ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ․ ՄԻԱՎ-Ի ԵՎ COVID-19-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

ՄԻԱՎ-ը՝ Մարդու իմունային անբավարարության վիրուսը, ժամանակին ախտորոշելու դեպքում լիովին վերահսկելի է, այնինչ մինչ օրս շատերը ՄԻԱՎ-ը նույնացնում  են ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի հետ և ախտորոշումը համարում մահվան դատավճիռ: Իրականում ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարբերաբար հետազոտվելը կօգնի ժամանակին հայտնաբերել և վերահսկել այն:

 

 2021թ․-ի դեկտեմբերի 7-ին և 8-ին  ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» (ԻՀԱԿ) տեղի ունեցավ հերթական վերապատրաստման դասընթացը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի խորհրդատուների համար։ Դասընթացը կարևոր է նրանով, որ անմիջականորեն թիրախային խմբերի հետ աշխատող անձինք, այս դեպքում՝ աութրիչ աշխատակիցները, ամրապնդում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրենց գիտելիքների պաշարներն ու ձեռք են բերում համապատասխան մասնագիտական հմտություններ իրենց իսկ շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու համար: Սա իր հերթին հնարավորություն է ստեղծում այս հետազոտությունը դարձնել առավել հասանելի այն խմբերի համար, որոնց հետ աշխատում է կազմակերպությունը:

Առաջին հատվածում ԻՀԱԿ Համաճարակաբանության բաժնի վարիչ Տիգրան Ուգուջյանը անդրադարձավ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի իրավիճակին Հայաստանում, խոսեց ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերից, ՄԻԱՎ-ի կանխարգելումից և թեստավորման կարևորությունից, բուժման ընթացքից, ինչպես նաև ներկայացրեց սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ արված հետազոտություններ։

 

Դասընթացը շարունակեց ԻՀԱԿ աշխատակից Մարինե Ասրյանը, որը խոսեց աութրիչ աշխատանքից, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության հիմնական սկզբունքներից ու հմտություններից, ինչպես նաև թեստերի տարբեր պատասխանների դեպքում խորհրդատվության առանձնահատկություններից։

Այնուհետև ԻՀԱԿ բժշկուհի Ելենա Սիլկան մասնակիցներին ներկայացրեց ՄԻԱՎ վարակի կլինիկական ընթացքը, հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման սկզբունքները և ՀՌՎ բուժման նպատակները, ապա գործնականում իրականացրին թեստավորում և ծանոթացան ՄԻԱՎ-ի ախտորոշման լաբորատորիայի աշխատանքներին։ Այնուհետև բժշկուհի Թամարա Հովսեփյանի հետ մասնակիցները բացահայտեցին ինքնաթեստավորման առանձնահատկությունները, սովորեցին հետազոտության արդյունքների ճիշտ մեկնաբանումը։

 

Օրվա երկրորդ հատվածում ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մասնակիներին ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդությունը և հետևանքները, ինչպես նաև պատվաստման կարևորությունը։

 

Դասընթացը ամփոփեց ԻՀԱԿ մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Դալլաքյանը, ով մասնակիցներին տրամադրեց տարրական գիտելիքներ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ՝ շահառուներին խորհրդատվություն տրամադրելու և թեստավորելու ընթացքում առավել պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար։

 

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսից ՆՍՀԿ-ի շահառուներն արդեն իսկ հնարավորություն ունեն անվճար, գաղտնի և անանուն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել լնդային տրանսուդատի արագ թեստերի միջոցով։ Սա ենթադրում է, որ որպես խորհրդատու վերապատրաստված աութրիչ աշխատակիցը կարող է հետազոտություն իրականացնել ինչպես ՀԿ-ի գրասենյակում, այնպես էլ շահառուի տանը և այն վայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հետազոտության իրականացման համար անհրաժեշտ նախապայմանները՝  ջերմաստիճան, լուսավորություն, գաղտնիություն և այլն»։

 

Թեստավորման վերաբերյալ վիդեո-ուղեցույցին կարող եք ծանոթանալ ՀՂՈՒՄՈՎ։

 

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: