ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐՏԱԳՆԱ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ IBBS-2021-Ի ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՅԱԼ

2021 թվականի մայիսի 20-21-ը Աղվերանում տեղի ունեցավ երկօրյա արտագնա ադվոկացիոն աշխատանքային հանդիպում-քննարկումը տրանս* անձանց շրջանում IBBS-2021-ի անցկացման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Նաիրա Սերգեևան, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցներ Հրաչյա Կյուրեղյանը և Մարիետտա Միրզոյանը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակիցներ, Տրանս* անձանց հայաստանյան աշխատանքային խմբի (ՏԱՀԱԽ) անդամներ։

 

            Ադվոկացիոն աշխատանքային հանդիպման առաջին օրը մասնակիցները քննարկեցին տրանս* անձանց կարիքները ՄԻԱՎ-ի կենսաբանական և վարքագծային հետազոտության (IBBS) անցկացման համատեքստում։ IBBS-2018-ից հետո իրականացված արդյունքների հետգնահատական-զեկույցի համահեղինակ Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց, թե հարցումներ իրականացնող անձնակազմի և տրանս* համայնքի շրջանում ֆոկուս խմբային քննարկումների արդյունքում ինչ առաջարկությունների փաթեթ էր մշակվել, այդ առաջարկությունների արդիականությունը և իրականացումը։ Քննարկումների և խմբային աշխատանքների արդյունքում մշակվեց տրանս* անձանց կարիքներին և խնդիրների ուղղված առաջարկությունների փաթեթ, ինչը պետք է հիմք հանդիսանա IBBS-2021 տրանս* անձանց շրջանում իրականացնելու համար։

 

            Հանդիպման երկրորդ օրը ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մասնագետները ներկայացրին IBBS-2021-ի անցկացման ձևաչափը։ Ակտիվ քննարկումների արդյունքում մշակված փաթեթին ավելացվեցին IBBS-2021-ի տրանս* կարիքահեն անցկացմանն ուղղված առաջարկությունները։ Մշակված առաջարկությունների փաթեթը կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին աշխատանքային հանդիպումից անմիջապես հետո։

 

            Ադվոկացիոն աշխատանքային հանդիպումը միտված էր տրանս* անձանց կարիքների և խնդիրների վերհանմանը և IBBS-2021-ի տրանս* կարիքահեն իրականացմանը։ Այն անցավ չափազանց ակտիվ քննարկումների և արդյունավետ երկխոսության միջավայրում։

 

            Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ ՌԱԴԻԱՆ-ի ֆոնդերի հաշվին։