ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ LIFE-14 ԱՐՏԱԳՆԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ

2020 թվականի սեպտեմբերի 3-5-ը տեղի ունեցավ «Խտրականության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-14 արտագնա դասընթացը, որը այս անգամ նախատեսված էր ԿՍԿ սկսնակ ակտիվիստների համար:

 

ԼԱՅՖ-14 արտագնա դասընթացի նպատակն է ԿՍԿ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ակտիվիզմի և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին:

Արտագնա դասընթացին միացրել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա իր ուրախությունը հայտնեց` մասնակիցների ակտիվությունը տեսնելով, ինչպես նաև ներկայացրեց կազմակերպության պատմությունը, գործունեության ոլորտները և առաջնահերթությունները։

 

 

 

 

 

 

Դասընթացի առաջին օրվա առաջին մասը նվիրված էր «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները, ՄԻԵԴ» թեմային, որը ներկայացրեց իրավաբան, դասընթացավար Սիրակ Եղիազարյանը՝  խոսելով մարդու իրավունքներ հասկացությունից, մարդու իրավունքները տարբեր ժամանակահատվածներում, մարդու իրավունքների սերունդները, պաշտպանության ներպետական և միջազգային համակարգերը։ Դասընթացի ավարտին ներկայացվեցին մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ դիմելու ընթացակարգը։ 

 

 

Օրը շարունակվեց «Խարանի և խտրականության արգելք» թեմայով, որի շրջանակներում իրավաբան, դասընթացավար Լուսինե Գասպարյանը ներկայացրեց խտրականության սահմանումը, խտրականության տեսակներն ու հիմքերը, խտրական տերմինները և դրանց անխտրական տարբերակները։

 

 

 

 

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան «Առաջնորդություն և ակտիվիզմ» թեմային։ Դասընթացավար-փորձագետ Հմայակ Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց առաջնորդություն հասկացությունը, առաջնորդության բնութագիրը, առաջնորդի հատկանիշները, ինչպես նաև տեսակները։ Ներկայացվեց նաև ակտիվիզմի պատմությունը, տարբեր շարժումների նախադեպերը և ակտիվիստների կարևորությունը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Փորձագետը խոսեց նաև Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աշխատանքներին և որոշումների կայացման գործընթացում համայնքների ներգրավվածության կարևորությանը։

Մասնակիցների հետ հանդիպելու համար դասընթացին մասնակցելու էր հրավիրվել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Գլոբալ ծրագրերի մոնիթրինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան։ Նա անդրադարձավ «ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին», խոսեց ՄԻԱՎ վարակի մասին, ինչպես նաև լսեց մասնակիցների բարձրաձայնած խնդիրները։

 

 

 

Դասընթացի երրորդ օրը շարունակվեց իրավական թեմաներով։ Փորձագետներ Արա Ղարագյոզյանը և Արման Ղարիբյանը հաջորդաբար ներկայացրին «Խոշտանգում» և «Խոսքի ազատություն ընդդեմ ատելության խոսքի» թեմաները, որոնց շրջանակներում դասընթացավարները ներկայացրին խոսքի ազատության, ատելության խոսքի, խոշտանգումների սահամանումները, իրավական կարգավորումները։

 

 

 

«Խտրականության դեմ պայքար Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։