց շրջապատ չէին ընդունում, շատ էին նեղացնում: Ինձ անվանում էին «գոմիկ» ու շատ վիրավորական բառեր, որոնք չեմ ուզում հիմա ասել»:

 

Հիշում է՝ կռիվներ շատ են եղել, քանի որ իրեն վիրավորում էին, ինքն էլ փորձում էր պաշտպանվել: Տուն գնալու ճանապարհին կամ դպրոցի հետևում տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքերի և ուսուցիչների անտարբերության մասին էլ է հիշում. «Դասատուները եթե տեսնեին, մեզ իրարից կբաժանեին, բայց երբեք չէին պաշտպանի ինձ: Երբեք չէին ասում, որ ես ճիշտ եմ: Բայց մյուսներին էլ չէին մեղադրում: Չէին ասում՝ դուք սխալ եք»:  

 

Դպրոցական տարիներին այսպես է ձևավորվել է իր «միայնակ մարդու» կերպարը: «Ինչո՞ւ միայնակ» հարցի հիմնավորումն էլ պարզ է: «Եթե ինչ-որ խնդիր էր լինում, ոչ մեկը իմ կողքին չէր կանգնում, չէր աջակցում»,-պատասխանում է Կարենը:

 

Վստահ է՝ ծնողները գիտեին իր սեռական կողմնորոշման մասին: Հարցնում էին, թե ինչ է կատարվում դպրոցում: Հասկանում էին, թե ինչն է պատճառը: Լինում էր՝ զանգում էին դպրոց, բայց «էդ դեպքերը» շարունակվել են դպրոցական ողջ ուսումնառության ընթացքում:

 

Ծնողներին բազմիցս խնդրել է փոխել իր դպրոցը: Ասում է՝ մոտակա քաղաքի դպրոցում սովորելու ընտրություն ուներ: Կարծում է՝ այդկերպ գոնե կխուսափեր ֆիզիկական բռնությունից, քանի որ քաղաքը մեծ էր, մարդիկ՝ շատ ու իրար չէին ճանաչում: Բայց ծնողները իր խնդրանքին ընդառաջ չեն գնացել, ասել են՝ «Քաղաքում հարմար չի, էստեղ՝ գյուղում, մեր ծանոթներն են»:

 

Իր դպրոցական առաջադիմության մասին պատմելիս նշում է, որ ընդունակ աշակերտ է եղել: Այժմ էլ գերազանց առաջադիմությամբ սովորում է բուհում: Բայց չի զարմանում, որ շատ ցածր գնահատականներով է դպրոցն ավարտել. «Պատճառը էն էր, որ ես անընդհատ, ամեն օր խտրականության էի բախվում: Անգամ եթե դասը լավ էի սովորում, ինձ բարձր չէին նշանակում դասատուները: Թեթև ատլետիկայի էի գնում և դասարանում ես էի ամենալավը վազում, բայց ֆիզկուլտի դասատուն ինձ միշտ ցածր էր նշանակում: Հետո՝ չեմ ունեցել ընկերների մեծ շրջանակ, ինձ հետ էրեխեքը փորձել են չշփվել»:

 

«Էդ դասերը, որ ես քաղել եմ դպրոցում ֆիզիկական բռնությունների, վիրավորանքների տեսքով, միշտ ինձ հետ են մնալու, մինչև կյանքիս վերջ, արդեն սպիացած են վերքի նման, չեն մոռացվելու, որովհետև արդեն իմ մասնիկն են դարձել»,-զրույցի ավարտին ասում է Կարենը և մի քանի վայրկյան լռելուց հետո ավելացնում. «Ես կարողացել եմ իմ ցավն ու իմ տարբերությունը էնպես օգտագործեմ, որ էդ փոսից դուրս գամ: Ոչ բոլորի մոտ է ստացվում: Ես կարողացել եմ դա անել անհատական ջանքերով: Դժվար էր, բայց ոչ անհնար…»:

Ցավոք, Հայաստանում դպրոցները ԼԳԲՏ երեխաների համար ապահով տարածք չեն: Նմանատիպ պատմությունները փաստում են, որ երեխաները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով խտրականության են ենթարկվում ինչպես դասընկերների, այնպես էլ ուսուցիչների կողմից, ինչը առաջ է բերում հոգեբանական բազում խնդիրներ, հանգեցնում է մեկուսացման և ցածր ինքնագնահատականի, խոչընդոտում է նրանց կրթության իրավունքի իրացմանը:

 

 

Նարե Հովհաննիսյան

 

Կարդացեք երկրորդ մասն ԱՅՍՏԵՂ

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: