ԿՈՄԵՐՑԻՈՆ ՍԵՌԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿՆՈՋԻՑ ՈՍՏԻԿԱՆԸ ԳՈՒՄԱՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ

2021թ-ի օգոստոսի 2-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող Լ․Ն․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ գիշերը  իրեն է մոտեցել քաղաքացիական հագուստով մի մարդ ով ներկայացել է որպես  ոստիկանության աշխատակից և պահանջել Լ․Ն․-ից գումար և  սպառնացել է, որ եթե վերջինս չտա պահանջվող գումարը, ապա նա կարգելի Լ․Ն-ին սեռական ծառայություններ մատուցել և բերման կենթարկի ոստիկանություն։ Լ․Ն-ն պահանջել է ներկայանալ։ Ոստիկանը ներկայացել և ցուցադրել է իր վկայականը, որից հետո շարունակել է պահանջներ ներկայացնել։  

Լ․Ն-ն այդ պահին հեռախոսազանգի միջոցով կապվել է ՆՍՀԿ իրավաբանի հետ, որը վերջինիս տրամադրել է խորհրդատվություն։ Դրանից հետո ոստիկանը հեռացել է։ 

Գործը գտնվում է ՆՍՀԿ իրավաբանների և փաստաբանների հսկողության ներքո։  

  

Պարզաբանում  

ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 308 

Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։