ՆՍՀԿ ձեռքբերումները սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման ոլորտում

2019 թվականից, Սեքս աշխատանքի և սեքս աշխատողներին ուղղված ծրագրերի համաշխարհային ցանցի (NSWP) նախաձեռնությամբ, ամեն տարի սեպտեմբերի 14-ին նշվում է Սեքս աշխատողների հպարտության օրը՝ որպես նշանակալից իրադարձություն սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության շարժման համար։ 

 

Այս օրվա նպատակն է նշել սեքս աշխատողների (ՍԱ) ինքնորոշման իրավունքը և նպաստել նրանց տեսանելիության մեծացմանը։ Այն միտված է նաև խոսելու սեքս աշխատողների հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ձեռքբերումներից, սեռական ծառայություններ մատուցողների և մարգինալացված այլ խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացից, առկա խնդիրներից և հետագա անելիքներից: 

 

Սեքս աշխատողների իրավունքներին նվիրված մյուս երեք միջազգային օրերը, որոնք նշվում են ամեն տարի՝ մարտի 3-ին(Սեքս աշխատողների իրավունքների միջազգային օր), հունիսի 2-ին (Սեքս աշխատողների միջազգային օր) և դեկտեմբերի 17-ին (Սեքս աշխատողների նկատմամբ բռնությանը վերջ դնելու միջազգային օր) ուշադրություն են հրավիրում սեքս աշխատողների աշխատանքային իրավունքներին, արդարադատության հասանելիությանը և սեքս աշխատողների նկատմամբ բռնությանը հակազդելու կարևորությունը:

 

 Սեռական ծառայություն մատուցող անձինք բազմաթիվ մարտահրավերների են հանդիպում առօրյա կյանքում: Նրանք խտրականացվում են, խարանվում և հաճախ զրկվում իրենց իրավունքների իրականացման հնարավորությունից: Նրանց ձայնը հաճախ անտեսվում է, բայց նրանք երբեք չեն դադարում պայքարել իրենց իրավունքների համար: Սեքս աշխատողների իրավունքների շարժումը ամբողջ աշխարհում մեծ թափ է հավաքում և, ծառայելով իր բազմազան և հզոր համայնքի իրավունքների պաշտպանությանը, չի ընկրկի իր առջև ծառացած դժվարություներից։ 

 

Սեքս աշխատողների հպարտության օրը վերաբերում է խտրականությունից, խարանից և քրեականացումից տուժած և մարգինալացված բոլոր համայնքներին և նշում է բազմազանությունը սեքս աշխատողների համայնքում։ 

 

Սեքս աշխատողների հպարտության օրը ևս մեկ առիթ է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի համար՝ կիսելու սեռական ծառայություն մատուցող անձանց իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման ոլորտում ունեցած ձեռքբերումները։ 

 

2021թ․-ին ՆՍՀԿ-ն շարունակել է իր գործունեությունը 4 ռազմավարական ուղղությունների շրջանակներում՝  

 

  • Մարդու իրավունքների և շահերի պաշտպանություն, 
  • Առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, 
  • Կարողությունների զարգացում և հզորացում 
  • Մարդասիրական աջակցություն 

 

 

Հետևաբար, ՀԿ-ն շահառուներին տրամադրել է իրավական աջակցություն, ապահովել դատական ներկայացուցչություն, իրականացրել կարիքների գնահատումներ, իրավախախտումների փաստագրում և զեկույցների կազմում, տրամադրել ՄԻԱՎ-ի և առնչվող այլ առողջապահական ծառայություններ, ուղղորդում՝ ՍՃՓՎ-ների նկատմամբ հետազոտության և բուժման, ՄԻԱՎ-ի նախա- և հետ-կոնտակտային կանխարգելման դեղամիջոցների ստացման համար, տրամադրել է COVID-19-ի կանխարգելիչ նյութեր, սոցիալական աջակցություն՝ սննդի փաթեթների, ժամանակավոր և ֆինանսական աջակցության տեսքով։

 

2018 թվականի օգոստոսից ՀԿ-ն իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր Հայաստանում սեքս աշխատողների շրջանում ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսական աջակցությամբ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջոցներով՝ համագործակցելով ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ՓԲԸ-ի հետ։

2021 թվականին 3893 ԿՍԿ-ի տրամադրվել են ՄԻԱՎ-ի կանխարգելման և առնչվող առողջապահական ծառայություններ, ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելման նյութեր (պահպանակներ), COVID-19-ի կանխարգելման նյութեր (դիմակներ և ալկոգելներ) և կրթատեղեկատվական նյութեր (բուկլետներ, թռուցիկներ), ՍՃՓՎ-ների հետազոտության և բուժման ուղեգրեր, ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման ծառայություններ։ Թեստավորումների արդյունքում 23 անձինք ստացել են նախնական ՄԻԱՎ դրական ախտորոշում և ուղղորդվել են ԻՀԱԿ՝ կարգավիճակի հաստատման, խնամքի և բուժման ծառայություններում ընդգրկվելու համար: 

2021թ․-ի ընթացքում ՆՍՀԿ-ի կողմից սեռական ծառայություն մատուցող անձանց տրամադրվել է 119 իրավախորհրդատվություն։ Նրանք աջակցություն են ստացել համապատասխան պետական և իրավապահ մարմիններին ուղղված հայցադիմումների, բողոքների և պահանջների կազմման և ներկայացման հարցում, ինչպես նաև շահառուներին աջակցություն է ցուցաբերվել ոստիկանության հետ առնչվելիս, հաղորդումներ ներկայացնելու և դատական ներկայացուցչության հարցերում: Օրինակ՝ սեռական ծառայություններ մատուցող տրանս* անձի նկատմամբ մահափորձի դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, որի արդյունքում դատարանը հանցագործին մեղավոր է ճանաչել։ Շահառուի աշխատանքային իրավունքի խախտման վերաբերյալ ՀԿ-ի բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, և գործատուն տուգանվել է խախտման համար։ 

 

ՆՍՀԿ-ի ռազմավարական նպատակներից է սոցիալական աջակցության տրամադրումը սոցիալապես անապահով վիճակում հայտնված շահառուներին: Տվյալ աջակցության տրամադրման համար ՀԿ-ն  ունի բարեգործությունների համար նախատեսված հաշվեհամար (2050142002111005 ՀՀ դրամով), որին ՀԿ-ի անձնակազմի, տեղական և միջազգային բարերարների կողմից կատարված նվիրատվությունների շնորհիվ սննդի փաթեթներ, ժամանակավոր ապաստարաններ և այլ անհրաժեշտ աջակցություն է տրամադրվում ՆՍՀԿ շահառուներին։ 2021թ․-ի ընթացքում ՆՍՀԿ-ի կողմից իրականացվել են նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել սոցիալական աջակցություն տրամադրելուն այն խոցելի խմբերին, որոնք ենթարկվել են խարանի, խտրականության, բռնության և խոշտանգումների, COVID-19-ի համավարակի հետևանքներով պայմանավորված՝ մնացել են առանց ապաստարանի և ընտանիքի աջակցության, կորցրել են աշխատանքը և չեն ունեցել այլ ֆինանսական եկամուտ։

 

2021 թվականին ավելի քան 120 սեքս աշխատողի տրամադրվել է սոցիալական աջակցություն, այդ թվում՝ սննդի փաթեթներ և COVID-19-ի կանխարգելիչ նյութեր՝  դիմակներ, ախտահանիչներ։ Ժամանակավոր կացարան է տրամադրվել 12 ՍԱ-ի, որոնք խարանի և խտրականության, ինչպես նաև համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով մնացել են առանց ապաստարանի, ապրուստի միջոցների և եկամտի աղբյուրի։  Սեքս աշխատողներին և ՀԿ-ի այլ շահառու խմբերին սոցիալական աջակցության տրամադրումը շարունակվում է նաև 2022 թվականին։ 

2021-2022 թթ․ ՆՍՀԿ-ն կազմակերպել է նաև ՍԱ համայնքի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը և հզորացմանն ուղղված տարբեր միջոցառումներ և դասընթացներ, ինչպես նաև առցանց մեդիա/ֆոտոարշավներ՝ նվիրված Հայաստանում մարդու իրավունքների և սեքս աշխատողների արժանապատվության պաշտպանությանը.

 

  • 2021 թվականի օգոստոսի 3-6-ը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հրավերով Գերմանիայից Երևան ժամանած Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) առողջության հարցերով փորձագետ, բժիշկ-վարակաբան Նիկոլայ Լունչենկովը անցկացրեց աշխատանքային հանդիպումներ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) վերաբերյալ ՆԿԿ-ի պլանավորման և իրականացման աշխատանքներում ներգրավված շահագրգիռ կողմերի, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ոլորտի բուժաշխատողների, ինչպես նաև ՏՍՏ-ներին, ՍԱ-ներին և տրանս անձանց՝ ՄԻԱՎ-ին առնչվող ծառայություններ տրամադրող աութրիչ աշխատողների համար։ 

 

 

 

Սեքս աշխատանքը պետք է ճանաչվի որպես արժանապատիվ աշխատանք Հայաստանում, և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնելու է սեքս աշխատանքի օրինականացմանը, իրավական խոչընդոտների վերացմանը, սեքս աշխատողների համար առողջապահական և այլ հիմնական ծառայությունների հասանելիության ապահովմանն ուղղված շարունակական շահերի պաշտպանություն՝ միաժամանակ հզորացնելով հայաստանյան սեքս աշխատողների համայնքը, զարգացնելով վերջիններիս առաջնորդական հմտությունները, նպաստելով համայնքի կողմից իրենց իրավունքների, առկա խնդիրների և խոչընդոտների մասին բարձրաձայնմանը և պահանջատեր լինելուն։