ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում

«Covid-19» համավարակով պայմանավորված՝ աշխարհի տարբեր երկրներ իրենց հիմնական ռեսուրսներն ուղղում են առողջապահական և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանը: Հայաստանը ևս բացառություն չի կազմում: Մեր երկրում նույնպես ձեռնարկվում են համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված զանազան միջոցառումներ, սակայն ստեղծված արտակարգ իրավիճակում երկրորդ պլան է մղվել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը: Մի կողմից՝ «խոցելի» բառի իմաստը նեղացել է՝ կենտրոնանալով հիմնականում տարեցների վրա, մյուս կողմից՝ բոլորն են խոցելի դարձել համավարակի առջև: Այնուամենայնիվ, թունելի վերջում լույս երևում է. առաջավոր գիտահետազոտական կենտրոնների կանխատեսումների համաձայն՝ վարակի պատվաստանյութը վաղ թե ուշ կհայտնաբերվի:

 

 

Իսկ ատելությա՞ն պատվաստանյութը: Դե, մեծ հաշվով, այն վաղուց կա, բայց որոշ օրգանիզմներ չեն ընդունում բարությունն ու հանդուրժողականությունը: Արդյունքում, ատելությունը բարդություններ է տալիս, ախտահարում օրգանիզմը, սուր վարակիչ հիվանդության պես տարածվում: Այնուհանդերձ, պետական մակարդակով արտակարգ միջոցառումներ չեն ձեռնարկվում, ու ատելությունը մի տեսակ սովորական է դառնում: Oրինակ՝ ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) անձինք բախվում են դրան ամեն քայլափոխի՝ սկսած սեփական ընտանիքից մինչև բուժհաստատություններ ու կրթօջախներ: Այս մասին միաբերան բարձրաձայնում են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և նույն կազմակերպության աշխատակիցներ Արման Սահակյանը, Ալինա Միրզոյանը և Անահիտ Մկրտչյանը: Ըստ մեր զրուցակից իրավապաշտպանների՝ հայ հասարակության մեջ արմատացած խարանն ու խտրականությունը, օրենսդրական բացերն ու պետության խուսափողական քաղաքականությունը պարարտ հող են ստեղծում ատելության խոսքի արմատացման համար: Ու շատ չանցած՝ խոսքը դառնում է գործ, որոշ դեպքերում էլ՝ քրեական:

Օրինակ՝ մի քանի ամիս առաջ Երևանի և ՀՀ մարզերի բանուկ փողոցներում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք իրականացնող «Կամք» նախաձեռնության հոմոֆոբ անդամները չբավարարվեցին մանիպուլյատիվ հնարքների միջոցով անցորդներից ստորագրություններ կորզելով: Ազգային արժեքների «անձնուրաց առաջամարտիկների» դեմ քրեական գործ հարուցվեց՝ ստորագրահավաքի ընթացքում գյուղացի պապիկների ծեծի ենթարկելու համար: Դե հո չէի՞ն կարող շեղվել «Մեծին լսի՛ր, բայցև ծեծի՛ր» «ավանդական» բարոյախոսությունից… Թեպետ, անկեղծ ասած, մի փոքր շեղվել են՝ ձեռքի հետ ծեծելով նաև մի երիտասարդ տղայի: «Կնամեծար» պարոնները հասցրել են նաև մի աղջկա հարվածել ու հայհոյել:

Մեկ այլ դեպքում էլ «ավանդական» արժեքներով տոգորված մի կիսամերկ երիտասարդ ոչ պակաս ավանդական «զելյոնկա» լցրեց Հանրապետության հրապարակում ելույթ ունեցող ինքնագործ խմբակի մասնակիցներից մեկի վրա, ով իր կարծիքով սատանիստ լեսբի էր: Հետո «քիմիկոս» երիտասարդը, ով համատեղության կարգով նաև հրեատյաց է, մամուլի ասուլիս հրավիրեց, որում մանրամասն նկարագրում էր «զելյոնկայով» լուծույթի բաղադրատոմսը, պատրաստման եղանակը և կիրառման առանձնահատկությունները: Հենց նույն ասուլիսի ընթացքում հիշատակվեց մի տեսանյութ, որից դատելով կարելի է եզրակացնել, որ էկզիբիցիոնիստական հակումներով աչքի ընկնող երիտասարդը լատենտ նույնասեռական է, ով անսպասելի կանաչագրոհով փորձում էր ցրել իր կողմնորոշման հետ կապված հնարավոր կասկածները: Թերևս հենց նույն նպատակով էլ նա սպառնալիքներ էր տեղում իրավապաշտպանների՝ մասնավորապես «Նոր Սերունդ» և «Փինք» կազմակերպությունների աշխատակիցների հասցեին՝ հընթացս զրպարտելով նրանց մանկապղծության և անչափահասներին այլասերելու մեջ: 

 

Թեպետ Թավշյա հեղափոխությունը մեկ քայլ առաջ էր մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ցավոք, նմանատիպ զազրելի երևույթները շարունակվում են հետհեղափոխական շրջանում: Դեռ ավելին, «Նոր Սերունդ» ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանն ընդգծում է, որ հեղափոխությունից հետո ատելության խոսքը և բռնության քարոզը նոր թափ են ստացել: Ըստ նույն կազմակերպության ծրագրերի համակարգող Ալինա Միրզոյանի՝ սա բացատրվում է այն հանգամանքով, որ ՀՀ նախկին իշխանությունները ԼԳԲՏԻ համայնքի հետ կապված ցանկացած հարց օգտագործում են որպես մանիպուլյատիվ գործիք՝ հասարակությանը գործող իշխանության դեմ տրամադրելու համար։ Որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից ուղղորդվող ԶԼՄ-ներն ու առցանց հարթակները ողողված են բռնության կոչերով և սպառնալիքներով: Մարդիկ էլ հաճախ խայծը կուլ են տալիս՝ առանց դույզն-ինչ կասկածելու, որ թեման շահարկվում է զուտ քաղաքական շարժառիթներով: Ու քանի որ «գողական աշխարհի» չգրված օրենքները շարունակում են ակտուալ մնալ նաև քրեակատարողական հիմնարկներից դուրս, ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների հետ նորմալ մարդկային շփում ունեցող մարդիկ և հատկապես իրավապաշտպանները հաճախ նույնացվում են նրանց հետ՝ արժանանալով նույնպիսի խտրական վերաբերմունքի:

Անդրադառնալով այս խնդրին՝ Ալինա Միրզոյանը վկայակոչում է 2018թ.-ին Հայաստանում կայանալիք ԼԳԲՏԻ Քրիստոնյաների ֆորումի հետ կապված զարգացումները: Ֆորումը չեղարկվեց ԼԳԲՏԻ անձնանց և նրանց հիմնահարցերով զբաղվող իրավապաշտպանների հասցեին սպառնալիքների, ատելության քարոզի, բռնության կոչերի և առարկայական դրսևորումների պատճառով։ Այս կոչերի հիմնական թիրախներից էր «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն՝ որպես Հայաստանում ֆորումը հյուրընկալող կազմակերպություն: Սպառնալիքներից զերծ չմնացին նաև կազմակերպության շահառու խմբերը։ Այդ ամենը հանգեցրեց նրան, որ կազմակերպությունը ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը:

 

Մեր զրուցակից իրավապաշտպանները պնդում են, որ վերոնշյալ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել համալիր մոտեցմամբ: Քանի որ հոմոֆոբիան հաճախ սերում է թյուր պատկերացումներից և իրազեկվածության ցածր մակարդակից, անհրաժեշտ է նախևառաջ կրթական գործունեություն ծավալել հայ հասարակության շրջանում՝ այս զգայուն թեմայի վերաբերյալ հանրային իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

 

Զուգահեռաբար, պետք է լրացնել օրենսդրական բացերը: Թեպետ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվում է դեռևս 2018 թվականից, օրենքը մինչ օրս չի ընդունվել: Իրավապաշտպաններ Սերգեյ Գաբրիելյանը և Նարե Հովհաննիսյանը  նախագիծը համարում են թերի՝ փաստելով, որ դրանից իսպառ բացակայում են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունն արգելող դրույթները: Բացի այդ՝ իրավապահ համակարգում հաճախ սոլիդարությամբ են վերաբերվում բռնարարներին մասնավորապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ԼԳԲՏԻ համայնքի իրավունքների ոտնահարմանը. զուր չէ, որ  ավելի վաղ հիշատակված կիսամերկ երիտասարդը տխրահռչակ ասուլիսի ընթացքում շնորհակալություն էր հայտնում ոստիկաններին միջադեպից հետո իր հանդեպ ցուցաբերված բարեհամբույր վերաբերմունքի համար: Փաստաբան Անահիտ Մկրտչյանը  նշում է, որ իրավական կարգավորում պահանջող խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում նույնասեռականությունը դասվում է հոգեկան խանգարումների շարքին, թեպետ այն վաղուց ի վեր որպես հիվանդություն չի դիտարկվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

 

ԼԳԲՏԻ համայնքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հաջորդ կարևորագույն լծակը պետական հոգածությունն է: Մեր զրուցակից իրավապաշտպանները կիսում են այն տեսակետը, որ ներկայումս բավարար մակարդակով պետական հոգածություն չի տրամադրվում ԼԳԲՏԻ համայնքին: Ասվածի ամենաթարմ օրինակը կապված է համավարակի ազդեցության չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի հետ: Ինչպես նշում է «Նոր Սերունդ» ՀԿ ֆինանսական համակարգող Արման Սահակյանը, դրանցից և ոչ մեկում հաշվի առնված չեն ԼԳԲՏԻ համայնքի կարիքները, մինչդեռ համայնքի անդամները կրկնակի խոցելի են դարձել արտակարգ իրավիճակում: Այս մտահոգությունը կիսում է Նարե Հովհաննիսյանը: Իրավապաշտպանները պարզաբանում են, որ  ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներից շատերը չգրանցված աշխատողներ են (մատուցողներ, բարմեններ, վարսավիրներ), ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց՝ սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորությունը: Բացի այդ՝ շատերը ենթարկվում են ընտանեկան բռնության իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության համար: Ուստի, արտակարգ իրավիճակի պայմաններում աճում է նրանց նկատմամբ ֆիզիկական բռնության և հոգեբանական ճնշումների հավանականությունը: Եթե սովորական իրավիճակում ոմանք կարողանում են բնակարան վարձել թեկուզ չգրանցված աշխատանքից ստացվող եկամուտով, այս օրերին նրանք կարող են ընդհուպ փողոցում հայտնվել: Ընդ որում, համայնքի ներկայացուցիչների համար բնակարան վարձելը մեծ դժվարություն է ներկայացնում անգամ սովորական պայմաններում: Բանն այն է, որ վարձատուներից շատերը խտրական մոտեցումների պատճառով խուսափում են իրենց բնակարանը վարձակալության տալ ԼԳԲՏԻ անձանց:

 

Անդրադառնալով պետական աջակցության հարցին՝ Սերգեյ Գաբրիելյանը, Նարե Հովհաննիսյանը, Ալինա Միրզոյանը և Արման Սահակյանը նշում են, որ ԼԳԲՏԻ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և պետության միջև համագործակցությունը պատշաճ մակարդակով չի իրականացվում, քանի որ պետության կողմից փոխգործակցության բավարար պատրաստակամություն չկա: Ուստի անհրաժեշտ է ամրապնդել պետության և ՀԿ-ների միջև համագործակցությունը՝ որոշումների կայացման գործընթացում ներգրավելով ինչպես շահագրգիռ ՀԿ-ներին, այնպես էլ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներին:

 

 

Այսպիսով, ԼԳԲՏԻ համայնքի առջև ծառացած հիմնահարցերի լուծման համար անհրաժեշտ է իրականացնել կրթադաստիարակչական և իրավական բարեփոխումներ՝ միաժամանակ ամրապնդելով ԼԳԲՏԻ համայնքին ուղղվող պետական աջակցությունը, ինչպես նաև պետության ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը: 

 

Հեղինակ՝ Կ. Ա

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: