ՄԻԵԴ-Ի ԿՈՂՄԻՑ ԿՈՄՈՒՆԻԿԱՑՎԵԼ Է ՆՈՐ ՍԵՐՈւՆԴ ՀԿ-Ի ԵՎՍ ՄԵԿ ԳՈՐԾ․ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

2023թ․-ի նոյեմբերի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ Հայաստանի հայցադիմումը, որը ներկայացվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) փաստաբան Արա Ղազարյանի կողմից՝ ։

ՄԻԵԴ գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հիմքով։

 

ՄԻԵԴ-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը պետք է մինչև 2024թ-ի մարտի 22-ը պատասխանի Դատարանի հարցերին։

 

Գործի նկարագիրը

2014թ. «Իրավունք» թերթի  հունիսի 6-9-ի  թիվ 62 (2410) համարում «Ապազգային» խորագրի ներքո տպագրվել է «Երբ համասեռամոլների  գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով հոդվածը: Հոդվածի առաջնային մասում  մգեցված տառերով տեղադրվել է հետևյալ նյութը հայցվորի վերաբերյալ. «Պարզվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը շնորհակալագրերով տարվա լավագույն կազմակերպություններ է ճանաչում նաև  այն կազմակերպություններին, ովքեր կոչ են անում «հարգել մարդու իրավունքները» և «վերջ տալ հոմոֆոբիային», այսինքն՝ պաշտպանում են համասեռամոլներին: Նման հայտարարությամբ մայիսի 17-ին հանդես էր եկել «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որին անցած տարվա վերջում Սպորտի և երիտասարդության նախարարությունը Շիրակի մարզում ճանաչել է տարվա լավագույն կազմակերպություն: Թե որ արժանիքների համար է հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող և անցյալ տարի Գյումրիում Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը պացիֆիստական-տոլեռաստական ակցիայով պղծած տվյալ կազմակերպությունը ճանաչվել տարվա լավագույն, փորձեցինք պարզել …….»/ տառացի մեջբերում հոդվածից։

Հոդվածի կենտրոնական հատվածում տեղադրված է լուսանկար, որտեղ երիտասարդների ձեռքին ԱՄՆ-ի դրոշն է և «no hate speech» մակագրությամբ պաստառ: Նկարի ներքևի հատվածում հետևյալ մեկնաբանությունն է արված, «21 սեպտեմբեր 2013. «Նոր Սերունդ» ՀԿ-ն Գյումրիում փաստացի պղծում է Անկախության տոնը՝ անցկացնելով պացիֆիստական միջոցառում:  Ցուցարարների ձեռքում ամենից շատ կարելի  է տեսնել «No hate speech» մակագրությամբ պաստառներ: Այդ կարգախոսը համասեռամոլների շահերի լոբբիստների  թիվ 1 կարգախոսն է» / տառացի մեջբերում թերթի հոդվածից :

Հոդվածն ավարտված է հետևյալ նախադասությամբ. «Ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են: Հետաքրքիր է՝ գոնե թռուցիկ, հարգարժան պարոնայք ծանոթացե՞լ են  գոնե  տվյալ ՀԿ-ի կայքէջին, որ մի բան էլ, փոխնախարար Ա.Քարամյանի ստորագրությամբ ու նրա ձեռամբ՝ ՀԿ-ն գովասանագիր է ստանում…»:

13.06.2014թ. ՆՍՀԿ-ն <<Իրավունքի մեդիա>> ՍՊԸ-ին  հերքման պահանջ է ներկայացրել, որը անարձագանք է  մնացել:

ՆՍՀԿ-ն 2014թ-ի հուլիսի 9-ին զրպարտության հայց է ներկայացրել  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան լրատվական ընկերության և վերջինիս լրագրողի դեմ՝ լրագրողի կողմից գրված և ընկերության թերթում հրապարակված հոդվածի վերաբերյալ։

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանը  27.11.2015թ.-ին մերժել է  հայցը՝ գտնելով, որ չնայած վիճարկվող հայտարարությունները ատելություն են հրահրում և նսեմացնող են, սակայն չեն թիրախավորում Կազմակերպությանը՝ որպես այդպիսին, այլ վերաբերում են որոշակի սեռական ուղղվածություն ունեցող խմբերին՝ նույնասեռականներին։

ՆՍՀԿ-ն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է վերադասության կարգով, սակայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր 31.03.2016թ.-ի որոշմամբ վճիռը թողել է անփոփոխ։

Վերաքննիչ դատարանր որոշումը նույնպես բողոքարկվել է, սակայն այն Վճռաբեկ դատարանի 2016թ-ի հունիսի 16-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։

2016թ-ի դեկտեմբերի 29-ին ՆՍՀԿ փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։