«24 TV» ՅՈՒԹՈՒԲՅԱՆ ԱԼԻՔԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀՀ ԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

2022 թվականի մարտի 2-ին ՆՍՀԿ-ն գրավոր դիմել է «24 Նյուզ» ՍՊԸ-ին՝ խնդրելով «24 TV» յութուբյան պաշտոնական ալիքից անհապաղ հեռացնել «Համասեռամոլների արկածները ոստիկանության բաժնում» վերտառությամբ տեսանյութը։ Տեսանյութը լրատվամիջոցին տրամադրել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։  

Տեսանյությում ցուցադրվում են ենթադրյալ հանցագործության  մեջ մեղադրվող անձանց դեմքերը, որով խախտվում  է վերջիններիս Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավունքներ։   

«24 Նյուզ» ՍՊԸ-ին գրությունն ուղարկվել էր ինչպես փոստային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով։ Այնուամենայնիվ,  ՍՊԸ-ին պատկանող «24 TV» յութուբյան պաշտոնական ալիքից չի հեռացվել տեսանյութը։  

Կազմակերպերպությունը 2022թ-ի մայիսի 11-ի գրությամբ դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ խնդրելով  հանձնարարել ձեռնարկել համապատասխան գործողություններ տեսանյութը հեռացնելու նպատակով։  

2022 թ-ի հունիսի 16-ին  ՄԻՊ-ի գրասենյակից գրավոր տեղեկացրել են, որ որոշում է կայացվել բողոքը փոխանցել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ միաժամանակ հանձնարարելով հետամուտ լինել հարցի քննարկման ընթացքին։ 

 

Դեռևս 2018թ-ին ՀՀ ոստիկանության պաշտոնական էջում տեղադրվել էր «Առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին» վերտառությամբ տեսանյութ, որը վերաբերվում էր նույն դեպքին։ Ոստիկանության էջից տեսանյութը հեռացվել էր ՆՍՀԿ-ի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի համագործակցության արդյունքում։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն գտնում է, որ տեսանյութի առկայությամբ պայմանավորված՝ շարունակում է խախտվել մի խումբ անձանց մասնավոր կյանքի իրավունքը։ Կազմակերպությունը հետամուտ է լինելու տեսանյութի հեռացման հարցի լուծմանը։ 

 

Պարզաբանում 

  • ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդված․ 

1 Յուրաքանչյուր ոք ունի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի, ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։ 

2 Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության  կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ 

  • ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդված 

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։