ԼԳԲՏԻ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ. մաս2

Կարդացեք առաջին մասն ԱՅՍՏԵՂ

 

ԼԳԲՏԻ երեխաների նկատմամբ խտրականությունը՝ մարդու իրավունքների և սեռական կրթության թերի կազմակերպման հետևանք․

 

Դպրոցներում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքը, ատելությունը և բռնության դեպքերը ինչպես կրթական, այնպես էլ իրավական բացերի հետևանք են:

 

Մարդու իրավունքների կրթության փորձագետ Գոհարիկ Տիգրանյանի դիտարկմամբ՝ դպրոցը տարիներ շարունակ քաղաքացի կրթելու իր պարտականությունը չի կատարել: Երեխաների մեջ քաղաքացիական և իրավական գիտակցություն արթնացնելու խնդիրը քաղաքացիական հասարակությունն է իրականացրել այն դեպքում, երբ դա պետության պարտականությունն է:

 

Մարդու իրավունքների կրթությունը դպրոցական ծրագրերում ներառվել է դեռևս 90-ականներին: Նախ «Մարդու իրավունքներ» է կոչվել, հետո՝ «Պետություն և իրավունք», որին 2007 թվականին փոխարինել է «Հասարակագիտություն» առարկան:  

 

«Առարկան պետք է ամբողջությամբ միտված լիներ հանդուրժողականության և հավասարության ձևավորմանը, նպաստեր խտրականության վերացմանը, անհատի՝ որպես քաղաքացու ձևավորմանը և հասարակություն մտնելու բոլոր հմտությունների զարգացմանը: Սակայն առարկայի ուսուցումը գործնականում չի ծառայում իր նպատակային նշանակությանը»,-նշում է Գ. Տիգրանյանը և առանձնացնում պատճառները:

 

Որպես այդպիսին՝ Հայաստանում «Հասարակագիտության» մանկավարժներ չկան: Դպրոցներում «Պատմություն», «Եկեղեցու պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա» և այլ առարկաների ուսուցիչներն են դասավանդում այդ առարկան: Գործնականում լինում են դեպքեր, երբ նրանք «Հասարակագիտության» փոխարեն նախընտրում են  իրենց առարկան պարապել, բայց մատյանի մեջ լրացնում են, որ «Հասարակագիտություն» են դասավանդել:

 

Երևանի պետական մանկավարժական համալսարանում 2015-2016 թվականներից է սկսել «Հասարակագիտություն» բաժինը գործել՝ բակալավրի աստիճան ունեցող համապատասխան մանկավարժների պատրաստելու համար: Սակայն դպրոցներում առարկային հատկացված դասաժամերը քիչ են: Միջին դպրոցում 2 դասաժամ է հատկացված, ավագում՝ 1:

 

«Կես դրույքով ուսուցիչ աշխատելը ինչպե՞ս պետք է մոտիվացնի նորավարտ մասնագետներին՝ դպրոցներում «Հասարակագիտության» դասավանդելու համար»,-զարմանում է զրուցակիցս:

 

Գ. Տիգրանյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց է նաև այն, որ առարկայի շրջանակներում մարդու իրավունքների կրթության շարունակականությունը չի ապահովվում: Երեխաները 9-րդ դասարանում անցնում են «Իրավունք», 10-րդ դասարանում կապը կտրվում է, 11-րդ դասարանում անցնում են «Իրավագիտություն»: 9-րդ դասարանում թեմաներն փոքր-ինչ հանրամատչելի ձևով են ներկայացված, գործնական առաջադրանքներ են ներառված, սակայն 11-րդ դասարանում չոր իրավաբանություն է մատուցվում երեխաներին։ Ընդ որում, դասագրքում բառաարաններ չկան, և տերմինները չեն բացատրվում: Մասնագիտական գրքերից վերցրած այդ բարդ տեքստերը նույնիսկ առարկան դասավանդող ուսուցիչների կողմից չեն ընկալվում, քանի որ նրանց վերապատրաստումները պատշաճ ձևով չեն կազմակերպվում:  

 

«Դասագիրքը այն առաջին օղակն է, որը կրթում է երեխաներին: Եթե ձևակերպումները բարդ են, բնականաբար դժվար է ընկալվում կամ չի ընկալվում այն գիտելիքը, որը պետք է փոխանցվի երեխաներին: Ավելին, մարդու իրավունքների հիմքում դրված արժեհամակարգը՝ արժանապատվություն, հավասարություն, հակախտրականություն, չի ներկայացվում, իսկ նյութի մատուցումը արհեստական է։ Միգուցե երախաները տեսականորեն սովորում են, թե որոնք են համակեցության կանոնները, սակայն գործնականում չեն ընկալում, որ մարդու իրավունքները հենց այդ համակեցության կանոններն են՝ իրավական դաշտում տրված: Իրավունք-կարիք համադրությունը ևս չի ներայացվում կամ բացատրվում: Եվ որ ամենացավալին է, առարկայի կարևորությունը չի ընկալվում: Այն ներկայացվում է որպես երկրորդային, երրորդային նշանակության առարկա: Կարծում եմ՝ զարմանալի չէ, թե ինչու է անհատ կամ քաղաքացի ձևավորվելիս իրավական կրթություն մասը մնում բաց կամ թերի»,-մտահոգված է փորձագետը:

 

Կրթության կարևոր մասն են կազմում նաև սեռական կրթությունը և սեռական դաստիարակությունը: Սեռական կրթությունը ճշգրիտ տեղեկատվություն է հաղորդում սեռականության, սեռական առողջության և վերարտադրողականության մասին՝ համապատասխանեցված տարիքին և հարմարեցված մշակութային առանձնահատկություններին։ Ճշգրիտ տեղեկատվությունից բացի այն նաև փոխանցում է մի շարք կարևոր արժեքներ՝ սեր, հոգատարություն, փոխհամաձայնություն, մարմնի անձեռնմխելիություն, կյանքի տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ:

 

Բազմաթիվ երկրներ որդեգրել են սեռակրթության համապարփակ մոտեցումը, որը ոչ միայն տեղեկատվությունը, այլև այդ արժեքներն է փոխանցում, ինչը շատ կարևոր է անձի զարգացման և առողջ փոխհարաբերություններ ստեղծելու տեսանկյունից: Այդ մոտեցմամբ դասավանդումը սովորեցնում է, թե ինչ կարևոր արժեքներ կան, և կյանքի տարբեր իրավիճակներում անձը ինչպես կարող ես ճիշտ կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել:

 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշները հստակ կերպով նշում են, թե երեխաները որ տարիքում ինչ ինֆորմացիա պետք է իմանան: Օրինակ՝ 11-12 տարեկանում պիտի արդեն իմանան, թե ինչ է սեռական կողմնորոշումը, ինչ է գենդերային ինքնությունը, որոնք ներկայացված չեն որպես հիվանդություն: Ապացուցված փաստ է. այն երկրներում, որտեղ կա սեռական կրթությունը, այդ երկրներում ավելի քիչ են անցանկալի հղիությունները, ավելի քիչ թիվ են կազմում սեռավարակները և սեռական բռնության դեպքերը»,-նշում է հոգեբան, սեռական և վերարտադրողական առողջության փորձագետ Անուշ Պողոսյանը:

 

Ա. Պողոսյանի դիտարկմամբ՝ մտահոգիչ է այն փաստը, որ Հայաստանում երբևիցե երեխաների սեռական կրթությունը չի կազմակերպվել: 2008 թվականից սկսած պիլոտային ձևով գործարկվել են «Առողջ ապրելակերպ» դասաժամերը, որոնք ներառվել են «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի մեջ: Այսինքն՝ ան առանձին առարկա չէր, պարզապես դասաժամեր էին, որոնք 8-11-րդ դասարաններում կցվեցին «Ֆիզկուլտուրա» առարկային:

 

Հունվար և փետրվար ամիսներին եղանակի ցուրտ լինելու պատճառով երեխաները չէին կարող մարմնամարզությամբ զբաղվել: Այդ պատճառով նպատակահարմար համարեցին «Ֆիզիկական կուլտուրայի» այդ դասաժամերը փոխարինել «Առողջ ապրելակերպի» թեմաներով, որոնք ընդհանուր 14 դասաժամ էին կազմում: Վերարտադրողական առողջությանը հատկացվեց 7 դասաժամ: Մնացած 7 դասաժամերի ընթացքում հիմնականում խոսվում էր ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի վնասակար ազդեցությունների մասին:

 

«Մենք նման իրավիճակում ընդհանրապես չենք կարող խոսել սեռական կրթության, առավել ևս՝ համապարփակ սեռակրթության մասին: Նախ՝ այդ թեմաները դասավանդում են «Ֆիզկուլտուրայի» ուսուցիչները, ովքեր թեմայի մասնագետ չեն, վերապատրաստումներն էլ ուշ-ուշ են իրականացվում: Սա արդեն իսկ լուրջ խնդիր է: Գործնականում արձանագրվում են դեպքեր, երբ «Ֆիզկուլտուրայի» ուսուցիչը պատրաստ չի լինում խոսել սեռական կրթությանը վերաբերող թեմաներից, աշակերտներն էլ իրենց հերթին են կաշկանդվում: Հետևանքը լինում է այն, որ վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաները «թռնում են»: Այսինքն՝ այդ գիտելիքը՝ որպես դպրոցական կրթության մաս, չի կարևորվում, անգամ առանձին չի գնահատվում: Հետո՝ սեռական կրթությանը և վերտադրողականությանը վերաբերող թեմաները կիսատ են և ոչ ամբողջական այն դեպքում, երբ, օրինակ, շատ մանրամասնությամբ խոսվում է սեռավարակների մասին: Ինչքանո՞վ է արդարացված երեխաներին այդ տարիքում այդ խորությամբ բացատրել սիֆիլիսի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին»,-նկատում է Ա. Պողոսյանը:

 

«Առողջ ապրելակերպի» ձեռնարկները վերջին անգամ փոփոխվել են մոտ 2 տարի առաջ: Թեև փոփոխությունները հիմնված չէին համապարփակ սեռակրթության վրա, բայց փորձագետի կարծիքով դրական միտում արձանագրեցին, օրինակ՝ ներառեցին թեմաներ սեռահասունացման և հակաբեղմնավորման մեթոդների մասին, սակայն դասավանդողները դարձյալ  «Ֆիզիկական կուլտուրա» ուսուցիչներն էին:

 

«Մենք երեխաների սեռական կրթության և դաստիարակության հարցում կարող ենք հաջողության հասնել միայն այն դեպքում, եթե այն առանձին առարկայի ձևով ներմուծվի դպրոցական ծրագրերի մեջ և դասավանդվի վերապատրաստված մասնագետի կողմից»,-ամփոփում է Անուշ Պողոսյանը:

 

Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության ենթարկվող անձինք չունեն իրավական պաշտպանության միջոց․

 

Դպրոցներում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքը, ատելությունը և բռնության դեպքերը խոչընդոտում են ԼԳԲՏԻ երեխաների կրթության իրավունքի իրացմանը, սակայն ՀՀ ներպետական օրենսդրությունը անհրաժեշտ պաշտպանություն չի ապահովում՝ իրավական մեխանիզմների բացակայության պատճառով:

 

«Մեր կազմակերպությունը նման դեպք ունեցել է։ Երեխան չի ցանկացել դպրոց հաճախել, քանի որ իր սեռական կողմնորոշումը բացահայտվել է, ինչի հետևանքով ենթարկվել է խտրականության: Սակայն այս և նմանատիպ որոշ դեպքերի կազմակերպությունը ընթացք չի տվել, քանի որ նրանք չեն ցանկացել: Վախեցել են կրկնակի խտրականության ենթարկվելուց: Լուծումը այն է եղել, որ երեխաները պարզապես դպրոցը փոխել են»,-մանրամասնում է «Նոր Սերունդ» Մարդասիրական հկ-ի իրավաբան Շուշան Խնկոյանը։

 

2018 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը դեռևս շրջանառության մեջ է և չի ընդունվել: Իրավաբանի դիտարկմամբ՝ այն չի համապատասխանում հակախտրական օրենսդրության միջազգային չափանիշներին, քանի որ նախագծում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը ներառված չեն խտրականության արգելքով պաշտպանված հիմքերի մեջ:

 

Պնդմանը, թե ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենսդրությունը պարունակում են խտրականությունը արգելող դրույթներ, Շուշանը հակադարձում է. «Այդ դրույթները սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով իրավական պաշտպանության մեխանիզմներ չեն ապահովում: Եթե, օրինակ, անձը բռնության է ենթարկվում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով, պաշտպանության որևէ միջոցի կարող է դիմել միայն բռնության ենթարկվելու փաստով»:

 

Այստեղ կարևոր է նշել այն հանգամանքը, որ մինչև տասնվեց տարեկան տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս մասնակցի օրինական շահերը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում են նրա օրինական ներկայացուցիչները՝ ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները: Այս պայմաններում իրավական պաշտպանության առումով կրկին խնդիրներ են առաջանում, քանի որ շատ հաճախ անչափաասները չեն ցանկանում իրենց ծնողներին հայտնել իրենց սեռական կողմնորոշման մասին՝ հնարավոր ընտանեկան բռնությունից խուսափելու համար։

 

Նարե Հովհաննիսյան

 

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: