ՏՐԱՆՍ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԸ

2022 թ.-ի հունիսի 18-ի գիշերը, լույս 19-ի առավոտյան ժամը մոտ 02։00-ի  սահմաններում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) թեժ գծին է զանգահարել տրանս* անձ Մ․Ք․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ Զաքյան փողոցում մի քանի տղա մոտեցել են իրեն և իր ընկերներին ու պահանջել հեռանալ տարածքից։ Մ․Ք․-ն և իր ընկերները հրաժարվել են հեռանալ և այդ անձինք հարձակվել են նրանց վրա և ծեծի ենթարկել։ Ծեծի հետևանքով Մ․Ք․-ն և իր ընկերները մարմնական վնասվածքներ են ստացել։ Մ․Ք․-ն ահազանգել է ոստիկանություն։ Մոտ կես ժամ անց ոստիկանները ժամանել են դեպքի վայր և Մ․Ք․-ին ու իր ընկերներին ծեծի ենթարկած անձանց բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին։  

Բաժնում տուժողներից մեկի  ինքնազգացողության վատացման պատճառով  ահազանգել է շտապբուժօգնություն։ 

 

«Վերջին ժամանակահատվածում տրանս* անձանց նկատմամբ դրսևորվող բնռությունները ապացույցն են այն բանի, որ պետությունը չի իրականացնում իր պոզիտիվ պարտականությունը մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»- նշում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խտորեն դատապարտում է շարունակական բռնությունը անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով և կոչ է անում 

  • Իրավապահ մարմիններին՝ քայլեր ձեռնարկել մեղավորներին  քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ 
  • ՀՀ Կառավարությանը և ԱԺ-ին՝ գործուն քայլեր ձեռնարկել խտրականության դեմ պայքարի օրենքի ընդունման ուղղությամբ։