ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԱԴՐՎՈՒՄ ՏՐԱՆՍ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ

2022թ-ի հուլիսի 31-ին ժամը 03։35-ի սահմաններում  ֆեյսբուք սոցիալական ցանցում  «Beda Yegiazaryan» անունով  օգտատերը իր էջում ուղիղ հեռարձակում է ունեցել, որի ընթացքում տևական ժամանակ  հետևել է տրանս անձանց։ Այնուհետև, օգտատերը ցուցադրելով ձեռքի մատանիները հայտնել է, որ պատրաստվում է բռնություն գործադրել և մոտենալով տրանս անձին` բռնուցքով, ապա ոտքերով հարվածել է՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ընթացքում նաև բնռության կոչ է հնչեցրել  հորդորելով ծեծի ենթարկել բոլոր տրանս անձանց։ 

Ժամեր անց յութուբ սոցիալական ցանցում Karen Arayan անունով օգտատերը հրապարակել է տեսանյութ «UԱSԿԱՑՐԵՑ SՐԱՆUԳԵՆԴԵՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՈՒՄ / ԿԵՑՑԵՍ ՎԱՀԵ»  վերնագրով։ Տեսանյութից պարզ է դառնում, որ Karen Arayan-ը հանդիսանում է «Լույսի բանակ» ՌԲՀԿ նախագահը։ Տեսանյութի ամբողջ ընթացքում Karen Arayan-ը հրապարակայնորեն արդարացնում է բռնությունը և հայտնում, որ Վահե Եղիազարյանին «Լույսի բանակ» ՌԲՀԿ-ի կողմից տրվել է շնորհակալագիր, քանի որ տրանս անձին ծեծի ենթարկելով՝ նա կատարել է հայրենանվեր գործունեություն։ 

Միաժամանակ Karen Arayan օգտատերը տեսանյութով ազդարարում է տրանս անձանց ծեծի ենթարկելու ակցիայի սկիզբը։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը ՀՀ օրենքով սահմանված կարգով քայլեր է ձեռնարկել և շարունակելու է հետևողական լինել՝ բռնություն գործադրած և բռնության կոչեր ու սպառնալիքներ հնչեցրած անձանց և համապատասխան կառույցներին պատասխանատվության ենթարկելու համար։ 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խտորեն դատապարտում է շարունակական բռնությունը անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով և կոչ է անում ՀՀ ոստիկանությանը 

  • Գործուն քայլեր ձեռնարկել մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ 
  • Հետամուտ լինել կանխելու հետագայում նմանատիպ դեպքերը։