ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ I CAN ՊԼԱՏՖՈՐՄԸ

2022թ․-ի մարտի 29-ից ապրիլի 1- ը տեղի ունեցավ  ԼԳԲՏԻ անձանց համար նախատեսված 4-օրյա I CAN (համայնք, ակտիվիզմ, համագործակցություն) կրթական պլատֆորմը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։

 

Դասընթացի նպատակներն էին  ԼԳԲՏԻ անձանց շրջանում կարողությունների զարգացումը` տրամադրելով գիտելիքներ այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝ դրամաշնորհային ծրագրերի մշակումն ու կառավարումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու թեստավորման կարևորությունը, սեռականությունը, թրաֆիքինգը, վերջիններիս իրավագիտակցության բարձրացումը՝ գիտելիքներ տրամադրելով առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտներից:

 

 

Հաշվի առնելով, որ դասընթացին մասնակցում էին համայնքի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք տարբեր ժամանակներում առանձնացել են իրենց ակտիվ հասարակական գործունեությամբ ու ակտիվիզմով, առանձնակի ուշադրություն հատկացվեց համայնքի կարիքների գնահատմանն ու խնդիրների բացահայտմանը ակտիվ քննարկումների ու աշխատարանների միջոցով։

 

Դասընթացի առաջին օրը մասնակիցները սկսեցին ծանոթացմամբ, ապա հավաքագրվեցին վերջիններիս ակնկալիքներն ու մտավախությունները՝ կապված կրթական պլատֆորմի հետ, որից հետո կազմվեցին կանոններ դասընթացի բոլոր օրերի համար։ Օրակարգի ներկայացումից և մի շարք թիմային վարժություններից հետո դասընթացավար Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց առաջնորդության առանձնահատկությունները, ապա Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց «Ինքնայրում և հաղթահարում» թեման։

 

 

Պլատֆորմի երկրորդ օրը Սերգեյ Գաբրիելյանը սկսեց «Ծրագրերի մշակում և կառավարում» թեմայով, որից հետո կազմակերպեց գործնական աշխատանք ու հնարավորություն ստեղծվեց մասնակիցների համար ներկայացնել սեփական գաղափարները ծրագրային ֆորմատով։ Օրվա երկրորդ կեսին մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Ծաղկաձորի վանական համալիր և ճոպանուղի։ Օրը ամփոփվեց թեմատիկ ֆիլմի դիտումով։

 

 

 

Կրթական պլատֆորմի երրորդ օրը իրավական հարցերով փորձագետ Լուսինե Գասպարյանը ներկայացրեց «Մարդու իրավունքներ» թեման, որտեղ առանձնակի մանրամասնորեն քննարկվեցին «Խարան, խտրականություն և խոշտանգում» թեմաները, անդրադարձ կատարվեց խարանի և խտրականության սահմանումներին, խտրականության դրսևորումներին ու տեսակներին, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումներին։ Դասընթացների մասը շարունակեց Սերգեյ Գաբրիելյանը «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելում» թեմայով, որի ընթացքում քննարկվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առանձնահատկությունները,  փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդներն ու թեստավորման կարևորությունը։ Օրվա երկրորդ կեսին Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց «Սեռականություն» թեման, իսկ օրվա ավարտին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լիլիթ Անտոնյանը ներկայացրեց «Թրաֆիքինգ» թեման։

 

Պլատֆորմի վերջին օրը ամփոփվեցին դասընթացները, ապա կազմակերպվեց ԼԳԲՏԻ համայնքի կարիքների գնահատում առանձին խմբերում և  Հայաստանում ԼԳԲՏԻ հիմնախնդիրների քննարկում։ Հավաքագրված ողջ ինֆորմացիան ամփոփվեց և ամբողջացվեց պլենար նիստի ընթացքում։

 

Կրթական պլատֆորմը անցավ ակտիվ քննարկումների, հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։

 

Բոլոր մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։