Սոցիալապես անապահով ԼԳԲՏԻ անձանց օգնում են հասարակական կազմակերպությունները

26-ամյա Ալլան տրանսգենդեր կին է, ով ապրում է մայրիկի հետ Երևանում վարձակալած բնակարանում։ Նա մշտապես դժվարանում է աշխատանք գտնել, քանի որ ամենուր բախվում է խտրականության իր գենդերային ինքնության պատճառով։ Մայրն էլ աշխատաշուկայում բախվում է մեկ այլ՝ տարիքային խտրականության։ Այս ընտանիքը COVID-19-ի տնտեսական հետևանքները վերացնելու նպատակով Կառավարության տրամադրած աջակցության ծրագրերից որևէ մեկի շահառուն չէ, պետությունից ֆինանսական օգնություն չեն ստացել։ «Գոյատևել ենք հասարակական  կազմակերպությունների աջակցություններով, ով որքան կարողացել է, օգնել է»,- ասում է Ալլան։ Տրանսգենդեր կինը նախկինում աշխատել է արտադրամասում և սպասարկման ոլորտում, սակայն տևական ժամանակ է՝ աշխատանք չունի, գտնելու հույս ևս չունի, քանի որ  համավարակով պայմանավորված սպասարկման ոլորտի աշխատատեղերը կրճատվել են։ 

 

Նման խնդրի առաջ է կանգնել նաև 20-ամյա Սուրենը, ով մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ է, աշխատել է սպասարկման ոլորտում, նախքան արտակարգ դրությունը 7 ամիս շարունակ աշխատել է Երևանի հայտնի ռեստորաններից մեկում։ Ասում է՝ ընկերության անգործության հետևանքով իր աշխատանքը չի գրանցվել «Ես թղթերս ներկայացրել էի, բայց իրենք չեն գրանցել ինձ։ Երբ աշխատում էի, կարողանում էի վճարել և՛ տան վարձը, և՛ կոմունալ վճարները, և՛ հոգալ իմ մյուս կարիքները»։ Սուրենն ընկերների հետ վարձով է ապրում Երևանում։ Ընկերները ևս ներկայումս աշխատանք չունեն։ Բնակարանի վարձը վճարելը տղաների համար լուրջ խնդիր է դարձել, բայց Սուրենը չի ցանկանում վերադառնալ իր տուն, ընտանիքի հետ խնդիրներ ունի իր սեռական կողմնորոշման պատճառով։ «Ես ավելի շուտ փողոցում կքնեմ, քան կվերադառնամ տուն․․․»,- ասում է նա։ 

 

Սուրենն աշխատել է մինչև այս տարվա մարտի 16-ը, դրանից հետո գոյատևել է իր խնայողություններով, ընկերների ու հասարակական կազմակերպությունների տրամադրած ֆինանսական օգնությամբ։ «Ես փորձել եմ աշխատանքի մտնել որևէ խանութում, բայց դա անհնար եղավ, քանի որ խանութներում ևս կրճատումներ են եղել այս ընթացքում։ Էլ չեմ կարող այսպես «ձգել»»։

 

Իսկ «ձգելու» հարցում օգնության են հասնում հասարակական կազմակերպությունները։ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն քաղաքացիներին տրամադրում է ինչպես ֆինանսական օգնություն, այդպես էլ սնունդ։ Հիմնվելով ՀՀ Կառավարության կողմից տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների վրա՝ կազմակերպությունն օգնություն է տրամադրել Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի թվով 10 և Երևան համայնքի թվով 14 ընտանիքների։ Կազմակերպության դիմած ընտանիքներից ևս 32-ին տրամադրվել են սննդի փաթեթներ, իսկ ֆինանսական աջակցություն են ՀԿ-ից ստացել շուրջ 50 անձինք։

 

Կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանն ընդգծում է, որ ՆՍՀԿ-ն մարդասիրական կազմակերպություն է, և իրենց գործողությունների հիմնաքարը մարդասիրական աշխատանքների իրականացումն է Հայաստանում։ «Դեռ 2002 թվականից մեր կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է բարեգործական ծրագրեր, որոնք ուղղված են եղել առավել ռիսկային ու սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելուն»,- պատմում է Գաբրիելյանը։

 

COVID-19-ով պայմանավորված՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն որոշում է կայացրել դիմել  գործընկեր կազմակերպություններին ու աշխատակիցներին, ծառայություններ տրամադրողներին՝ խնդրելով կատարել նվիրատվություն, որը կուղղվի ռիսկային խմբերին ու սոցիալապես անապահով ընտանիքներին։ «Թե՛ միջազգային կազմակերպությունների, և թե՛ անհատների կողմից առաջարկը ընդունելի էր անմիջապես բացվեց հաշվեհամար, և կատարվեցին փոխանցումներ»,- պատմում է կազմակերպության ֆինանսիստ Արման Սահակյանը։

 

Կազմակերպությունը նաև դրամական և նյութական օգնություն է տրամադրում ՏՍՏ/ԼԳԲՏԻ, ԿՍԿ, ԹՆՕ* անձանց։ «Հայտարարությունները տարածվել են բոլոր հնարավոր սոցիալական ցանցերով։ Այս պահին էլ այն բաց է, մարդիկ դիմում են, և փորձում ենք դանդաղ, սակայն շարունակականորեն աջակցել»,- ասում է կազմակերպության նախագահը։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին դիմած քաղաքացիներից մեկն էլ 40-ամյա Արշակն է, ով չէր կարողանում զսպել արցունքները մեր զրույցի ընթացքում։ Նա առողջական ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, որոնց մասին հուզմունքով է խոսում։ «Շատ խիստ կասկածում եմ, որ կկարողանամ վերադառնալ աշխատանքի, խոցային կոլիտներ ունեմ․․․»։

 

Նա հագուստի դիզայներ է, բեմական հագուստ է կարել Երևանի գիշերային ակումբների պարուհիների համար։ Ամիսներ առաջ առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է աշխատանքը։ Արշակին Կառավարության տրամադրած օգնությունից ոչինչ չի հասել։ «Նախկինում երբեք գրանցված աշխատող չեմ եղել, ո՞վ պիտի գրանցեր ինձ, ես միշտ տնից եմ աշխատել, հագուստները տարել եմ տվել ակումբներին»։ Նույնասեռական տղամարդն ընկերոջ հետ վարձով է ապրում Երևանում։ Համավարակով պայմանավորված՝ ընկերը ևս ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը, և այժմ նրանք լուրջ ֆինանսական խնդիրների առջև են կանգնած։ ««Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունն ինձ 60,000 դրամ է տվել, որից 15,000-ը միայն դեղերին եմ տվել, չգիտեմ՝ ոնց եմ տան վարձս մուծելու»,- ասում է Արշակը։

 

Ի դեպ, մեր զրուցակիցների օրինակով ևս մեկ անգամ փաստվում է, որ ԼԳԲՏԻ անձինք առավել խոցելի են համավարակի պայմաններում, որի մասին գրել էինք մեր նախորդ հոդվածում։ Համայնքի ներկայացուցիչների խոցելիությանն է նպաստում նաև այն, որ նրանցից շատերը ժամանակին ստիպված են եղել հեռանալ իրենց ընտանիքից ու բնակարան վարձակալել։ 

 

COVID-19-ի տնտեսական հետևանքները վերացնելու նպատակով Կառավարության կողմից մինչ օրս հատկացվող օժանդակության ծրագրերից որևէ մեկը նախատեսված չէ սոցիալապես անապահով ԼԳԲՏԻ անձանց համար։ Իհարկե, չի բացառվում, որ օժանդակություն ստացողների մեջ կան ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներ, սակայն նրանցից շատերն աշխատել են սպասարկման ոլորտում, որտեղ հաճախ աշխատակիցներին չեն գրանցում, ուստի հարկային դաշտում չկան այդ անձանց տվյալները, հետևաբար նրանք չեն ընդգրկվել Կառավարության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերում։ 

 

Փոխարենը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի միջոցով սոցիալապես անապահով ԼԳԲՏԻ անձանց աջակցելու ծրագրին իրենց ֆինանսական մասնակցությունն են ունեցել Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը, Արգենտինայի դեսպանատան ներկայացուցիչը, Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիան (ECOM), կազմակերպության աշխատակիցները, նրանց ամերիկահայ ընկերներն ու բարեկամները։

 

ՀԳ – Հոդվածում ներկայացված ԼԳԲՏԻ անձանց անունները փոխված են։

 

* ՏՍՏ — տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ: 

ԼԳԲՏԻ – լեսբի գեյ, բիսեքսուալ տրանս, ինտերսեքս

ԿՍԿ — կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք

ԹՆՕ — թմրամիջոցների ներարկային օգտագործող

 

Արման Ղարիբյան

Անկախ լրագրող

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի տեսակետները: