ՄԻԱՍԻՆ ԴԻՄԱԿԱՅեԼՈՎ, ԱՋԱԿՑԵԼՈՎ, ԱՄՈՔԵԼՈՎ

Ձեր նմաններին չեմ սիրում, իսկ Սահմանադրությո՞ւնը

33-ամյա Աշոտն առողջական խնդիրներ ուներ։ Կոկորդն էր ցավում և տնային բուժումներն օգուտ չէին տվել։ Դիմում է թաղամասային պոլիկլինիկա։ Մեծ է լինում նրա զարմանքը, երբ բժշկուհին ասում է՝ «քեզ չեմ ախտորոշելու»։ «Նայեց ինձ, արտաքինիս ու ասաց՝ եթե քեզ հետազոտեմ, ապա դրանից հետո հիվանդ չեմ ունենա։ Կասեն գոմիկների ես սպասարկում։ Ու կզզվեն մոտս գան, հետո էլ, բացի դրանից, ես ձեր նմաններին չեմ սիրում»։ Աշոտը փորձում է հակաճառել՝ պնդելով, որ հիպոկրատի երդվյալը խտրական վերաբերմունք չպիտի ունենա և հետո ինչի՞ց ենթադրեց, որ ինքը նույնասեռական է։ «Ասեց՝ տղա ջան, հագուկապից, վրայիդ տատուներից, գնա–գնա ստեղից, կոկորդդ էլ քիչ այլ բաների համար օգտագործի՝ չի ցավա»,–հիշում է Աշոտն ու պատմում, որ մի կերպ հուզմունքը զսպելով՝ դուրս է գալիս կաբինետից։

«Հագուկապս նորմալ էր, հաստատ մերկ չէի գնացել, ուղղակի սիրում եմ մի քիչ ազատ հագնվել, գունային տարբեր համադրություններ եմ օգտագործում»,–ասում է Աշոտը՝ ավելացնելով, որ հագուկապն ու տատուները չեն կարող որոշիչ լինել՝ մարդու խառնվածքը կամ ինքնությունը իմանալու համար։ Աշոտը վիրավորանքից զանգում է լրագրող ընկերոջը, վերջինս էլ ահազանգում է Առողջապահության նախարարություն։ «Արդյունքում, ես հետազոտվեցի հանրապետության լավագույն բժիշկների մոտ, բայց պատկերացրեք իմ նման քանիսը կարող են լինել, որ չունենան ծանոթներ ու ոտնահարվի նրանց իրավունքը»,–ասում է Աշոտը։ Նրա խոսքով, իր շրջապատում շատերը չգիտեն իր կողմնորոշման մասին, կարծում է՝ եթե իմանան էլ, ապա ոչինչ չի փոխվի իր կյանքում։ «Ես այդպիսին եմ․ գուցե հիվանդություն է, գուցե կենսակերպ։ Բայց  այդ կարծրատիպերը, զզվանքը պիտի կամաց-կամաց փոխվի։ Ես հետերոսեքսուալներին որևէ բան ասո՞ւմ եմ։ Եղբա՛յր, ես այսպիսին եմ»,–ասում է Աշոտը։

Հայաստանի Մայր օրենքի՝ Սահմանադրության մեջ գեղեցիկ ձևակերպումներով ամրագրված հոդվածներ կան։ Ըստ 3-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետությունում Մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Հոդված 23-ով՝ Մարդու արժանապատվությունն անխախտելի է: 29-րդ հոդվածով՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Սակայն շատ դեպքերում Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց իրավունքներն ոտնահարվում են, ինչի արդյունքում Աշոտը և շատ–շատերը հայտնվում են անելանելի վիճակում։  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ–ն փորձում է աջակցել լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) համայնքի անդամներին իրենց իրավունքների պաշտպանության գործում։

 

Մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: 2004թ.-ից միջազգային հանրությունը նշում է այս օրը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել աշխարհում լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ)  անձանց հանդեպ դրսևորվող բռնությանն ու խտրականությանը:  Օրը խորհրդանշական է նրանով, որ 1990թ. մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հոգեկան հիվանդությունների շարքից: 

Այս տարի  խորհրդանշական այդ օրը «Նոր Սերունդ»–ը կազմակերպել էր «ԼԳԲՏԻ համայնքը Հայաստանում․ հիմնախնդիրները, առաջընթացը և հնարավորությունները» խորագրով հանդիպում-քննարկում, որին մասնակցեցին ևաև Հայաստանում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, տեղական ՀԿ-երի, համայնքահեն ՀԿ-երի և համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և ակտիվիստներ։ 

 

ՏԵՂԵԿԱԳԻՐ-1։ Ի՞նչ են նշանակում  հոմոֆոբիա, տրանսֆոբիա, բիֆոբիա եզրույթները։

Հոմոֆոբիա–երկյուղ, վախ, ատելություն ու զզվանք նույնասեռական կամ որպես նույնասեռական ընկալվող անձանց և նույնասեռականության  նկատմամբ։ Հոմոֆոբիայի հիմքում  բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքներն են։

Տրանսֆոբիա– վախ, ատելություն ու զզվանք տրանսսեքսուալ, տրանսգենդեր կամ որպես այդպիսին ընկալվող մարդկանց  նկատմամբ։ Տրասնֆոբիայի հիմքում  բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքներն են։

Բիֆոբիա- երկյուղ, վախ, ատելություն ու զզվանք, խտրական վերաբերմունք բիսեքսուալ անձանց նկատմամբ։ Բիֆոբիայի հիմքում  բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքներն են։

 

Տոնենք սիրո ուժը

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջոն Գալագերը, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Էլիզաբեթ Քուզին, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը,  Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Ջորջ Մոնսանտան, Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան Վերներ Թյութը, Շվեդիայի Թագավորության փոխդեսպան Իզաբելլա Էրիկսոնը, Արգենտինայի դեսպանության ներկայացուցիչ Լաուրա Ֆրակասսան մայիսի 17-ին շնորհավորեցին  հայաստանյան  ԼԳԲՏԻ համայնքի անդամների տոնը։ Նրանց խոսքով՝ օրը իրավունքների մասին բարձրաձայնելու, դրանց համար պայքարելու հետ զուգահեռ  նաև տոն է, ու պիտի շնորհավորել համարձակներին։ ՄԱԿ–ի կոնվենցիաներով՝ չնայած արգելված է սեռական կողմնորոշման համար խտրականությունը, գենդերային անհավասարությունը, սակայն աշխարհում, այդ թվում Հայաստանում դեռ գերիշխում են խարանը, բռնությունը, ատելության խոսքը։ Յան Պլեշինգերի խոսքով՝ Եվրոպայում 6 չափանիշների սկզբունքներով Հայաստանը ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ խտրական վերաբերմունքով 49 պետությունների մեջ 47–ն է, ինչը այդքան էլ լավ արդյունք չէ։ Ողջունելի է, որ  Հայաստանն ընդունել է «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Լանզարոտեի կոնվենցիա), բայց անելիքներ շատ կան։ Դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, որ հունիսին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո ձևավորվող նոր կառավարությունը կընդունի անհրաժեշտ օրենսդրական փաթեթները, որոնք կբացառեն խտրականությունը։

 

 

Նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստան

2018թ–ի Հայաստանում տեղի ունեցած թավշյա  ու սիրո հեղափոխությունը Հայաստանում, ըստ իշխանությունների, շատ բան փոխեց։ Արդյո՞ք ԼԳԲՏԻ համայնքի անդամները զգացին որևէ հեղափոխական, ասել է թե արմատական փոփոխություն։  Ըստ «Նոր Սերունդ» ՄՀԿ–ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանի՝ «հեղափոխությունը մեծ առումով հասարակության կարծիքի ձևավորման վրա չի ազդել»։ «Ավելին ասեմ, ինստիտուցիոնալ առումով շատ բան չի փոխվել։ Հայաստանում ծայրահեղ հոմոֆոբ, տրանսֆոբ տրամադրությունները շարունակում են գերակշռող մնալ։ Հասարակության տարբեր խավերի շրջանում կատարված հարցումները պարզել են, որ շատերը դեռևս ԼԳԲՏԻ անձանց վառելու, սպանելու, ոչնչացնելու կոչեր են անում, ատելության հիմքով հանցագործությունները շարունակում են իրագործվել և մնալ անպատիժ»,–ասում է Սերգեյ Գաբրիելյանը։ Նրա խոսքով այս ամենի պատճառներից մեկն էլ օրենսդրական բացն է, որ պետությունը դեռևս չի ընդունում «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչը հնարավորություն կտար նաև ԼԳԲՏԻ մարդկանց դիմել դատարան, ամրագրել խախտումը։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ այն ձևաչափով, ինչ մշակել է ՀՀ Արդարադատության նախարարությունը, օրենքի ընդունումը ԼԳԲՏԻ անձանց համար դարձյալ ոչ մի էական փոփոխություն չի բերի, եթե  չփոխվի դատական համակարգը։

«Նոր Սերունդ»–ը յուրաքանչյուր տարի հրապարակում է զեկույց, որտեղ անդադարձ է կատարվում տվյալ և/կամ նախորդ տարիների իրվախախտումների և խտրականության դրսևորումներին։ «Ունենք վերլուծություն, որտեղ համեմատական է անցկացվում 2018 և 2019թթ-ին համացանցում ատելության խոսքի տարածվածությանը։ Միաժամանակ մենք ամեն տարի ԵԱՀԿ ԺՄՀԻԳ-ին ուղարկած զեկույցում ներկայացնում ենք նախորդ տարվա ընթացքում արձանագրված ատելության հիմքով հանցագործությունները։ Արձանագրված դեպքերի մասով պարբերաբար զեկույցներ են ուղարկվում նաև միջազգային մի շարք կառույցների»,–նշում է Սերգեյ Գաբրիելյանը։  Զրուցակիցս նաև արձանագրում է, որ «պետական ապարատը փորձում է զերծ մնալ անհանդուրժող միջավայրի ստեղծումից, դրանով իսկ իր կառույցներում ԼԳԲՏԻ մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը և բռնության կոչերը փորձելով հասցնել նվազագույնի»։ «Համայնքը խոսելու է, համայնքը պայքարելու է, համայնքը լարված է ու պիտի հասնենք նրան, որ բոլորս ունենանք հավասար իրավունքներ»,–ասում է Սերգեյ Գաբրիելյանը։

 

 

ՏԵՂԵԿԱԳԻՐ-2։ 2020թ-ի հունվարից մինչև 2021թ ապրիլի 30-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ–ի  կողմից ԼԳԲՏԻ  համայնքի անդամներին տրամադրվել է 648 իրավախորհրդատվություն։ Արձանագրվել է 165 խտրականության և իրավախախտման դեպք։ Այս առնչությամբ ՀՀ ներպետական ատյաններում քննվում է 14 դատական գործ։ ՄԻԵԴ-ում  քննվում է 3 գործ։ Կազմակերպությունը շահառուներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում փաստաբանի աջակցություն և դատական ներկայացուցչություն։

 

Հպարտ եմ ու խիզախ․․․․

Տրանսգենդեր կին Սեդա Ղազարյանը հպարտ է իր ինքնությամբ և չի ամաչում։ 17 տարեկանում իր մեջ ուժ գտավ ընտանիքի անդամներին պատմելու ինքնության մասին։ «Ես հասակացա, որ չեմ կարող ապրել կեղծիքի մեջ ու երկակի կյանքով։  Ես  ցանկացա, որ երբ նայեմ հայելու մեջ, տեսնեմ իմ իրական կերպարը, տեսնեմ ինքս  ինձ, ինչպես պատկերացնում եմ»,–ասում է Սեդան։  Շատ դժվարությունների միջով է անցել, ընտանիքից առանձին է  ապրել։ Սեդայի խոսքով, երբեմն այլոց, կոնկրետ իր ընտանիքի անդամներին թվացել է, որ տարիներ անց կվերանա  այդ  հիվանդությունը։ «Ասացին՝ բուժելի է, կմոռանաս այդ մասին։ Առանձին ապրեցի, երկու տարի չէի խոսում ոչ մեկի հետ։ Բայց   3 –րդ տարում մայրս ասաց, որ  ցանկանում է հասնեմ երազանքիս՝ սեռափոխվեմ։ Ու ես մեր համայնքի բոլոր անդամներին ցանկանում եմ, որ իրենց հարազատների հետ ունենան լավ հարաբերություններ, ինչպիսին ես  ունեմ մորս հետ»,–եզրափակեց Սեդան։

Նորա Աղազարյանն  օգտագործում է իրական և առցանց բոլոր հարթակները հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար։ Ճիշտ է, ազատ խոսելը իր անձի նկատմամբ ատելության և բռնության կոչերի է բերում, բայց դա նրան չի կանգնեցնում։ «Պիտի հպարտորեն պայքարենք, պիտի կոտրենք կարծրատիպերը ու գիտակցենք, որ մեզնից էլ լավ բժիշկներ, խոհարարներ, մանկավարժներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ կլինեն։ Հպարտ լինենք ու չվախենանք խոսել մեր գենդերային ինքնության մասին, որ մեզ վերաբերվեն այնպես, ինչպես հետերոսեքսուալ մարդկանց»,–համոզված է Նորան։

Հմայակ Ավետիսյանի խոսքով, ինքը դեռ մանկուց պայքարել է խտրականության և բռնության դեմ։  Ըստ նրա՝  Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ  զբաղվելը չափազանց վտանգավոր է և քաջություն է պահանջում։ «Էլ չեմ ասում բացահայտ ապրել այդ կյանքով, ինքնաբացահայտում անել, հարազատներին, ընկերներին պատմել ինքնության ու սեռականության մասին»,–ասում է Հմայակը։  Նա համոզված է, որ ոչ մի փոփոխություն մեկ ժամում ու մեկ օրում ՝մեկ շարժումով չի լինում։ «Եթե մենք ջատագովում ենք, ուրեմն պիտի խիզախ լինենք ու պատրաստ լինենք, որ մեր ճանապարհը բազում վտանգներով լեցուն է լինելու։ Բայց պիտի հասնենք նրան, որ սեռականությունը մարդկանց վերաբերմունք չփոխի, որովհետև այն մեր ինքնության միայն մի բաղադրիչն է, մենք այլ արժանիքներ ևս ունենք»,–համոզված է Հմայակը։

 

 

Շարունակական և անընդհատ․․․

«Նոր Սերունդ » ՄՀԿ–ի ծրագրերի ղեկավար Ալինա Միրզոյանի խոսքով՝ կազմակերպությունը չի սահմանափակվում միայն հանրային միջոցառումներով։ Աշխատանքը շարունակական է և կարելի է ասել՝ 24 ժամ։ Խտրականության և բռնության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և օրենսդրական բարեփոխումների ադվոկացիային ուղղված՝ կազմակերպության գործողությունները ներառում են ռազմավարական դատավարություններ, օրենսդրական նախաձեռնություններ, ջատագովության միջոցառումներ, որպեսզի ընդունվի խտրականությունն արգելող օրենսդրություն, որում որպես խտրականության պաշտպանված հիմք՝ ուղղակիորեն նախատեսված կլինեն սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը։

Մասնավորապես, լոբբինգ է արվում «Գենդերային ինքնության իրավական ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի և ՀՀ կառավարության 2008թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու համար,  ինչպես նաև օրակարգում է ՀՀ առողջապահության նախարարի 2013թ․-ի փետրվարի 7-ի N 06-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝  պետք է ուժը կորցրած ճանաչել տվյալ հրամանի 2-րդ հավելվածի 1-ին հոդվածի 15-րդ կետի ա) ենթակետով սահմանված արյան դոնորության մշտական արգելքը նույնասեռական տղամարդկանց համար։ «Իրազեկության բարձրացմանը եւ հակա-ԼԳԲՏԻ հռետորաբանության հակազդմանն ուղղված միջոցառումների մեջ են նաև  մեդիա-արշավները,  սոցիալական հոլովակները, կրթատեղեկատվական նյութերը»,–ասում է Ալինա Միրզոյանը։

 

 

 

Աստված սիրում է բոլորիդ

Իրավապաշտպան Արման  Սահակյանը չի խուսափում ԼԳՏԲԻ համայնքի անդամների շահերը պաշտպանելուց։ Իհարկե՝ շատ իրավապաշտպաններ վախենում են խարանից ու խտրականությունից։ «Ես  չեմ կարող հասկանալ այդ իրավապաշտպաններին։ Չի կարելի իրավապաշտպանությանը  մոտենալ ընտրողաբար,  պիտի պաշտպանես բոլորին՝ տարբերակում չանելով»,–ասում է Արմանը։ Խոստովանում է՝ աշխատանքն ու ակտիվ լինելը բերել է ընկերների ու հարազատների «կորուստի»։ «Ես  ԼԳՏԲԻ համայնքի խնդիրները բարձրաձայնում եմ նաև ԶԼՄ–ներով, ուստի մտերիմներս ասում են՝ բացահայտ մի արա, բայց եթե ոչ մենք, ապա ո՞վ և եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։ Սա նաև պայքար է»,–համոզված է իրավապաշտպանը։  Արման Սահակյանի խոսքով՝ իր աշխատանքի պատճառով  «Իրավունք» թերթի կողմից համարվել է  ազգի թշնամի, ու գործը հիմա ՄԻԵԴ–ում է։ Այս ամենը չի կոտրում իրավապաշտպանին ու նա շարունակելու է նույն ոգով։ Իսկ համայնքի ներկայացուցիչներին նա հիշեցնում է եվրոպացի բանախոսներից մեկի խոսքը․ «Եթե լքված ու մերժված եք լինում, կանգնեք հայելու առաջ և ասեք՝ ես սիրուն եմ»։ «Այո, մենք յուրաքանչյուրս սիրուն ենք յուրովի։ Խոսքը ֆիզիկական տվյալների ու արտաքինի մասին չէ։ Սիրուն ենք մեր ներքինով։ Կանգնեք  ու ասեք՝ այո՛, ես սիրուն եմ, ես ուժեղ եմ, ես ունեմ ապրելու հավասար իրավունքներ»,–հորդորում է իրավապաշտպանը։  Իսկ քանի որ, Արմանի համոզմամբ, Հայաստանում ինքնամերժումը գալիս է նաև կրոնից՝ նա ուղղակի հիշեցնում է ․ «Աստված սիրում է բոլորիդ․․․»։

 

Արմեն Դավթյան

 

 

 

 

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: