Քրիստոսի ներսում չկա ո՛չ արևմուտք, ո՛չ արևելք։

2023թ․-ի մայիսի 10-14-ը ԼԳԲՏ քրիստոնյա խմբերի Եվրոպական Ֆորումի (այսուհետ՝ Ֆորում) հայաստանյան անդամ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) պատվիրակությունը մասնակցեց ֆորումի 42-րդ տարեկան համաժողովին Նիդերլանդների Թագավորության Վենլո քաղաքում։

Այս տարի Եվրոպական Ֆորումը իրականացվեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյա խմբերի ֆորումի հետ համատեղ։

Ֆորումի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ Խոսելով 2018թ․-ին Հայաստանում չեղարկված ԱԵԿԱ-ի ԼԳԲՏ Քրիստոնյա խմբերի ֆորումի չեղարկման մասին՝ վերջինս նշեց․

«Սարսափով եմ հիշում այն օրերը, երբ 2018 թ․-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն չկարողացավ ձեզ հյուրընկալել Նոյի երկրում՝ Հայաստանում։ Հայաստանը, այն երկիրը, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն 301թ․-ին»։

 Այնուհետև, Սերգեյ Գաբրիելյանը մեջբերեց կտակարանի հետևյալ խոսքերը․  «Մի վախեցիր այս կյանքի հարվածներից, որովհետև Աստված քեզ հետ է, Ով կթարմացնի քո ուժը: Նա, ով քեզ կուժեղացնի ու առաջ կմղի, և Նա երբեք չի լքի քեզ»։

 

 

Ֆորումի ընթացքում կազմակերպված աշխատաժողովներից մի քանիսը վարեցին Սերգեյ Գաբրիելյանը և կազմակերպության ներկայացուցիչներ Լևոն Չիլինգարյանը և Արման Սահակյանը։ Ընթացքում աշխատաժողովներից մեկը վարեց նաև ՆՍՀԿ-ի կողմից հրավիրված գործընկեր Տրանս Ազգային Կոալիցիա ՀԿ նախագահ Կամելիա Ղանդիլյանը։

Ֆորումի փակման արարողության ժամանակ ՆՍՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանը նշեց (մեջբերում)․ «Եթե կյանքում նպատակ ունես, որին պետք է հասնել, չես կարող դա անել միայնակ, միշտ կարիք կունենաս մարդկանց աջակցության և մասնակցության, որոնք կօգնեն քեզ առաջ շարժվել: Նպատակը հնարավոր դարձնելու համար կպահանջվի տարբեր մարդկանց մասնակցություն…: Կրկնում եմ և կարող եմ հաստատել, որ Աստված ասել է. «սիրեք և եղեք սիրված» և երբեք չի նշել, թե ում սիրել կամ որտեղ ապրել՝ արևելքում, արևմուտքում, հյուսիսում, թե հարավում։ Այսպիսով, այս միասնությունը վերաբերում է նաև այս գեղեցիկ աշխարհի բոլոր անկյունների միասնությանը, որոնք «ավանդաբար» կոչվում են արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ: Մեր ներսում չկա ոչ արևելք, ոչ արևմուտք, Հիսուս Քրիստոսի ներսում չկա ոչ արևելք, ոչ արևմուտք»: