ԼԳԲՏԻ համայնքը՝ որպես քաղաքական մանիպուլյացիաների գործիք

Հունիսի 28-ին Երևանի բակերից մեկում SHA նորաստեղծ հագուստի բրենդի նկարահանման ժամանակ անցորդի արած լուսանկարը արագորեն տարածվեց համացանցում: Լրատվական կայքի հիմնադիր Արիանա Հովսեփյանը, որը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր 5 երիտասարդների լուսանկարը, դրան տվեց քաղաքական բովանդակություն՝ բացահայտ կերպով կապելով Նիկոլ Փաշինյանի անվան հետ.  

 

«… նրանք, ովքեր անընդհատ խոսում են 20 տարվա ստրկությունից իրենց իբրև թե <<ազատած>> նիկոլի մասին ու աստվածացնում նրան, հիմա թող պատասխանեն՝ էս ազատության մասի՞ն եք էդքան ասում…»,-գրված է հրապարակման նկարագրությունում:

 

Հովսեփյանը չխուսափեց նաև նկարահանվող մոդելներին անհիմն նույնականացնել տրանսգենդեր անձանց՝ միաժամանակ մեղադրելով իշխանությանը ԼԳԲՏԻ համայնքի հովանավորչության մեջ: Հրապարակման 600 և ավելի մեկնաբանությունները գրեթե նույնաբովանդակ էին: Ու թեև բրենդը այն զրպարտություն համարեց, մանիպուլյացիան հիմնականում աշխատեց: 

 

Նմանատիպ մանիպուլյացիոն արշավներ, կախված ներքաղաքական զարգացումներից, պարբերաբար ծայր են առնում: Դրանով կարող են շահագրգռված լինել տարբեր անհատներ և խմբեր՝ փորձելով այն ծառայեցնել հօգուտ սեփական շահի: Իսկ ԼԳԲՏԻ համայնքը՝ որպես շահարկումների հիմնական գործիք, աշխատում է այնքանով, որքանով այն հասարակությունում տաբուացված և զգայուն թեմա է: 

 

Սկզբնապես համայնքը մատնանշվում է որպես ազգի և պետականության համար լուրջ սպառնալիք, այնուհետև դրա դեմ պայքար մղելով՝ հեշտորեն ձեռք է բերվում հասարակության ինչ-որ շերտի աջակցությունը: 

 

«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Արման Ղարիբյանի համոզմամբ, այն թեմաները, որոնց հասարակությունն արձագանքում է կտրուկ, և որոնցով հեշտ է ազդել մարդկանց հոգեկան և հուզական ներաշխարհի վրա, հեշտորեն դառնում են մանիպուլյացիաների գործիք: Նմանօրինակ թեմաներ են Արցախը, զինվորների կյանքին ու առողջությանը առնչվող հարցերը, երեխաները և մյուս բոլոր այն թեմաները, որոնք ավանդաբար մարդկանց համար համարվել են կա՛մ շատ կարևոր, կա՛մ շատ զգայուն:

 

«Մեր հասարակությունը երեխաների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի, ու, թերևս, սա էր պատճառը, որ երեխաների սեռական դաստիարակության վերաբերյալ իրավական գործընթացները ևս մանիպուլյացիաների ու աղմուկի առիթ դարձա ն: Նույնքան գգայուն էլ  ԼԳԲՏԻ թեման է, որի մասին միֆերն այնքան շատ են, որ շատ հեշտությամբ մարդկանց մոլորեցնում են»,- ասում է իրավապաշտպանը: 

 

Պարբերաբար քաղաքական մանիպուլյացիաների դիմելը՝ օգտագործելով այս կամ այն հարցը, կարող է նպատակ ունենալ ինչպես կեղծ օրակարգ առաջ քաշելու, այնպես էլ գործող իշխանության վրա ցեխ շպրտելու: «Նոր Սերունդ»  Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արման Սահակյանի համոզմամբ՝ ստահոդ տեղեկությամբ մարդկանց մոլորեցնելը այսքան դյուրին չէր լինի, եթե նրանք վերլուծեին ստացված ինֆորմացիան և դրան քննադատաբար մոտենային:

 

«Ցավոք, պիտի ասեմ, որ այսօր մեր երկրում հասարակության զգալի հատվածը չունի բարձր իրավագիտակցության մակարդակ, ուստի առանց երկմտանքի ու գիտակցության, որ դա ատելության խոսք է, կարող է հարել ինչ-որ շարժումների և գաղափարներ տարածել: Ինչ-որ տեղ ես նաև հասկանում եմ այդ մարդկանց. իրենք, լսելով կրոն, մշակույթ, ազգային արժեքներ խարխլող ամերիկյան կամ եվրոպական ուժերի մասին, ակամա դրսևորում են ինքնապաշտպանական ռեակցիա»,- նկատում է Արման Սահակյանը:

 

Մանիպուլյացիոն այս արշավների ընդգրկումները միշտ չէ, որ այսչափ են եղել. 2018թ.-ից առաջ և հետո դրանց ծավալները որոշակիորեն փոխվել են: Արման Ղարիբյանի խոսքով՝ հիմա այն ավելի լայնամասշտաբ է, ֆինանսական միջոցների ներգրավվածությունը նույնպես ավելի մեծ է, և հարմար առիթի դեպքում շահագրգիռ անհատները և քաղաքական ուժերը ակտիվորեն շահարկում են: Եղած սահմանափակ ռեսուրսների առկայության պատճառով էլ մանիպուլյացիայի դեմ հակազդումը ստացվում է անհավասարաչափ: 

 

Իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ Հայաստանը կդառնա անվտանգ և առանց խտրականության տարածք բոլորի համար: Փոխարենը արգելվում է անցկացնել 2018թ-ի նոյեմբերին կայանալիք ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը: Որոշ լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր և խմբեր ջանասիրաբար տարածում են թեման՝ զուգահեռ թիրախավորելով ֆորումի կազմակերպչական հարցերով աջակցող կողմ հանդիսացող «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, ընդհուպ սպառնում վերջինիս աշխատակիցներին: Հարցին, թե ինչով էր պայմանավորված ֆորումի չեղարկումը, ոստիկանապետը պատասխանում է, որ այն տվյալ պահին նպատակահարմար չէ: Ավելի վաղ ԱԺ-ում վարչապետի ելույթը ևս հնչում է չեզոք դիրքերից: Ի վերջո ֆորումը այդպես էլ չի կայանում:

 

Անդրադառնալով նախորդ տարի ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի աղմկահարույց դեպքին և դրան հետևած խմորումներին՝ իրավապաշտպանը համարում է, որ իշխանության արձագանքը ռազմավարական սխալ էր: 

 

«Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո, երբ սկսեցին նրան ներս թողնելու համար մեղադրել իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանին, վերջինս շտապեց սլաքներն ուղղել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Այսինքն, փոխանակ բացատրելու, որ դա մարդու ազատությանը և իրավունքներին է վերաբերում՝ իրենք արդարացան՝ թույլ տալով ընդդիմությանը շարունակել շահարկել թեման: Եթե իշխանությունը մեկ անգամ համարձակություն ունենա ասելու, որ իրենք պարտավոր են լսել և լսարան տրամադրել ՀՀ ցանկացած քաղաքացու, ապա ընդդիմությունը հետագայում այլևս չի կարողանա թեման շահարկել»,- ասում է իրավապաշպտանը՝ ավելացնելով, որ իշխող ուժը այս հարցում անհարկի խուսափողականություն է ցուցաբերում: 

 

Բացասական ընկալումների առիթ դարձավ նաև Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի՝ ԼԳԲՏԻ համայնքին տված «գլխացավանք» որակումը, որով, ըստ էության, վարչապետն արհամարհեց մարդու՝ ցանկացած մարդու, բարձրագույն արժեք լինելը: 

 

«Իրավիճակը որոշ չափով փոխվեց, երբ Նիկոլ Փաշինյանը կողմ արտահայտվեց «Մել» ֆիլմի նկարահանման գաղափարին: Սա թույլ տվեց մտածել, որ իշխանությունը փաստացի կողմ է մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց որոշակի վերապահումներով: Այլ կերպ ասած՝ իրենք կողմ են իրավունքի գերակայությանը, սակայն դրան հասնել սեփական իմիջի վնասման միջոցով չեն ցանկանում»,-ասում է Արման Սահակյանը:

 

Հնարավոր առաջընթացի և բարեփոխումների վերաբերյալ իրավապաշտպանների տեսլականները տարբեր են: Արման Ղարիբյանի կանխատեսմամբ՝ օրենսդրական բարեփոխումներ այս իշխանության օրոք ամենայն հավանականությամբ չեն լինի, վերջինս ռիսկի չի գնա՝ թույլ տալով կրկին թիրախավորել իրեն: Արման Սահակյանի համոզմամբ էլ՝ բարեփոխումներ կլինեն, եթե իրենք ոչ միայն ակնկալեն պետությունից, այլև պահանջներ ևս ներկայացնեն: Առանցքային պահանջ-նպատակն է ստիպել իշխանությանը ապահովել ՀՀ յուրաքանչյուր մարդու իրավունքների լիակատար պաշտպանությունը՝ առանց վերապահումների:

 

Ռիմա Գրիգորյան

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: