ՍԿԳԻ* հիմքով խտրականությունը դատական համակարգում

Հասարակության խոցելի խմբերը՝ այդ թվում տրանսգենդեր** անձինք, բազմիցս հակասություններ են ունենում տարբեր ոլորտային ինստիտուտների հետ, որից անմասն չի մնում նաև դատական համակարգը:

 

 

34-ամյա տրասգենդեր Ժակլին Առաքելյանը պատմում է, որ 2018 թվականի փետրվարի 28-ին ենթարկվել է ֆիզիկական բռնության: Վերջինս զբաղվում է  սեքս աշխատանքով. «Դեպքը տեղի է ունեցել իմ տանը: Հաճախորդը փորձում էր խեղդել ինձ, հետո հարվածում էր գլխիս, վազեցի միջանցք` օգնություն կանչելու, հինգերորդ հարկի աստիճաններից ցած հրեց ինձ, որից հետո ուշագնաց եմ եղել»:

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ՝ այն է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այնուհետ, գործն ուղարկվել է դատարան և արդեն երկու տարի է դատական գործընթացը շարունակվում է:

 

 

Ժակլին Առաքելյանի խոսքով՝ յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ  սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված,  ենթարկվում է խտրականության. «Անհարգալից վերաբերմունքի եմ արժանանում դատարանում: Խտրական վերաբերմունք եմ զգում դատախազի, նախորդ երկու դատավորների կողմից: Ինձ հետ խոսում են քամահրանքով և ծաղրական ժեստերով»:

 

 

 Դատարանում Ժակլին Առաքելյանի շահերը պաշտպանում է փաստաբան Արա Ղարագյոզյանը, ով ևս դատարանում նկատում է խտրական վերաբերմունք, բացասական հայացքներ իր պաշտպանյալի նկատմամբ: Փաստաբանի խոսքով՝ խտրականության դեպքերը հիմնականում վերաբերում են քննչական մարմիններին, ոստիկանությանը, դատախազությանը, քանզի արդյունավետ քննություն չեն իրականացնում բռնության գործերով. «Դատարանում էլ ենք հայտարարել, որ դատախազը մեղադրանքը չի պաշտպանում: Ամեն դեպքում, նա ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել մեղադրանքը, բայց մենք տեսնում ենք, որ ամեն ինչ անում է, որպեսզի մեղադրյալը մեղմ պատիժ ստանա»: Արա Ղարագյոզյանը այս մասով ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանը մերժել է, իսկ թե որքանով է անաչառ դատարանը տրանս անձանց նկատմամբ, փաստաբանը կարող է իր դիրքորոշումը հայտնել  վերոնշյալ դատական գործընթացի ավարտից հետո:

 

 

ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունք, սակայն տրանսգենդեր Նոնայի (անունը փոխված է) խոսքով՝ խախտվել է իր այդ իրավունքը. «Դատարանում, երբ իմանում են, որ տրանս անձ ես, արդեն իրենց համար արդարությունը պաշտպանելը երկրորդական է դառնում»: Վերջինս պատմում է, որ Անգլիական այգու (Կոմայգու)  մոտ կանգնած են եղել երեք տրանսգենդեր անձանցով, երբ ավտոմեքենա է մոտեցել, որի միջից հեռախոսով նկարելիս են եղել. «Դեմքս փակելով մոտեցա, խնդրեցի, որ չնկարեն: Վարորդը կանգնեցրեց մեքենան, իջավ ու հարվածեց իմ երկու տրանս ընկերուհիներին: Տարածքային տեսախցիկը ամբողջ ընթացքը ֆիքսել է: Կադրում սկզբից մինչև վերջ երևում է, որ ես ոչ մի վտանգավոր գործողություն չեմ անում, բայց հիմա մեղադրվում եմ խուլիգանական հանցագործության մեջ»: Նոնայի խոսքով՝ դատական գործընթացը արդեն երեք տարի է՝ ձգձգվում է:

 

 

ՀՀ դատական օրենսգրքի 9-րդ հոդվածի առաջին մասով՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում: Ըստ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի՝  ՀՀ-ում դատական գործընթացները պարբերաբար ձգձգվում են, և խնդիրը համակարգային է.  այն վերաբերում է ոչ միայն տրանս անձանց:

 

 

Տրանսգենդեր Նոնայի խոսքով՝ ՀՀ-ում պաշտպանված չէ տրանս անձանց դատական պաշտպանության իրավունքը. «Ես անցնում եմ նման գործընթացի միջով և իմ մաշկի վրա եմ զգում, որ ոչ ոք չի ուզում պաշտպանել իմ՝ մարդու իրավունքները»:

 

 

Նինա Կարապետյանցը նշում է, որ փաստաբանները պարբերաբար արձանագրում են բացասական երևույթներ. հաճախ դատավորներն ու դատախազները անզուսպ վարքագիծ են դրսևորում, երբ խոսքը ԼԳԲՏ համայնքի մասին է. «Ցավոք սրտի, դատարանում տրանս անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը արտահայտվում է ոչ միայն ժեստերով, այլև խոսքով ու վերաբերմունքով, անգամ տոնայնությունն է խտրական»:

 

 

Իրավապաշտպանի խոսքով՝ քննչական մարմիններում, դատախազությունում և դատարանում առայժմ կա ընդգծված արհամարհական վերաբերմունք ԼԳԲՏ անձանց նկատմամբ, և դրա բարելավման համար անհրաժեշտ է, որպեսզի համակարգում աշխատեն մարդու իրավունքների գաղափարի կրողները, այլ ոչ թե՝ քրեական ենթամշակույթի. «Կան նաև բացառություններ՝ մի քանի դատավորներ, ովքեր բավականին զուսպ ու հավասարակշռված դիրքորոշումներ են ունեցել և պրոֆեսիոնալ պահվածք են դրսևորել»:

 

 

Նինա Կարապետյանցը նշում է, որ դատարանում թիրախավորվում են ոչ միայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, այլև՝ նրանց շահերը պաշտպանող փաստաբանները. «Մի քանի տարի առաջ ականատես եղա, որ դատարանում ԼԳԲՏ անձի փաստաբանին ծաղրում էին: Բնականաբար, միջամտեցի և բանավեճ սկսվեց»: Իրավապաշտպանի խոսքով՝ ցանկացած տեսակի խտրականություն անթույլատրելի է  դատական գործընթացում, քանզի օրենքի առաջ բոլորն են հավասար՝ անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից:    

 

 

 

Անհրաժեշտ հասկացություններ/ հապավումներ

 

ՍԿԳԻ*սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

Տրանսգենդեր**-մարդ, ում հոգեսոցիալական սեռը չի համընկնում ծննդյան պահին վերագրված սեռին:

ԼԳԲՏլեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր

 

 

Շուշանիկ Միսկարյան

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի տեսակետները: