«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՀՀ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ» ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՔԿՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2024թ․ հունիսի 20-21-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) կազմակերպել էր կրթատեղեկատվական դասընթաց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ոչ բժշկական անձնակազմի համար։

 

Դասընթացի նպատակն էր բարձրացնել ՀՀ ԱՆ ՔԿՀ ներկայացուցիչների իրազեկվածությունը և զարգացնել նրանց կարողությունները առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, ՄԻԱՎ-ի, ՏԲ-ի, հեպատիտների և այլ վարակների կանխարգելման և բուժման ոլորտներում, բարձրացնել նրանց զգայունությունը ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկված անձանց հետ աշխատանքի վերաբերյալ։

 

Դասընթացը մեկնարկեց ՆՍՀԿ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի համակարգող Արտյոմ Մովսեսյանի բացման խոսքերով, վերջինս ողջունեց և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ներկա գտնվելու համար՝ ընդգծելով դասընթացի կարևորությունը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում առողջապահական ծառայությունների խթանման հարցում։

 

Այնուհետև,  ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը ներկայացրեց «ՄԻԱՎ և ՁԻԱՀ. փոխանցման ուղիները, կանխարգելում և ՀՌՎ բուժում», «ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում (PrEP և PEP)», «Հեպատիտ B» թեմաները։

 

Ապա հաջորդեց «Սեռավարակներ կանխարգելում և բուժում» թեմայի ներկայացումը ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի սեռավարակների բաժանմունքի վարիչ Էմիլ Միրզոյանի կողմից։

 

 

Օրվա երկրորդ կեսը նվիրված էր «Տուբերկուլոզ Փոխանցման ուղիները, ախտանիշները և կանխարգելիչ միջոցները» և «Հեպատիտ C» թեմաներին, որոնք համապատասխանաբար ներկայացվեցին ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տուբերկուլոզի ազգային ծրագրի համակարգող/բժիշկ-ֆթիզիատոր Նաիրա Խաչատրյանի և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բժշկական կապերի գծով պատասխանատու Էմիլիա Ջամալյանի, նույն կազմակերպության առողջության խթանման պատասխանատու Շիրակ Քրուզյանի կողմից։

 

 

Դասընթացի երկրորդ օրը սկսվեց «Թմրամիջոցներ», «Մեթադոնային փոխարինող բուժում» թեմայի ներկայացումով  ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար Աննա Ասատրյանի կողմից։ Ապա փաստաբան, իրավական հարցերով փորձագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «Առողջության իրավունք. Առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը դատապարտյալների շրջանում» թեման, իսկ սոցիալական աշխատող Տաթևիկ Նալբանդյանը՝ «ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկված անձանց հետ աշխատանքի առանձնահակտությունները և զգայունությունը» թեման։

 

 

Դասընթացը անցավ բուռն քննարկումների և ակտիվ մասնակցության մթնոլորտում, ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։

 

Դասընթացը կազմակերպվել էր «Առողջապահական ծառայությունների հասանելիության խթանում Հայաստանի առանցքային բնակչության շրջանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։