«ԼԳԲՏԻ անձանց իրավունքը մարդու իրավունք է» IDAHOBIT-2023
Ամեն տարի մայիսի 17-ն աշխարհում նշվում է որպես հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր (IDAHOBIT):
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն յուրաքանչյուր տարի անդրադարձ է կատարում օրվա խորհուրդին և կազմակերպում միջոցառումներ՝ ակցիաների, քննարկումների և ասուլիսների տեսքով՝ Հայաստանում ԼԳԲՏԻ մարդկանց հիմնախնդիրների, երկրում գերիշխող խարանի ու խտրականության դեմ պայքարի կարևորության վրա հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով։
Այս տարի նույնպես՝ 2023 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցավ IDAHOBIT-2023 միջոցառումը՝ հանդիպում-քննարկում «ԼԳԲՏԻ անձանց իրավունքը մարդու իրավունք է» կարգախոսի ներքո։
Հանդիպման նպատակն էր Հայաստանի պետական և միջազգային կառույցներին,
դիվանագիտական առաքելություններին, ԼԳԲՏԻ համայնքին և համայնքահեն ՀԿ-ներին տրամադրել երկխոսության հարթակ՝ հոմոֆոբիայի, բիֆոբիայի, ինտերֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի ոլորտում գրանցված առաջընթացները և իրականացվող գործողությունները քննարկելու, հաջողված պատմությունները կիսելու, առկա խնդիրները բարձրաձայնելու և համայնքի ձայնը լսելի դարձնելու համար։
Միջոցառումը բաղկացած էր երեք հիմնական մասից՝ Հայաստանում դիվանագիտական և միջազգային կառույցների ողջույնի խոսքերից և 2 պանելային քննարկումներից՝ պետական և հասարակական կառույցների, ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման սկզբում բացման խոսքով ելույթ ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին հրավերը ընդունելու և ներկա գտնվելու համար, կարևորեց ԼԳԲՏԻՔ անձանց հանդեպ երկրում գերակշռող խարանի ու խտրականության դեմ պայքարը դեպի ժողովրդավարություն գնացող Հայաստանի ճանապարհին։
«Այսօր մենք գտնվում ենք արտաքին և ներքի խմորումների մեջ, ուստի շատ կարևոր է, որ այդ գործընթացում չկորցնենք մեր վճռականությունը ոչ միայն ԽԱՂԱՂ և ԱՊԱՀՈՎ երկիր ունենալու, այլ նաև ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ հարցում», — նշեց Սերգեյ Գաբրիելյանը։
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքներին և հիմնախնդիրներին առնչվող պետական ծրագրերի բացակայության համատեքստում, պարոն Գաբրիելյանը շեշտեց նաև միջազգային և դիվանագիտական կառույցների աջակցության կարևորությունը Հայաստանի ԼԳԲՏԻՔ համայնքի համար։
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Քրիստինա Քվինը, Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Ջոն Գալագերը, Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Անն Լույոն, Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան, ԵՄ պատվիրակության փոխդեսպան Յան Պլեշինգերը, Շվեդիայի Թագավության փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը, ովքեր վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանում խարանի ու խտրականության, հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի, բիֆոբիայի դեմ պայքարին։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Պետր Պիրունչիկը, Եվրոպայի խորհուրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության պաշտպանության բաժնի պետ Անդրեյ Արյուպինը, Հայաստանում ԱՄՆ խաղաղության կորպուսի գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին, ԱՄՆ դեսպանատան քաղատնտեսական գրասենյակի ներկայացուցիչները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Հեղինե Ենգոյանը, ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Բժիշկներ առանց սահմանների», «Աշխարհի բժիշկներ» ՀԿ ներկայացուցիչները, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը, և այլ միջազգային, տեղական ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքերից հետո, հանդիպմանը հրավիրված հյուրերը և համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հղելու իրենց հարցերը դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներին և ստանալու պատասխաններ։
Այնուհետև մեկնարկեց առաջին պանելային քննարկումը հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարում ՀՀ պետական, տեղական և միջազգային կառույցների գործունեության և համագործակցության ուղիների վերաբերյալ, որին մասնակցում էին ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ԼԳԲՏ անձանց և հավատքի հարցերով ավագ խորհրդատու Արման Սահակյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը, Տրանս ազգային կոալիցիա ՀԿ նախագահ Կամելիա Ղանդիլյանը,
«Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ ներկայացուցիչ Սևակ Կիրակոսյանը։ Քննարկման մասնակիցները շոշափեցին հոմոֆոբիայի, բիֆոբիայի, ինտերֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի ոլորտում գրանցված առաջընթացները և իրենց կառույցների կողմից իրականացվող գործողությունները, դեռ առկա խնդիրներն ու բացերը, դրանց լուծմանն ուղղված համագործակցության ուղիները։
Միջոցառման եզրափակիչ հատվածում ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները խոսեցին Հայաստանում ԼԳԲՏԻ երիտասարդների, տրանս անձանց, ԼԳԲՏԻ փախստականների, ՄԻԱՎ-ով ապրող անձանց հիմնախնդիրների, հանդիպած դժվարությունների ու պայքարի, ինչպես նաև հաջողված պատմությունների մասին։
Միջոցառումն իրականացվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։