LIFE-13
2020 թվականի հունիսի 25-26-ը տեղի ունեցավ «Խտրականության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-13 տեղեկատվական հարթակը, որն այս անգամ իրականացվում էր առցանց և նախատեսված էր ԼԳԲՏԻ սկսնակ ակտիվիստների համար:
ԼԱՅՖ-13 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ակտիվիզմի և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին:
Առցանց տեղեկատվական հարթակին միացել էր Հայաստանում Շվեդիայի խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Խորհրդական դեսպանորդը իր խոսքում հայտնեց, որ պատրաստակամ են Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության սատարելուն, նշեց, որ ուրախությամբ են համագործակցում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հետ։ Մեծարգո պարոն Կարլսոնը նաև տեղեկացրեց մասնակիցներին համագործակցության շրջանակներում ԼԳԲՏԻ և ԿՍԿ անձանց տրամադրվող իրավաբանական, ժամանակավոր ապաստարանի աջակցության և այլ ծառայությունների մասին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով իր ուրախությունը հայտնեց մասնակիցների ակտիվությունը տեսնելով, ինչպես նաև շնորհավորեց մասնակիցներին ԼԳԲՏ հպարտության խորհրդանիշի՝ ծիածանագույն դրոշի ստեղծան օրվա կապակցությամբ և ծածանեց դրոշը։
Դասընթացի առաջին օրը առաջին մասը նվիրված էր «Առաջնորդություն և ակտիվիզմ» թեմային։ Դասընթացավար-փորձագետ Հմայակ Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց առաջնորդություն հասկացությունը, առաջնորդության բնութագիրը, առաջնորդի հատկանիշները, ինչպես նաև տեսակները։ Ներկայացվեց նաև ԼԳԲՏ ակտիվիզմի պատմությունը, ԼԳԲՏ շարժման նախադեպերը, հպարտության ամսվա, ինչպես նաև ծիածանագույն դրոշի ստեղծման պատմությունը և ակտիվիստների կարևորությունը ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության գործում։
Օրը շարունակվեց «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները, ՄԻԵԴ» թեմայով, որը ներկայացրեց իրավաբան, դասընթացավար Շուշան Խնկոյանը՝ խոսելով մարդու իրավունքներ հասկացությունից, ներկայացնելով մարդու իրավունքները տարբեր ժամանակահատվածներում, մարդու իրավունքների սերունդները, պաշտպանության ներպետական և միջազգային համակարգերը։ Դասընթացի ավարտին ներկայացվեցին մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ դիմելու ընթացակարգը։
Տեղեկատվական հարթակի երկրորդ օրը իրավական թեմաներին էր նվիրված։ Փորձագետներ Արման Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը և Արա Ղարագյոզյանը հաջորդաբար ներկայացրին «Խոսքի ազատություն ընդդեմ ատելության խոսքի», «Խարանի և խտրականության արգելք» և «Խոշտանգում» թեմաները, որոնց շրջանակներում դասընթացավարները ներկայացրին խոսքի ազատության, ատելության խոսքի, խտրականության և խոշտանգումների սահամանումները, իրավական կարգավորումները։
«Խոսքի ազատություն ընդդեմ ատելության խոսքի» թեմայի շրջանակներում ներկայացվեց, թե ի՞նչ է խոսքի ազատությունը, ի՞նչ է ատելության խոսքը: Ինչպե՞ս տարբերել խոսքի ազատության իրացումն ատելության խոսքից, ատելության խոսքի համար պատասխանատվության գործող մեխանիզմները, ատելության խոսքն առցանց տիրույթում։
«Խարանի և խտրականության կանխարգելումը» թեմայի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց Խտրականության արգելքը միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերում, խտրականության կատեգորիաները, որոշակի հատկանիշներ, խտրականության դեմ իրավունքում ապացուցողական հարցերը։
Դասընթացի մասնակիցները ծանոթացան նաև, թե ինչ է խոշտանգումը, խոշտանգման և վատ վերաբերմունքի տարանջատմանը՝ ըստ ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման սահմանման, խոշտանգման ենթարկված զոհերի գործերի քննության առանձնահատկություններին։
«Խտրականության դեմ պայքար Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։