Կարողությունների զարգացման դասընթաց երիտասարդների համար

2022 թ․ի նոյեմբերի 6-7-ը  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր կարողությունների զարգացման դասընթաց երիտասարդների համար, «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի» շրջանակներում։

 Դասընթացը նպատակ ուներ երիտասարդների  շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, սեռավարակների, առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի վերաբերյալ։ 

Նոյեմբերի 6-ին դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան հյուրընկալելու Գերմանիայից ժամանած Բավարիայի երիտասարդական խորհրդի ներկայացուցիչներին և միասին քննարկել ՀՀ-ում և Գերմանիայում երիտասարդների հիմնախնդիրները, ինչպես նաև ներկայացնել ծրագրային համագործակցության նախընտրելի ուղղությունները՝ հետագայում հայ և գերմանացի երիտասարդների համար կազմակերպվող համատեղ փոխանակման ծրագրերում դրանք ներառելու համար:Օրվա մյուս կեսին դասընթացավար Լևոն Չիլինգարյանը մասնակիցներին ներկայացրեց «ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորությունը» և «Սեռավարակներ» թեմաները, որոնց շրջանակներում մանրամասնորեն քննարկվեցին թե ինչ է ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը, փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները և տարբեր սեռավարակների առանձնահատկություններն ու կանխարգելման ու բուժման մեթոդները։

Դասընթացի երկրորդ օրը իրավաբան Լուսինե Գասպարյանը նախ ներկայացրեց «Առողջության իրավունք»  թեման՝ մասնավորապես անդրադարձ կատարելով ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմներին, ՀՀ քաղաքացու առողջությանն առնչվող իրավունքներին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքին, «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքին, ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքներին և պարտականությունններին։

Այնուհետև փորձագետը ներկայացրեց «Խարանից ու խտրականությունից զերծ լինելու իրավունք» թեման, որի շրջանակներում քննարկվեցին խարանի և խտրականության սահմանումները, խտրականության դրսևորումներն ու տեսակները, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումները։

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։