ՏՐԱՆՍ* ԱՆՁԸ ԱՀԱԶԱՆԳԵԼ Է․ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԻՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՒՄԸ՝ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

2022 թվականի մարտի 23-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (այսուհետ նաև ՆՍՀԿ) է դիմել տրանս* անձ Տ․Ա․-ն (անունը փոխված է)` տեղեկացնելով, որ նույն օրը դիմել է ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խումբ՝ ՀՀ անձնագիր ստանալու նպատակով։ Աշխատակիցները չեն ընդունել ՀՀ անձնագիր տրամադրելու մասին դիմումի փաթեթը, բացի այդ խտրական վերաբերմունք են ցուցաբերել անձի նկատմամբ, ծիծաղել են և հնչեցրել անբարեհունչ արտահայտություններ։  

ՆՍՀԿ իրավաբանը կապ է հաստատել համապատասխան բաժնի աշխատակիցների հետ՝ պահանջելով պարզաբանում դիմումը չընդունելու և խտրական վերաբերմունք ցուցաբերելու հետ կապված։ Համապատասխան աշխատակցի կողմից չի պարզաբանվել խնդիրը, այնուամենայնիվ աշխատակիցն ընդունել է անձի դիմումը և տվել համապատասխան ընթացք։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կարևորում է նման խնդիրների լուծմանն ուղղված պետության կողմից արդյունավետ քայլերի ձեռնարկումը։  

Թեև ներպետական օրենսդրությամբ սահմանված է խտրականության արգելքը, սակայն որպես խտրականության պաշտպանված հատկանիշներ ներառված չեն սեռական կողմորոշումն ու գենդերային ինքնությունը։ Պետությունը պետք է հստակ և գործուն քայլեր ձեռնարկի օրենսդրական այս բացը լրացնելու հետ կապված։