ԼԳԲՏ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
«ԼԳԲՏ անձինք առավել խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ, քանի որ հասարակության մեջ գերակշռող խարանն ու խտրականությունը, հասարակության ճնշման պատճառով այս անձանց մեկուսացումը հաճախ խանգարում է նրանց ստանալ իրենց առողջության պահպանման և իրավունքների պաշտպանության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, համապատասխան բժշկական ծառայություններ և աջակցություն թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցների կողմից», — ասում է ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի համակարգող Արտյոմ Մովսեսյանը:
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ-ի (Մարդու իմունային անբավարության վիրուս) պայքարի միջազգային օրն է: Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: 1988 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3785 դեպք։ Թե այդ թվի քանի տոկոսն է ԼԳԲՏ անձ՝ դժվար է ասել: Ըստ ՄԻԱՎ ծրագրի աշխատակից Հմայակ Ավետիսյանի՝ բուժաշխատողների անհանդուժող վերաբերմունքի պատճառով շատ ԼԳԲՏ անձինք խուսափում են բուժհաստատություններ այցելել և օգտվել ծառայություններից՝ դուրս մնալով ընդհանուր կարգից։
2007 թվականից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր ի նպաստ ՀՀ-ում ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացմանը՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեպքերի նվազեցման, ՁԻԱՀ-ի կանխարգելման և տեղեկացվածության մակարդակի բարձրացման միջոցով:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանրային առողջության պահպանման և ծառայությունների հասանելիության ապահովման ոլորտում գործող հայաստանյան ամենաակտիվ կազմակերպություններից է։ Կազմակերպությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր է իրականացնում Հայաստանի ողջ տարածքով։ Կանխարգելման ծրագրերը ֆինանսավորվում են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆոնդերի հաշվին, ինչպես նաև Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի կողմից։ Երկու հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքներ են կատարում Հայաստանում ՏՍՏ, ԿՍԿ, ԼԳԲՏ և ԹՆՕ անձանց շրջանում։
Ծրագրերը միանգամից մի քանի գործառույթ են կատարում. ԼԳԲՏ, ԹՆՕ, ՏՍՏ և ԿՍԿ անձանց թեստավորումից մինչև Հայաստանում գործող բուժհաստատություններում աշխատող անձնակազմի վերապատրաստումներ։
«Մեր կազմակերպությունը կարողությունների զարգացման պարբերական դասընթացներ և վերապատրաստումներ է իրականացնում հայաստանյան բուժհաստատությունների բժիշկների համար, ինչը նպաստում է նրանց շրջանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ առավել հանդուրժող և անխտրական վերաբերմունքի ձևավորմանը», ասում է Հմայակ Ավետիսյանը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը նշում է, որ ԼԳԲՏ անձինք վստահում են իրենց, որովհետև ապահովվում է թեստավորողի անձնական տվյալների գաղտնիությունը։
«Մենք երբևիցե չենք հրապարակում ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձանց անունները և այդ պատճառով էլ մարդը ավելի շատ է վստահում մեր աութրիչ աշխատակիցներին, քան բուժաշխատողներին, հատկապես փոքր համայնքներում, երբ բոլորը բարեկամ են միմյանց, և տեղեկությունը շատ արագ է տարածվում։ Այնպես է ստացվում, որ ՄԻԱՎ թեստ հանձնող անձին ավելի հարմար է վստահելի և ապահով միջավայրում հանձնել այն»։
ՄԻԱՎ-ի կանխարգեման ծրագրի համակարգող Արտյոմ Մովսեսյանի կարծիքով բուժհաստատություններում առկա խարանը և խտրականությունը խոչընդոտում են ԼԳԲՏ անձանց լիարժեք օգտվել ՄԻԱՎ-ին առնչվող նաև այլ ծառայություններից։
Ըստ Արտյոմ Մովսեսյանի իրավական դաշտում նույնպես բացեր կան․
Որպեսզի ԼԳԲՏ անձինք կարողանան լիարժեք կերպով բժշկական սպասարկումից և այլ իրավունքներից, նախ և առաջ պետք է պաշտպանված լինեն օրենքով։ ՀՀ-ում բացակայում է խտրականության արգելքի մասին առանձին օրենք, որն էլ իր բացասական ազդեցությունն է ունենում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Դեռևս 2018թ․-ից շրջանառության մեջ էր դրվել «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մինչ օրս չի ընդունվել։ Սակայն այն թերի է, քանի որ դրանում բացակայում են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունն արգելող դրույթները։
Իրավական դրույթներից բացի խնդիր է նաև խոցելի խմբերի հետ աշխատանքի մեջ մասնագիտացած, համապատասխան որակավորում ունեցող մասնագետների բացակայությունը։
ՄԻԱՎ հակազդման ծրագրի աշխատակից Դավիթ Հովհաննիսյանը սոցիալական կայքերի օգնությամբ է կարողանում գտնել ԼԳԲՏ,ԹՆՕ,ԿՍԿ և ՏՍՏ անձանց, ովքեր կարիք ունեն թեստավորվելու։ Հետագայում արդեն այդ մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելուց հետո կարողանում է ներգրավել նաև այլ մարդկանց, ովքեր նույնպես ունեն թեստավորվելու կարիք։
Հմայակ Ավետիսյանը այսպես է բացատրում գործընթացը․ «ԼԳԲՏ անձանց իրենց նախնական դրական կարգավիճակի մասին սովորաբար հայտնում են մեր կազմակերպության վերապատրաստված աութրիչ աշխատողները։ Փորձը ցույց է տալիս, որ համայնքի ներկայացուցիչները նախընտրում են հավասարը հավասարին խորհրդատվությունը, քան բուժհաստատություններ այլցելելը։ Աութրիչ աշխատողներից պահանջվում է բավարար զգայունություն և արագ կողմնորոշվելու կարողություն, որպեսզի այդ շոկային նորությունը հայտնեն շահառուներին։ Վերջնական դրական կարգավիճակը հաստատվում է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որտեղ շահառուին տրամադրվում է համալիր բժշկական, հոգեբանական և իրավաբանական մասնագիտական աջակցություն»։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրելյանը վերջում հավելեց, որ իրենց նպատակներից մեկն է պետական հակազդման ծրագրերի մշակմանը ներառել նաև ԼԳԲՏ անձանց, որովհետև խնդիր ունեցող մարդը միայն կարող է ավելի հստակ ներկայացնել իրեն հուզող և իր համար կարևոր հարցերը։
Սոսե Զաքարյան
Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: