ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
2021թ․-ի մարտի 11-12-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի ներկայացուցիչները մասնակցում էին Հայաստանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրային և ֆինանսական հաշվետվական ձևերի վերաբերյալ արտագնա աշխատաժողովին։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղղված, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի ենթաստացող կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև` այլ ընթացիկ աշխատանքային հարցեր քնննարկելու նպատակով։
Աշխատաժողովը մեկնարկեց ՀՀ ԱՆ Գլոբալ Հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ծրագրերի համակարգող Լիլիթ Խաչատրյանի և ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանի ողջույնի խոսքերով։
Այնուհետև հաջորդեցին ԳՀ տարեկան ծրագրային ցուցանիշների ամփոփումները «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի», «Թոքաբանության ազգային կենտրոնի», Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» և «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» կողմից։
Ծրագրային ցուցանիշների ներկայացումները ամփոփվեցին հարց ու պատասխաններով, առկա խնդիրների վերհանումներով և դրանց լուծման առաջարկների քննարկումներով։
Աշխատաժողովի առաջին օրվա երկրորդ կեսը նվիրված էր հաղորդակցական հմտություններին, մասնավորապես էլեկտրոնային նամակագրությանը, ֆինանսական և նկարագրողական հաշվետվական ձևերի ներկայացմանը։
Հանդիպման առաջին օրը եզրափակվեց ԳՀ դրամաշնորհային ծրագրի մոնիթորինգի և գնահատման պլանի ձևաչափի խմբային աշխատարան-քննարկումով և մշակված պլանների ներկայացումներով։
Աշխատաժողովի երկրորդ օրը մեկնարկեց ֆինանսական հաշվետվական ձևերի խմբային աշխատարան քննարկումով, որից հետո յուրաքանչյուր խումբ ներկայացրեց հաշվետվական ձևերի բարելավման առաջարկներ։
Այնուհետև քննարկվեցին և առաջարկներ ներկայացվեցին նաև ծրագրային նկարագրողական հաշվետվությունների վերաբերյալ։ Հաջորդիվ, ներկայացվեցին ԳՀ-ի «Հիմնական միջոցների կառավարման» նոր ուղեցույցները, տեղի ունեցավ ՀԿ-ների տվյալների բազայի քննարկում։
Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով, ծրագրային նկարագրողական և ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու առաջակությունների փաթեթի մշակումով։
Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ։