ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԵՆԳԱՎԻԹԻ ԲԱԺՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2020թ․-ի հունիսի 3-ին Ա․Ա․-ն (փոխված է) մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով 2020թ․-ի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ավագ հետաքննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և այն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։
ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի կողմից 2020թ․-ի հուլիսի 6-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը նշում է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը՝ դեռևս շարունակվում են խտրականության դրսևորումները՝ պայմանավորված անձանց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ, որոնք իրավապահ մարմինների կողմից համապատասխան որակում չեն ստանում,այլ որակվում են ավելի թեթև պատիժ նախատեսող հոդվածներով։ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հետևողական է լինելու գործով արդար դատաքննության իրականացումն ու խտրականության բացառումը ապահովելու համար։
Գործի նախապատմություն․
2020թ․-ի հուլիսի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Վերջինս հայտնել է, որ 2020թ․-ի հունիսի 3-ին իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի իրենց ամառանոցում։ Մի խումբ անձինք հարձակվել են Ա․Ա․-ի տան վրա և հայոյելով պահանջել են հեռանալ՝ կապված Ա․Ա-ի և նրա ընկերների ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ։ Սկսվել է վիճաբանություն, որից հետո այդ անձինք հայհոյելով ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել Ա․Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ գլխի շրջանում։
Ա․Ա․-ն նույն օրը դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գործում ներգրավվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Ա․Ա․-ն ճանաչվել է գործով տուժող։ Գործը գտնվում է նախաքննության փուլում։
Պարզաբանում
ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 117՝ Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը․
Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: