ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ – ԽԹԱՆԵԼՈՎ ՄԻԱՎ-ՈՎ ԱՊՐՈՂ ԿԱՆԱՆՑ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) մեկնարկել է «Խթանելով թիրախ խմբերի ակտիվ մասնակցությունը հանուն առաջնորդության  և զարգացման» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է խրախուսել թիրախ խմբերի մասնակցությունը Հայաստանում բյուջետային ադվոկացիայի գործընթացներում։ Ծրագրի շահառու խմբերն են ՏՍՏ և տրանս* անձինք, ՄԻԱՎ-ով ապրող կանայք, թմրամիջոցներ օգտագործողները։

2020 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցավ առցանց դասընթաց ՄԻԱՎ-ով ապրող կանանց շրջանում։ Դասընթացը միտված էր համայնքի ակտիվիստների շրջանում իրազեկվածության բարձրացմանը, առաջնորդության զարգացմանը, որպեսզի նրանք հետագայում կարողանան զբաղվել բյուջետային ադվոկացիայով։ Դասընթացի մասնակիցները հետագայում կհրավիրվեն Բյուջետային ադվոկացիա թեմայով դասընթացի։

Առցանց դասընթացի բացման խոսքով հանդես եկավ ծրագրի համակարգող Հմայակ Ավետիսյանը, որը ներկայացրեց ծրագրի էությունը, նպատակը, թիրախ խմբերը, ինչպես նաև ծրագրով նախատեսված գործողությունները։

Դասընթացի բացման խոսքով հանդես եկավ Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ծրագրերի համակարգման փոխտնօրեն Ելենա Գերմանը։

Ողջունելով մասնակիցներին՝ վերջինս նախ շնորհակալություն հայտնեց նման ձևաչափով դասընթացները մեկնարկելու, համախմբման միջոցառումներ կազմակերպելու համար, ապա ներկայացրեց ծրագրով նախատեսված աշխատանքները, COVID-19-ով պայմանավորված խոչընդոտները, հույս հայտնեց, որ շուտով կկարողանա Երևանում հանդիպել համայնքների ներկայացուցիչների հետ։

Ողջույնի և ներկայացման խոսքերից հետո ՆՍՀԿ փաստաբան Անահիտ Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրեց ՄԻԱՎ-ի ոլորտում ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությունը։ Նա մասնավորապես անդրադարձավ ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքներին և պարտականություններին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և պետության պարտավորություններին։ Խոսվեց ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների՝ մասնավորապես աշխատանքային իրավունքի ոլորտի սահմանափակումներից, իրավախախտումներից և պաշտպանության մեխանիզմներից։

Դասընթացի երկրորդ հատվածի թեման որոշումների կայացման գործընթացում թիրախ խմբերի մասնակցության կարևորությունն էր։  «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ, դասընթացավար Անահիտ Հարությունյանը ներկայացրեց որոշումների կայացման մեթոդները, Միջոցառումների համակարգող հանձնաժողովի աշխատանքները և համայնքների ներգրավվածության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում։ Նա մոտիվացիոն ելույթով մասնակիցներին հասցրեց այն գաղափարը, որ իրենք պետք է իրենց իրավունքներին տեր կանգնեն։

Առցանց դասընթացը անցավ ջերմ մթնոլորտում, մասնակիցները հնարավորություն ստացան մեկնաբանությունների միջոցով հարցեր տալու և լիարժեք պատասխաններ ստանալու, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին՝ բյուջետային ադվոկացիայի գործնթացի մասը կազմելու։