COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ․ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՔՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2022թ․-ի մայիսի 25-ից 27-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացման դասընթաց, որը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն։ Դասընթացի նպատակ էր ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՏԲ-ի և ՏԲ-ին առնչվող ծառայությունների տրամադրման, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի, համավարակի պայմաններում աութրիչ աշխատանքի կարևորության և առանձնահատկությունների, խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի, առողջության իրավունքի և իրավախախտումների դեպքերի փաստագրման վերաբերյալ։
Դասընթացի առաջին օրը՝ մայիսի 25-ը, մեկնարկեց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» համաճարակաբանի օգնական Անահիտ Բադալյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդությունը և համաճարակաբանությունը, ազդեցությունները, համավարակի դեմ պայքարի միջոցառումները և արդյունավետությունը, աութրիչ աշխատանքի դերը համավարակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից, բնակչության առավել ռիսկային խմբերի խոցելիությունը ՔՈՎԻԴ-ի նկատմամբ և խորհրդատվության առանձնահատկությունները, ՔՈՎԻԴ-19-ի և ՄԻԱՎ-ի կապը, պատվաստման և ՀՌՎ դեղերի ընդունման համատեղելիությունը, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի դեմ առկա պատվաստանյութերը և դրանց առանձնահատկությունները։
Դասընթացի երկրորդ օրը՝ մայիսի 26-ին, ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Եղիազարյանը խոսեց տուբերկուլոզի (ՏԲ) մասին։ Նա մասնավորապես անդրադարձավ ՏԲ-ի համաճարակաբանական իրավիճակին Հայաստանում, մանրամասն ներկայացրեց ՏԲ-ի հարուցիչը, փոխանցման եղանակները, ախտանշանները, բուժման սխեմաները, այլ հիվանդությունների հետ կապը, կարևորեց պացիենտին կրթելու դերը ՏԲ-ի դեմ պայքարի գործընթացում։ Փորձագետը մատնանշեց նաև ՔՈՎԻԴ-19-ի և ՏԲ-ի կապը, ոլորտում առաջացած մարտահրավերները և ՏԲ-ի ծառայությունների անխափան տրամադրումը համավարակի պայմաններում։
Այնուհետև օրվա երկրորդ կեսը շարունակեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, որը խոսեց Հայաստանում խոցելի խմբերի շրջանում իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքներից, համավարակի պայմաններում տրամադրվող ծառայությունների անընդհատությունից, խոչընդոտներից և մարտահրավերներից։
Դասընթացի վերջին օրվա՝ մայիսի 27-ի թեման իրավական էր՝ առողջության իրավունք և իրավախախտումների դեպքերի փաստագրում, որը ներկայացրեց կազմակերպության իրավաբան Շուշան Խնկոյանը։ Փորձագետը սկզբում խոսեց առողջության իրավունքի իրացման նախապայմաններից, օրենսդրությունից, բժշկական գաղտնիքից, ապա հանգամանալից բացատրեց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակները։ Մասնավորապես խոսվեց ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքից, ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներից։ Դասընթացի երկրորդ հատվածը նվիրված էր առողջության իրավունքի խախտման դեպքերի փաստագրման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներին, արձանագրելուց հետո արվող քայլերին, պաշտպանության մեխանիզմներին։
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների մթնոլորտում, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։