ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԼԳԲՏ+ փախստականների, տեղահանված անձանց եվ ապաստան հայցողների համար
2023 թ․-ի մայիսի 5-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) կազմակերպել էր 1-ին կարողությունների զարգացման դասընթացը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից Հայաստան ժամանած ԼԳԲՏ+ փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների համար։
Դասընթացների շարքը նպատակ ունի զարգացնելու մասնակիցների կարողությունները՝ կարիերայի զարգացման, փոքր բիզնեսի և ՀԿ-ների հիմնման, առաջնորդության, կոնֆլիկտի հաղթահարման, ֆինանսական կառավարման և մարդու իրավունքների, պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։
Դասընթացը մեկնարկեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ողջույնի խոսքով, որի շրջանակներում վերջինս ներկայացրեց կազմակերպությունը, գործունեության հիմնական ուղությունները և առաքելությունը։ Անդրադարձ կատարելով բուն ծրագրին՝ նա ընդգծեց, որ փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների համար նախատեսվում են մի շարք կարողությունների զարգացման, վերապատրաստման դասընթացներ, որոնց թեմաների և ոլորտների ընտրության հարցում մեծապես կարևորվում ու խրախուսվում են մասնակիցներից ստացած հետադարձ կապը, հետգնահատականները և առաջակները։
Այնուհետև հաջորդեց «Առաջնորդություն», «Կարիերայի զարգացում» և «Կոնֆլիկտների հաղթահարում» թեմաների ներկայացումը կառավարման և առաջնորդության ոլորտի միջազգային թրեյներ Արտակ Ալոյանի կողմից։ Թեմաների շրջանակներում փորձագետը անդրադարձավ առաջնորդության տեսակներին և ոճերին, անհատական առաջնորդական հատկությունների SWOT վերլուծությանը, առաջնորդների ռազմավարություններին ու մարտավարություններին, ապա խոսեց կարիերայի, անհատական կարողությունների, հաղորդակցական հմտությունների զարգացման և հզորացման ուղիների, ոչ վերբալ, միջանձնային հաղորդակցության, միջանձնային կոնֆլիկտների տեսակներիև դրանց հաղթահարման մեխանիզների մասին։
Դասընթացի եզրափակիչ հատվածում իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «Մարդու իրավունքներ» թեման՝ անդրադառնալով խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների հիմնահարցերին։
Դասընթացը ներառում էր նաև խորհրդատվություններ փոքր բիզնեսի/ՀԿ-ների հիմնման և ֆինանսական կառավարման վերաբերյալ։
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին մասնակցության հավաստագրեր։
Դասընթացը իրականացվել է «Աշխատանք Հայաստանի ԼԳԲՏ+ փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների հետ» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ։