«ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ»․ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր․ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ, ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 1-ին հիշատակվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս օրը հռչակվել է 1988 թվականին՝ ՄԻԱՎ վարակի տարածման հետևանքով առաջացած ՁԻԱՀ-ի համաճարակի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։ 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ամեն տարի նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ կազմակերպելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման կարևորության շեշտադրմանն ուղղված իրազեկման տարատեսակ միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ՝ շահառու կողմերի, պետական, տեղական, միջազգային և այլ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ` վերջիններիս և հասարակության ուշադրությունը հրավիրելու ոլորտի հիմնախնդիրներին, իրականացվող գործողություններին, գրանցված հաջողություններին և դեռ առկա բացերին, իր աջակցությունը ցույց տալու ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ից տուժած անձանց։

Այս տարի հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ՆՍՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի համագործակցությամբ՝ «Առաջնորդությունը համայնքներին։ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը Հայաստանում․ արդյունքներ, բացթողումներ և մարտահրավերներ» խորագրի ներքո։ 


Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակը Հայաստանում, կանխարգելման և բուժման ծառայությունները խոցելի խմբերի շրջանում, առկա մարտահրավերները, ՄԻԱՎ-ի ծառայությունների հասանելիությունը Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված բնակչության, ռուս-ուկրաինական պատերազմի և քաղաքական ու ոչ քաղաքական բռնաճնշումների հետևանքով Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից Հայաստան ժամանած միգրանտների ու փախստականների համար, վերջիններիս համար ծառայությունների հասանելիության ապահովման և ընդլայնման նպատակով ձեռնարկվող  քայլերն ու միջոցառումները, իրականացվող ծրագրերը, գրանցված առաջընթացները, առկա բացերը, անհրաժեշտ բարեփոխումները և հետագա անելիքները։   

 

 «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը բացման խոսքում հատուկ կարևորեց պետական, միջազգային և տեղական կառույցների միջև հաստատված սերտ համագործակցությունը, համայնքների ներգրավվածության խթանումը Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարի համատեքստում՝ նախևառաջ խորին շնորհակալություն ու զորակցություն հայտնելով բոլոր առաջադեմ պայքարողներին՝ բժիշկներին, ՀԿ-ներին,   այս գործում բոլոր աջակցողներին և  ոգեշնչողներին։  

Իր խոսքում Ս․ Գաբրիելյան նշեց, որ գիտակցում ենք, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ կատարել՝ մինչև 2030թ․-ը ՁԻԱՀ-ին վերջ դնելու իր  խոստումը՝ պայմանավորված COVID-19-ի, 44-օրյա պատերազմի, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև փախստականների, այնուհետև Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված Արցախահայերի ներհոսքով Հայաստան։ 

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը խոսքն ավարտեց՝ անդրադառնալով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2023 թվականի խորագրին՝ «Առաջնորդությունը՝ համայնքներին»՝ ևս մեկ անգամ ընդգծելով որոշումների կայացման մեջ շահառու համայնքների ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև վերջիններիս առաջնային կարիքները հաշվի առնելու կարևորությունը՝ Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ առավել արդյունավետ պայքարի համար։ Այս համատեքստում պրն․ Գաբրիելյանը նաև նկատեց․ 

«Այս անգամ Հայաստանի կողմից Գլոբալ Հիմնադրամին ներկայացվելիք 2025-2027թթ երկրի դրամաշնորհային հայտի նախագծման և կազմման գործընթացում ունենք շատ մեծ և դրական արդյունք՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի արդյունավետ, նպատակային, մեծ և նշանակալից ներգրավվածություն այդ գործընթացներում»։  Սակայն հավելեց, որ Հայաստանում դեռ գերակշռում են  խարանը, խտրականությունը, ատելությունն ու բռնությունը խոցելի խմբերի հանդեպ, և «այս խարանի ու խտրականության դեմ պայքարի  գործընթացներում մենք դեռ աջակցության և սոլիդարության կարիք ունենք մեր միջազգային գործընկերների և համախոհների կողմից, քանի որ դեռ հավասարության և խտրականության մերժման ժողովրդավարական, սակայն քարքարոտ ճանապարհին ենք»։ 

 

 Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Վիկտոր Ռիխտերը, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Պատրիկ Սվենսոնը, Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Օլիվիե Դըկոտինյին,  Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, Չեխիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Պետր Պիրունչիկը։

Վերջիններս շեշտեցին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումների կարևորությունը՝ հայտնելով պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ իրենց ներկայացրած դիվանագիտական առաքելությունների համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու, ինչպես նաև տրամադրվող աջակցությունն ու ծրագրերն էլ ավելի հասցեական ու արդյունավետ դարձնելու նպատակով սերտ և շարունակական աշխատանքներ տանելու պատրաստակամություն։ 

 

 

Ողջույնի խոսքերին հաջորդեց 2023թ․-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա զեկույցի ներկայացումը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանի կողմից։ Վերջինս նույնպես անդրադարձավ օրվա խորհուրդին՝ շեշտելով համայնքների առաջնորդության կարևորությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարի հարցում։ 

Հանդիպմանը նաև ներկայացվեցին ու քննարկվեցին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ծառայությունների մատուցմանն առնչվող խոչընդոտները, 2022-2026 թթ․ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագիրը, Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի իրավիճակը, ՄԻԱՎ-ի հայաստանյան կասկադը, խոցելի խմբերի շրջանում իրականացվող  կանխարգելման ծրագրերը, հասանելի ծառայությունները, ՄԻԱՎ-ի ծառայությունների հասանելիությունը Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված բնակչության, ռուս-ուկրաինական պատերազմի և քաղաքական ու ոչ քաղաքական բռնաճնշումների հետևանքով Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից Հայաստան ժամանած միգրանտների ու փախստականների համար, առկա բացերը, մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։  

 

Միջոցառման ընթացքում և ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան բանախոսներին ուղղելու իրենց հուզող հարցերը, վեր հանելու ոլորտում առկա խնդիրները, բացերն ու մարտահրավերները, ինչպես նաև քննարկելու լուծման ուղիները ու նոր հնարավորությունները։ 

Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության,   ԱՄՆ դեսպանատան, Ուկրաինայի դեսպանատան, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, ԱՄՆ ՄԶԳ-ի, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության, ՀՀ Առողջապահության նախարարության, Ինֆեկցիոն Հիվանդությունների ազգային կենտրոնի, ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի և այլ պետական, միջազգային, տեղական կառույցների, ինչպես նաև բուժհաստատությունների, թիրախային համայնքների, արցախահայ բնակչության ներկայացուցիչներ, միգրանտներ, փախստականներ Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից և այլ երկրներից։ 

Հանդիպումը ամփոփեց ՆՍՀԿ նախագահը՝ կարևորելով պետական, միջազգային, տեղական կառույցների սերտ համագործակցության և միասնականության կարևորությունը՝ իրազեկության բարձրացման, խարանի վերացման և ՁԻԱՀ-ից զերծ ապագա ունենալու համար։ 

«Միասին մենք կարող ենք հասնել փոփոխությունների և կառուցել այնպիսի աշխարհ, որտեղ բոլորն ունեն և վայելում են բարեկեցություն և մատչելի, անխտրական հասանելիություն առողջապահական բոլոր ծառայություններին»։

Սերգեյ Գաբրիելյանը նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարվա հանդիպմանը ավելի զգալի կլինեն գրանցված հաջողությունները և առաջընթացը, իսկ խնդիրներն ու բացերը՝ նվազագույն։

 

Հանդիպման ընթացքում հյուրերը նաև հնարավորություն ունեցան իրենց համերաշխությունը հայտնել օրվա խորհուրդին՝ լուսանկարվելով օրվան նվիրված պաստառների մոտ։