«ԻՐԱԶԵԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ». ԴԱՍԸՆԹԱՑ ՏՍՏ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2022թ․ի մարտի 29-30-ը տեղի ունեցավ ՏՍՏ անձանց համար նախատեսված դասընթաց,որը կազմակերպվել էր է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։
Դասընթացի նպատակն էր ՏՍՏ անձանց շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել վերջիններիս իրավագիտակցությունը՝ գիտելիքներ տրամադրելով առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտներից։ ։
Դասընթացի փորձագետներն էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և նույն կազմակերպության իրավաբան, իրավական հարցերով փորձագետ Լուսինե Գասպարյանը։
Դասընթացի առաջին օրը մասնակիցները սկսեցին ծանոթացմամբ, ապա դասընթացավար Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց «ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորությունը» թեման, որի շրջանակներում մանրամասնորեն քննարկվեցին թե ինչ է ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը, փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները։
Դասընթացի երկրորդ օրը իրավաբան Լուսինե Գասպարյանը անդրադարձ կատարեց «Առողջության իրավունք» թեմային՝ ներկայացնելով ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմները, ՀՀ քաղաքացու առողջությանն առնչվող իրավունքները, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը, «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքը, ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքները և պարտականություննները։ Այնուհետև փորձագետը ներկայացրեց «Խարան և խտրականություն» թեման՝ անդրադարձ կատարելով խարանի և խտրականության սահմանումներին, խտրականության դրսևորումներին ու տեսակներին, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումներին։
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։