ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իր գործունեությունն իրականացնում է՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից՝ նպաստելու հասարակության և հատկապես խոցելի խմբերի հիմնախնդիրների կարգավորմանը։

 

ՀԿ-ի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, առողջապահական ծառայությունների  հասանելիության ապահովմանը, հասարակության խոցելի խմբերի, կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի հզորացմանը, ինչպես նաև  ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների կատարման աջակցմանը:

 

COVID-19-ը և հայտարարված համավարակը, ինչպես նաև դրանով պայմանավորված արտակարգ դրությունը  հարվածեց հասարակության տարբեր շերտերի՝ օրավարձով աշխատողներ, սոցիալապես անապահովներ, առանց պայմանագրերի և չգրանցված աշխատողներ։

 

Պետությունը որոշ խմբերի միանվագ դրամական աջակցության ծրագիր սկսեց, որից, սակայն, ցավոք, ոչ բոլորը կարողացան օգտվել։ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, դիմեց իր դոնորներին՝ ծրագրային պահուստային ֆոնդերը իրավիճակին համապատասխան օգտագործելու համար։

 

Ելնելով իր մարդասիրական առաքելությունից՝ մեր կազմակերպությունը մեկնարկեց «Մենք ձեզ հետ ենք» բարեգործական ծրագիրը, որը նպատակաուղղված է աջակցելու հասարակության այն խմբերի ներկայացուցիչներին, որոնք առավել խոցելի են դարձել աշխարհում ի հայտ եկած COVID-19-ի համաճարակի տարածվածության արդյունքում։ Բարեգործությանը միացան կազմակերպության համագործակիցները, աշխատակիցները, դիվանագիտական մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև այլ բարերարներ։

 

Այս ընթացքում մենք արդեն տրամադրել ենք ավելի քան 50 սննդի փաթեթներ սոցիալապես անապահով ընտանիքների, որոնց տվյալները տրամադրվել են ինչպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, նաև Լոռու մարզպետարանի կողմից, այնպես էլ անհատների դիմումների հիման վրա։ Տրամադրել ենք տարբեր չափերի ավելի քանի 40 ֆինանսական աջակցություն, որից 30-ը ԼԳԲՏԻ անձանց։ Տրամադրված գումարը ծախսվել է կացարանի, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների, դեղորայքի և այլ ծախսերի համար։

 

Մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել ծայրահեղ և անելանելի վիճակում հայտնված մարդկանց՝ շեշտը դնելով խոցելի խմբերին աջակցելու վրա։ ԼԳԲՏԻ անձինք, կոմերցիոն սեռական ծառայություն մատուցողները, թմրամիջոց օգտագործողները, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ենթարկվելով խարանի և խտրականության, անգամ սովորական պայմաններում հաճախ հայտնվում են դրսում, մնում են առանց սնունդի և աջակցության, չեն կարողանում իրացնել իրենց առողջության իրավունքը։ Արտակարգ դրությունը ավելի է դժվարացրել այս անձանց իրավիճակը, և անհրաժեշտություն է առաջացել օժանդակել նրանց սոցիալական և ֆինանսական կենսական խնդիրների լուծմանը։

 

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում առանց տանիքի ու սնունդի մնացած անձանց աջակցելու հարցում և հայտնում է, որ սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն մինչև արտակարգ դրության ավարտը։