ՔՀԿ-ները զարգացրին կարողությունները ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների ոլորտում

2022թ․-ի մայիսի 24-ից 25-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց  ՔՀԿ ներկայացուցիչների  համար՝ բարձրացնելու վերջիններիս իրազեկությունը ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին առնչվող ծառայությունների տրամադրման, աութրիչ աշխատանքի, շահառու-ՀԿ/աութրիչ աշխատակիցներ-բուժաշխատողներ համագործակցության արդյունավետ կազմակերպման,  սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, հեպատիտ B, C-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի նախա- և հետկոնտակտային կանխարգելման վերաբերյալ։

 

Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով շեշտեց դասընթացին ներկայացվելիք թեմաների կարևորությունը ՀԿ-ների կարողությունների զարգացման և գործունեության ընդլայնման հարցում, ինչպես նաև կոչ արեց դասընթացին ներկա տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին կիսվել թեմայի վերաբերյալ ձեռք բերվելիք գիտելիքներով իրենց կազմակերպությունների այլ անդամների հետ։

 

Դասընթացի առաջին օրը՝ մայիսի 24-ին,  ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան սկսեց դասընթացների շարքը՝ ներկայացնելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի առանձնահատկությունները, ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները, վարակման վտանգի նվազեցման մոտեցումները, կանխարգելման հիմնական սկզբունքները, ծառայությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում աութրիչ աշխատանքի, շահառուի-ՀԿ/աութրիչ աշխատակիցների և բուժաշխատողների միջև համագործակցության արդյունավետ կազմակերպման  առանձնահատկությունները։

 

Այնուհետև, օրվա երկրորդ կեսին ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնի բժիշկ, մաշկավեներաբան Էմիլ Միրզոյանը մասնակիցներին ներկայացրեց «Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, հեպատիտներ B և C» թեմաները, որոնց շրջանակում փորձագետը մանրամասնորեն անդրադարձավ սեռավարակների առանձնահատկություններին, կանխարգելման մեխանիզմերին ու բուժման հնարավորություններին։

 

Դասընթացի վերջին օրը՝ մայիսի 25-ին, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկայի ղեկավար, դասընթացի փորձագետ Հերմինե Հովակիմյանը մասնակիցներին ներկայացրեց ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում թեմաները՝ անդրադառնալով, դրանց կիրառման առանձնահատկություններին, առաջին խորհրդատվության նրբություններին և ուղեգրմանը ԻՀԱԿ։

 

 

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների մթնոլորտում, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։  Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին  վկայականներ։