ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԸ․ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ

2021թ․-ի մարտի 9-ին ՀՀ  վերաքննիչ վարչական դատարանում դատավորներ Կարեն Մաթևոսյանի, Արթուր Առաքելյանի և Քրիստինե Մկոյանի նախագահությամբ ավարտվեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ տեղեկատվության տրամադրման պարտավորեցման պահանջի մասին գործով ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը։ 

Որոշմամբ Դատարանը մերժեց ՀՀ ոստիկանության ներկայացրած բողոքը և ՀՀ վարչական դատարանի 2019թ-ի հունիսի 20-ի որոշումը թողեց անփոփոխ։ 

Այն օրինական ուժի մեջ կմտնի  հրապարակելու պահից մեկ ամիս հետո։ 

 

Գործի նախապատմությունը։  

2018թ. օգոստոսի 14-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ՀՀ Ոստիկանություն է ուղարկվել գրություն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի կողմից 06.08.2018թ. ֆեյսբուքյան հարթակում  ատելություն սերմանող գրառումներ կատարելու փաստի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու և համապատասխանաբար քրեական գործ հարուցելու համար։ 

2018թ. հոկտեմբերի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ՀՀ Ոստիկանություն է ուղարկվել գրություն` ՀՀ քաղաքացի Արագած Ախոյանի կողմից դրսևորված վարքագծի /սպառնալիքներ, ատելության կոչեր/ վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու և համապատասխանաբար քրեական գործ հարուցելու համար։ 

Գրությունների ընթացքի, քրեական գործի հարուցման, այն ըստ ենթակայության ուղարկելու կամ մերժելու մասին որևէ տեղեկություն Կազմակերպությանը չի տրամադրվել։ Ավելին, գրությունների ընթացքի վերաբերյալ հնարավոր չի եղել նաև ստանալ որևէ տեղեկություն հեռախոսազանգերի միջոցով։ 

Հայցվորը 29.11.2018թ. ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի անվամբ ուղարկել է կրկնակի գրություն՝ խնդրելով պատասխանել վերոնշյալ գրություններին, որին նույնպես պատասխան չի տրվել։ 

Արդյունքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան, որը 2019թ-ի հունիսի 20-ին Դատարանի որոշմամբ բավարարվել էր։ 

ՀՀ Ոստիկանության կողմից ՀՀ վարչական դատարանի որոշման դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք։