ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀ «ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈւԹՅԱՆ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ԻՆ
2021թ․-ի դեկտեմբերի 10-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրվեց առաջին ենթադրամաշնորհը « Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում՝ ուղղված ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության, անխտրականության և հավասարության խթանմանը։
Ենթադրամաշնորհը տրամադրվել է «Հանուն ազատության» իրավապաշտպան ՀԿ-ին՝ «Շահերի պաշտպանություն՝ հանուն Հայաստանում ԳԲՏ դատապարտյալների իրավունքների պաշտպանության» ծրագրի իրականացման համար։
Ծրագրի նպատակն է կատարել հետազոտություն՝ պարզելու ՔԿՀ-ներում գտնվող ԳԲՏ անձանց առաջնային խնդիրները և մշակել առաջարկությունների փաթեթ՝ վերոնշյալ խնդիրները հասցեավորելու համար։
Հետազոտությունը իրականացվելու է ընտրված փորձագետի միջոցով։ Կազմվելու են կարիքների գնահատման առցանց հարցաթերթիկներ, որոնք տարածվելու են շահառուների շրջանում։ Լրացված հարցաթերթիկների արդյունքները ամփոփվելու են փորձագետի կողմից։
Հետազոտությունը ուղարկվելու է համապատասխան շահագրգիռ կողմերին՝ ՀՀ արդարադատության նախարարություն, ոլորտային ՔՀԿ-ներ, ՔԿՀ-ներ և այլն։
Շնորհավորում ենք «Հանուն ազատության» իրավապաշտպան ՀԿ-ին՝ վստահ լինելով նշված նպատակների բարեհաջող իրականացման և արդյունավետ համագործակցության վրա՝ ի նպաստ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը, խտրականության վերացմանը և հավասարության հաստատմանը Հայաստանում:
Ենթադրամաշնորհը տրամադրվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: