ԼԱՅՖ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ԵՎ ԻՐԱԶԵԿ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ

2023 թվականի հոկտեմբերի 26-27-ը տեղի ունեցավ ԼԱՅՖ (առաջնորդություն, տեղեկատվություն, ազատություն և հավասարություն) տեղեկատվական հարթակը 30 սկսնակ առաջնորդների և ակտիվիստների համար։ Հարթակի թեմաներն էին առաջնորդություն և ակտիվիզմ, մարդու իրավունք, ներքին և միջազգային պաշտպանության մեխանիզմներ, աշխատանքային իրավունք, ինչպես նաև ՄԻԱՎ-ի դեմ պայքարը, փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները և բուժումը։

Դասընթացի նպատակը սկսնակ առաջնորդների՝ ակտիվիզմի և առաջնորդության կարողությունների զարգացումն էր, իրավական և առողջապահական ոլորտների վերաբերյալ նրանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության հմտությունների ձևավորումը, ինչպես նաև համավարակների/համաճարակների դեմ պայքարի ու կանխարգելման խթանումը՝ փոխանցման ուղիների, կանխարգելման մեթոդների և բուժման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով։

 

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ողջույնի խոսքով տեղեկատվական հարթակի մեկնարկին հաջորդեց մարդու իրավունքների, տեղական և միջազգային պաշտպանության մեխանիզմների, աշխատանքային իրավունքներ թեմաների ներկայացումը՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանի կողմից։ Թեմայի շրջանակներում Շուշան Խնկոյանը նաև ներկայացրեց ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված քաղաքացու իրավունքները։

Այնուհետև, մասնակիցները զարգացրին ու ամրապնդեցին ակտիվիզմի և առաջնորդության հմտություններն ու գիտելիքները Սերգեյ Գաբրիելյանի անցկացրած դասընթացի միջոցով։

Հարթակի առաջին օրվա ընթացքում հրավիրված փորձագետ, ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար Աննա Ասատրյանը մասնակիցներին ներկայացրեց նաև «Մեթադոնային փոխարինող բուժում» թեման։

 

Հարթակի հաջորդ օրը նվիրված էր ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի, փոխանցման ուղիների, կանխարգելման մեթոդների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ 

Թեմաները ներկայացրին ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ՆՍՀԿ-ի փորձագետների կողմից վերապատրաստում անցած ՆՍՀԿ-ի աութրիչ աշխատակիցները։

Տեղեկատվական հարթակն անցավ ակտիվ մթնոլորտում՝ ուղեկցվելով բուռն քննարկումներով, տեսական և գործնական աշխատանքներով։

Տեղեկատվական հարթակի արդյունքում մասնակիցները զարգացրին և ամրապնդեցին իրենց առաջնորդության և ակտիվիզմի հմտությունները, բարձրացրին իրազեկվածության մակարդակը իրավական և առողջապահական ոլորտների վերաբերյալ, ընդլայնեցին գիտելիքները ՄԻԱՎ-ի վերաբերյալ, ծանոթացան  կանխարգելման մեթոդներին և փոխանցման ուղիներին, ինչպես նաև տեղեկացան այն մասին, թե ուր պետք է դիմել՝ համապատասխան առողջապահական, իրավաբանական և այլ ծառայություններ ստանալու համար։ Հարթակի մասնակիցներին նաև հնարավորություն ընձեռվեց բարձրացնելու իրենց իրազեկվածության մակարդակը թմրամիջոցների և «Մեթադոնային փոխարինող բուժման»  և այլ՝ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

 

 

 

Դասընթացը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի և Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։