ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ԱՐՑԱԽԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․ Տեղի ունեցավ ԼԱՅՖ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

2023 թվականի նոյեմբերի 23-24 տեղի ունեցավ երկօրյա արտագնա ԼԱՅՖ տեղեկատվական հարթակը՝   2023թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի պատճառով Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար։

 

 

Տեղեկատվական հարթակի նպատակն էր արցախահայ երիտասարդների կարողությունների զարգացումը իրավական և առողջապահական ոլորտներում, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության, թրաֆիքինգի դեմ պայքարի հմտությունների ձևավորումը, ինչպես նաև համավարակների/համաճարակների դեմ պայքարի ու կանխարգելման խթանումը՝ փոխանցման ուղիների, կանխարգելման մեթոդների և բուժման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով։

Տեղեկատվական հարթակը մեկնարկեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ողջույնի խոսքով, որին հաջորդեց մարդու իրավունքների, տեղական և միջազգային պաշտպանության մեխանիզմների  ներկայացումը՝ փաստաբան Անահիտ Չիլինգարյանի կողմից։

 

 

Այնուհետև, մասնակիցները զարգացրին ու ամրապնդեցին սեռավարակների, դրանց կանխարգելման ու բուժման մասին իրենց գիտելիքները  ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի սեռավարակների բաժանմունքի վարիչ Էմիլ Միրզոյանի կողմից անցկացված դասընթացի միջոցով։

 

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար Աննա Ասատրյանը մասնակիցներին ներկայացրեց «Թմրամիջոցներ», «Մեթադոնային փոխարինող բուժում» թեմաները։

Հարթակի առաջին օրը ամփոփվեց «Թրաֆիքինգ»-ի վերաբերյալ թեմայի ներկայացումով։

 

Հարթակի հաջորդ օրվա ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին

«ՄԻԱՎ և ՁԻԱՀ․ փոխանցման ուղիները և կանխարգելման ուղիները», «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում․ կորստի հիվանդության հաղթահարում», «COVID-19, Կ․ Ծաղիկ․ Համավարակների կանխարգելում» թեմաները։

Տեղեկատվական հարթակը ամփոփվեց պլենար-քննարկումով ՀՀ ՆԳՆ ՄՔԾ ապաստանի հարցերի և  իրավական ապահովման բաժնի պետի տեղակալ Սևակ Պետրոսյանի, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լիլիթ Անտոնյանի, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության պաշտպանության հարցերով աշխատակից Նաիրա Մարությանի մասնակցությամբ, որի ընթացքում հրավիրված փորձագետները ներկայացրին իրենց կառույցների կողմից հասանելի ծրագրերը և հնարավորությունները Արցախից տեղահանված բնակչության, հատկապես երիտասարդների համար, հարթակի մասնակիցները ներկայացրին արցախահայ երիտասարդների հիմնախնդիրները Հայաստանում, քննարկեցին հնարավոր լուծման ուղիները և առաջարկները։

 

Տեղեկատվական հարթակն անցավ ակտիվ մթնոլորտում՝ ուղեկցվելով բուռն քննարկումներով, տեսական և գործնական աշխատանքներով։

Տեղեկատվական հարթակի արդյունքում մասնակիցները  բարձրացրին իրազեկվածության մակարդակը իրավական և առողջապահական ոլորտների վերաբերյալ, ընդլայնեցին գիտելիքները ՄԻԱՎ-ի, COVID-19, Կ․ Ծաղիկի  վերաբերյալ, ծանոթացան  կանխարգելման մեթոդներին և փոխանցման ուղիներին, ինչպես նաև տեղեկացան այն մասին, թե ուր պետք է դիմել՝ համապատասխան առողջապահական, իրավաբանական և այլ ծառայություններ ստանալու համար։

Հարթակի մասնակիցներին նաև հնարավորություն ընձեռվեց բարձրացնելու իրենց հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները քննարկելու միջազգային ու տեղական կառույցների ներկայացուցիչների հետ։