Տրանս կանանց կյանքը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, բոլորն ունեն հավասար իրավունքներ`այսպես է նշված ՀՀ սահմանադրության երրորդ հոդվածում: Ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Հայաստանում կան խոցելի խմբեր, որոնց իրավունքները խախտվում են, օրինակ` սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով։

 

27-ամյա Քրիստինայի (անունը փոխված է) տրանսգենդեր լինելու մասին ընտանիքում իմացան, երբ նա 15 տարեկան էր. «Ինձ 14 օր մեկուսարանում են պահել, մտածել են, որ երեխա է`կփոխվի: Այդ ժամանակ համոզեցի, որ տեղեկությունը սուտ է, որպեսզի դուրս գամ մեկուսարանից»: Այս դեպքից հետո Քրիստինան փախել է տնից ու այլևս չի վերադարձել։ Այժմ Քրիստինան զբաղվում է սեքս աշխատանքով. «Գենդերային ինքնությամբ պայմանավորված այլ աշխատանք չեմ կարողանում գտնել, գործատուները հրաժարվում են աշխատել ինձ հետ»: 

 

Փաստաբան Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ թեև աշխատանքային օրենսգրքում խտրականության արգելքի մասին հոդված կա, բայց և այնպես չի գործում. «Գործատուին պատասխանատվության ենթարկել չենք կարող, քանի որ նրանք, իմանալով, որ տրանսգենդեր անձի հետ գործ ունեն, ազատման դիմումի մեջ ուրիշ հիմք են նշում»: Քրիստինայի խոսքով՝ Հայաստանում իրենց ճակատին դաջված է ենթարկվել բռնության, խարանի ու խտրականության. «Վերջերս երկու հոգի իմ կամքին հակառակ սեռական բռնություն են գործադրել իմ նկատմամբ, ու, երբ զանգեցի ոստիկանություն, արձագանք չստացա: Հետո գնացի ոստիկանություն, բողոքեցի կատարվածի մասին, բայց դարձյալ, ինչպես միշտ, գործը կարճվեց. պատճառն այն է, որ ես տրանս անձ եմ»: 

 

21-ամյա տրանսգենդեր Նորայի խոսքով՝ վերջին անգամ բռնության է ենթարկվել 2019 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Հելոուինի տոնի ժամանակ. «Ընկերներով դուրս էինք եկել փողոց` այդ տոնը նշելու, մի քանի հոմոֆոբներ հարձակվեցին մեզ վրա`պատճառաբանելով, որ մենք տրանս անձինք ենք»: Նորայի խոսքով, այս դեպքից հետո դիմել են ոստիկանություն, բայց ոչ մի արձագանք չի եղել: Փաստաբանը նշում է, որ նման դեպքերում ոստիկանությունում, երբ տեսնում են տրանս անձ է իրենց դիմողը, գործին ընթացք չեն տալիս, կարճում են գործը՝ նշելով, որ բավարար հիմքեր չկան գործ հարուցելու համար:

 

Մեր հարցմանն ի պատասխան, այն մասին, թե  վերջին մեկ տարվա կտրվածքով քանի քրեական գործ է հարուցվել տրանսգենդեր անձանց նկատմամբ և քանիսն են դրանցից կարճվել՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը նշել է, որ ՀՀ ոստիկանությունում տրանսգենդեր անձանց նկատմամբ և նրանց կողմից հանցագործությունների վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում:

 

Հայաստանում տրանսգենդեր անձինք օրենսդրորեն լիարժեք պաշտպանված չեն, քանզի չկա խտրականության վերաբերյալ առանձին օրենք, որտեղ նշված կլինի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության արգելքի մասին: Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության ենթարկված անձինք կարող են դիմել իրավական պաշտպանության հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, որը սահմանում է խտրականության արգելքը անկախ անձնական և սոցիալական բնույթի հանգամանքներից:

 

Տրանսգենդեր Նորան նշում է, որ ընտանիքի կողմից ենթարկվել է հոգեբանական, ֆիզիկական և տնտեսական բռնության, 18 տարին լրանալուն պես փախել է տնից. «Նախկինում շատ էի նեղվում այն փաստից, որ հասարակությունը կարող է չընդունել ինձ: Երբ դադարում ես հասարակության լիիրավ անդամ լինել հոգեբանորեն դժվար է հարմարվել դրան»: 

 

Նշենք նաև, որ 2019 թվականի մայիսի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատած հիվանդությունների միջազգային դասակարգչի 11-րդ վերանայմամբ գենդերային անհարմարությունը հանվել է հոգեկան խանգարումների շարքից՝ տեղափոխվելով սեռական առողջության բաժին։ 

 

 Փաստաբան Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանում տրանս անձինք չեն կարող կատարել սեռափոխության վիրահատություն` օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով: Վերջիններս խնդիրների են հանդիպում նաև փաստաթղթերում փոփոխություն կատարելու գործընթացում: Օրինակ` հնարավոր է անձնագրում փոխել անունը, ազգանունը, նկարը, սակայն ոչ սեռը: Սեռի վերաբերյալ նշումը հնարավոր է փոխել միայն, երբ բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձևի փաստաթուղթ: Սակայն, ինչպես արդեն նշվեց, Հայաստանի Հանրապետությունում սեռափոխության վիրահատություններ չեն իրականացվում:

 

Այդուհանդերձ հարցված տրանս կանանց խոսքով, Հայաստանում տրանսգենդերները շարունակում են մնալ հասարակության կողմից անընդունելի: Թիրախային խմբերը բազմիցս հակասություններ են ունենում հասարակության տարբեր շերտերի հետ, ինչը կարող է ունենալ իր լավ կամ վատ հետևանքը, բայց, ամեն դեպքում, օրենքը պետք է լինի գերակա և հավասար բոլորի համար:

 

 

Անհրաժեշտ հասկացություններ/ հապավումներ

 

 

ԼԳԲՏ — Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր

Տրանսգենդեր-Մարդ, ում հոգեսոցիալական սեռը չի համընկնում ծննդյան պահին վերագրված սեռին:

Հոմոֆոբ-Նույնասեռական անձի նկատմամբ ատելություն ունեցող մարդ:

Հետերոսեքսուալ-Մարդ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն, ինչպես նաև ինտիմ և սեռական հարաբերություններ և/կամ հարաբերությունների ցանկություն ունի հակառակ սեռի անձանց նկատմամբ։

 

 

 Շուշանիկ Միսկարյան

 

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի տեսակետները: