ՈՉ ՄԵԿԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՆՏԵՍՎԱԾ․ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ։ IDAHOBIT 2024

Ամեն տարի մայիսի 17-ն աշխարհում նշվում է որպես հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը (IDAHOBIT):

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն յուրաքանչյուր տարի անդրադարձ է կատարում օրվա խորհուրդին և կազմակերպում միջոցառումներ՝ Հայաստանում առկա մարդու իրավունքների խախտումների, գերիշխող խարանի ու խտրականության դեմ պայքարի կարևորության  վրա հանրային ուշադրություն  հրավիրելու նպատակով։

ՆՍՀԿ-ի այս տարվա միջոցառումների շարքում էր ֆոտոուղերձների տեսքով տեղեկատվական արշավը առցանց տիրույթում և ամենամյա հանդիպում-քննարկումը՝ ՀՀ պետական կառույցների, դիվանագիտական առաքելությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների, իրավապաշտպանների և համախոհների մասնակցությամբ։

Հանդիպումը մեկնարկեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի բացման խոսքով, ով ողջունեց ներկա հյուրերին՝ ընդգծելով օրվա կարևորությունը ոչ միայն ԼԳԲՏԻՔ+ անձանց  նկատմամբ խարանի և խտրականության մասին  իրազեկությունը բարձրացնելու համատեքստում, այլ նաև համայնքների տոկունությունը, ուժը և բազմազանությունը նշելու, համայնքի ձայնը լսելի դարձնելու տեսանկյունից:

«Այս տարվա կարգախոսն է «ՈՉ ՄԵԿԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՆՏԵՍՎԱԾ. հավասարություն, ազատություն և արդարություն բոլորի համար», որը ընդգծում է ԼԳԲՏԻՔ+ մարդկանց ներառման և նշանակալից ներգրավվածության կարևորությունը կյանքի բոլոր կարևոր ասպեկտներում: Այն ծառայում է որպես գործողության հզոր կոչ բոլորիս համար՝ համերաշխ լինելու ԼԳԲՏԻՔ+ անձանց հետ,  նրանց հզորացնելու, նրանց ձայնը լսելի դարձնելու և պաշտպանելու նրանց իրավունքները», — նշեց Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ։

Նաև ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ այս կարևոր օրը ՆՍՀԿ-ին միանալու համար և խոսքը եզրափակեց հետևյալով՝ «Միասին մենք կարող ենք հասնել փոփոխությունների և կառուցել ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվորեն, հարգանքով և հավասարությամբ»:

Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նատիա ՆԱՏՑՎԼԻՇՎԻԼԻՆ, Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Օլիվյե ԴԸԿՈՏԻՆՅԻՆ, Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջոն ԳԱԼԱԳԵՐԸ, Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․  Էնդրյու ԹԸՐՆԵՐԸ, Գերմանիայի Դաշնության փոխդեսպան Էրիկ ԹԻՆՏՐՈՒՊԸ, ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի, և տեղեկատվական բաժնի ղեկավար Յան ՊԼԵՇԻՆԳԵՐԸ, ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն ՀԱՆՆԱՆ։  Դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ևս մեկ անգամ հաստատեցին իրենց հանձնառությունը նպաստելու այնպիսի աշխարհի ձևավորմանը, որտեղ ոչ մեկը չի լինի անտեսված, և որտեղ կիշխի հավասարություն, ազատություն և արդարություն բոլորի համար՝ զերծ խտրականությունից և նախապաշարմունքներից:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին պլենար քննարկումները՝ «Խոսում է համայնքը» և «ԼԳԲՏՔԻ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» խորագրերի ներքո։

Առաջին պլենար քննարկման ընթացքում ԼԳՔՏԻՔ+ համայնքի ներկայացուցիչները պատմեցին իրենց կյանքի մասին Հայաստանում, ինչ խնդիրների ու մարտահրավերների են հանդիպում, մասնավորապես շոշափվեցին հետևյալ թեմաները՝

  • ԼԳԲՏՔԻ+ փախստականների իրավիճակը Հայաստանում․ սպասելիքներ և իրականություն
  • ԼՂՀ-ից տեղահանված ԼԳԲՏՔԻ+անձանց իրավիճակը Հայաստանում․ սպասելիքներ և իրականություն
  • Տրանս անձանց հիմնախնդիրները Հայաստանում․ սպառնալիքներ, բռնություն, ապրելու իրավունքի պայքար
  • Երիտասարդ ԼԳԲՏՔԻ+ անձանց հիմնախնդիրները Հայաստանում
  • ԼԲ կանանց հիմնախնդիրները Հայաստանում

Երկրորդ պլենար քննարկումը նվիրված էր «ԼԳԲՏՔԻ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանում, քննարկվեցին, թե ինչ բացեր, մարտահրավերներ կան և ինչ գործողություններ են իրականացվում առկա խնդիրները լուծելու և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Երկրորդ պլենար քննարկման խոսնակներն էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի նախագահ Հայկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, Հայաստանի ԼԳԲՏՔԻ+ քրիստոնյաների խմբի համակարգող Արման ՍԱՀԱԿՅԱՆԸ, իրավական հարցերով փորձագետ Շուշան ԽՆԿՈՅԱՆԸ։

 

 

Միջոցառումն իրականացվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿի կողմից, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։