ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ, ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ (IDAHOBIT-2022)
Ամեն տարի մայիսի 17-ն աշխարհում նշվում է որպես հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր: 1990թ․-ի մայիսի 17-ին նույնասեռականությունը հանվեց ԱՀԿ հիվանդությունների միջազգային դասակարգչի հոգեկան խանգարումների ցանկից։ Ահա թե ինչու է մայիսի 17-ը նշվում որպես հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր: Այժմ՝ տասնյակ տարիներ անց, աշխարհի շատ պետություններ կատարելագործել են հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի մեխանիզմները և ստեղծել են անվտանգ, ատելությունից ու բռնությունից զերծ միջավայր ԼԳԲՏԻ անձանց համար:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն յուրաքանչյուր տարի անդրադարձ է կատարում օրվա խորհրդին և կազմակերպում միջոցառումներ՝ ակցիաների, քննարկումների և ասուլիսների տեսքով՝ ԼԳԲՏԻ մարդկանց հիմնախնդիրների վրա հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով։
ՆՍՀԿ-ի նախաձեռնությամբ այս տարի մի քանի համայնքահեն և իրավապաշտպան կառույցներ միավորեցին իրենց ջանքերը՝ ԼԳԲՏԻ համայնքին տրամադրելու մի հարթակ, որտեղից վերջիններս հնարավորություն ունեցան տարբեր շահագրգիռ կառույցներին՝ դիվանագիտական և պետական մարմինների, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին, ներկայացնելու իրենց հուզող խնդիրները և քննարկելու դրանց լուծմանն համար հնարավոր ուղիները։
Միջոցառումն անցկացվեց «ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ, ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ․ ԱՌԱՋԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» խորագրով հանդիպում-քննարկման միջոցով: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, ՀՀ պետական մարմինների, տեղական ՀԿ-ների, համայնքահեն ՀԿ-ների և համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և ակտիվիստներ։
Քննարկման սկզբում բացման խոսքով ելույթ ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին հրավերը ընդունելու և ներկա գտնվելու համար, կարևորեց երկխոսությունը շահագրգիռ բոլոր կողմերի հետ։
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան օտարերկրյա դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները` Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլենշինգերը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան/խորհրդական, Շվեդական զարգացման համագործակցության համակարգող Աննիկա Նորդին Ջայավարդենան, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը, ովքեր վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` հնարավորինս օգնելու, որպեսզի Հայաստանում խարանը և խտրականությունը դուրս մղվեն հասարակությունից: Նրանք նաև անդրադարձան այն հնարավորություններին և ծրագրերին, որոնք իրենց կառույցները իրականացնում են կամ նախատեսում են ԼԳԲՏԻ անձանց համար։ Հանդիպմանը հրավիրված հյուրերը և համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հղելու իրենց հարցերը դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներին և ստանալու պատասխաններ։
Ողջույնի խոսքերից հետո մեկնարկեց «Խոսում է ՀԱՄԱՅՆՔԸ․ մեր մարմինները, մեր կյանքերը, մեր իրավունքները» հարթակը այն անձանց մասնակցությամբ, որոնք հպարտության պատմություններ ունեին կիսելու լսարանի հետ։ Քննարկումը վարում էին ակտիվիստներ Հմայակ Ավետիսյանը և Մոնիկա Սարկիսյանը։ Քննարկման մասնակիցները խոսեցին օրվա խորհուրդից և կարևորությունից, կիսեցին իրենց հպարտության պատմությունները, բարձրաձայնեցին խնդիրները և մարտահրավերները, ներկայացրին, թե ինչպես են տեսնում Հայաստանում հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի հետագա ընթացքը և իրենց դերը այդ գործընթացում։
«Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, տրանսգենդեր կին ակտիվիստ Կամելիա Ղանդիլյանը խոսեց Հայաստանում տրանս* անձանց խնդիրներից, իրավիճակը բարելավելուն ուղղված գործողություններից, գրանցված առաջընթացից։ Նա նշեց, որ տրանս* անձինք ավելի տեսանելի են դարձել, մարդիկ սկսել են խոսել համայնքի խնդիրներից։
«Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան ՀԿ ադվոկացիոն համակարգող, տրանսգենդեր կին ակտիվիստ Մոնիկա Սարկիսյանը խոսեց գենդերային անցման գործընթացից, այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտներից և մարտահրավերներից, անձնական փորձից։
«Հանուն ազատության» իրավապաշտպան ՀԿ նախագահ Բաբկեն Ղարդյանը առանձնացրեց ԳԲՏ անձանց խնդիրներից քրեակատարողական հիմնարկներում։
«Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Սարգիս Այվազյանը բացահայտեց Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց համար առողջապահական ծառայությունների խնդիրներից, առողջության իրավունքի խախտման դեպքերից, առողջապահական հաստատություններում խարանի և խտրականության բարձր մակարդակից։
Քննարկման վերջում մասնակիցները հղեցին իրենց ուղերձները համայնքի ավելի երիտասարդ ներկայացուցիչներին՝ իրենց իրավունքներին տեր կանգնելու և պայքարը շարունակելու ոլորտում։ Հանդիպման ընթացքում կազմակերպվել էր նաև ֆոտոուղերձների արշավ, որի շրջանակներում Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպաններ, դիվանագիտական մարմինների այլ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ աջակիցներ ուղերձներ էին հղել՝ հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված։ Նշված ուղերձներով լուսանկարների ցուցահանդեսը, իրազեկման այլ նյութերի հետ, կազմում էր միջոցառման կարևոր մասնիկը՝ ևս մեկ անգամ շեշտելով օրվա կարևորությունը։
Միջոցառումն ամփոփվեց ազատ զրույցով և մտքերի փոխանակմամբ։
Միջոցառումն իրականացվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի և Առողջության, իրավունքների, գենեդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ