IDAHOBIT-2025. Միավորվելով՝ հանուն հավասարության, արժանապատվության և փոփոխության Հայաստանում

Ամեն տարի մայիսի 17-ին աշխարհը նշում է Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը (IDAHOBIT)՝ բարձրացնելու ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ իրազեկվածությունը և նշելու հավասարության ուղղությամբ արձանագրված առաջընթացը։

Հայաստանում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿն (ՆՍՀԿ) դարձել է այդ օրվան նվիրված ամենամյա միջոցառումների առաջատար կազմակերպիչներից՝ նախաձեռնելով հանդիպում-քննարկումներ, կոնֆերանսներ, արշավներ, որոնք միավորում են համայնքի ձայները, խթանում համերաշխությունը և կամուրջներ կառուցում քաղաքացիական հասարակության, դիվանագիտական ու միջազգային գործընկերների և պետական կառույցների միջև։

ՆՍՀԿ-ի կողմից կազմակերպված այս տարվա միջոցառման խորագիրն էր՝ «Համայնքների ուժը»՝ շեշտելով ու կարևորելով համայնքահեն շարժումների առանցքային դերը ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքների պաշտպանության և ներառական ու դիմակայուն հասարակության ձևավորման գործում։

Միջոցառումը վարում էր ՆՍՀԿ բազմազանության ծրագրերի և համայնքների ներգրավման պատասխանատու Արման Սահակյանը, որը միջոցառման իր մեկնարկի խոսքում նշեց․ «Այս միջոցառումը տարածք է՝ միասնական ուժը նշելու, առկա խնդիրները վերլուծելու և գործողությունների նոր հանձնառություն ձևակերպելու համար։ Մենք կլսենք ազդեցիկ ձայներ, կկիսվենք փորձով և, ամենակարևորը, կընդգծենք այն մարդկանց ու համայնքներին, ովքեր օրեցօր, հաճախ՝ լուռ, բայց միշտ՝ համարձակ, պայքարում են փոփոխության համար։

Շնորհակալություն, որ այստեղ եք։ Ձեր ներկայությունը կարևոր է։ Ձեր ձայնը կարևոր է։ Եվ միասին մենք ավելի ուժեղ ենք»։

Միջոցառումը մեկնարկեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի բացման խոսքով։ Նա շեշտեց օրվա կարևոր նշանակությունը երկու տեսանկյուններից՝ որպես տեսանելիության խորհրդանիշ և շարունակական իրավապաշտպան պայքարի հարթակ․

«Այս օրը հիշեցում է բոլոր նրանց համար, ովքեր դեռ պայքարում են՝ տեսանելի լինելու, արժանապատիվ ապրելու և ազատ սիրելու իրավունքի համար։ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, խտրականությունն ու բռնությունը շարունակում են իրականություն մնալ։ Բայց այսօր մենք վերահաստատում ենք մեր համախմբված հանձնառությունը՝ հանուն հավասարության, մարդու իրավունքների և արժանապատվության»։

Նա ընդգծեց նաև համայնքահեն կազմակերպությունների առանցքային դերը՝ որպես անվտանգ տարածքներ, հոգեբանական, իրավաբանական և այլ կենսական աջակցության աղբյուրներ, ինչպես նաև փոփոխությունների առաջամարտիկներ։ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին, որոնց համագործակցությամբ հնարավոր է դարձել բարձրացնել կարողությունները, հասարակական իրազեկվածությունն ու համակարգային փոփոխություններ սկսել Հայաստանում։

Բացման խոսքից հետո, միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում մեծարգո դեսպաններ և միջազգային ու պետական կառույցների ներկայացուցիչներ․

  • ՆԳ Օլիվիե Դըկոտինյին՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը
  • ՆԳ Էնդրյու Թըրները՝ Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը
  • ՆԳ Էրիկ դե Մույնքը՝  Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը
  • Նաթիա Նացվլիշվիլին՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական ներկայացուցիչը
  • Մոնիկա Սանդրին՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցչի ժ․պ․-ն
  • Դոկտոր Սիդարթա Սանկար Դատտան՝ ԱՀԿ ներկայացուցիչը և Հայաստանյան գրասենյակի ղեկավարը
  • Փոլ Մորիսը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծության փոխդեսպանը
  • Էրիկ Թինթրուփը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպանը
  • Ջեմմա Ղազարյանը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջազգային համագործակցության վարչության պետը

Բոլոր խոսնակները վերահաստատեցին իրենց երկրների և կառույցների հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության, հավասարության ապահովման և ներառական զարգացման նկատմամբ՝ ընդգծելով, որ ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքների պաշտպանությունը ոչ միայն արդարության, այլ նաև սոցիալական ու տնտեսական զարգացման հիմնաքար է։

Պլենար քննարկում. փորձառությունների և դիմակայության ձայներ

Միջոցառման առանցքային պահերից էր «Հայաստանը ժողովրդավարության կիզակետում. առաջընթացներ և մարտահրավերներ» խորագրով պլենար քննարկումը։ Այն ընթանում էր տեղացի և միգրանտ ԼԳԲՏՔԻ+ ակտիվիստների մասնակցությամբ, որոնք կիսվեցին ինքնության, միգրացիայի և իրավապաշտպան գործունեության իրենց փորձով։

Էմիլը՝ քվիր ակտիվիստ Հայաստանից, նշեց․

«ԼԳԲՏՔ+ համայնքի տեսանելի անդամ դառնալը հեշտ ճանապարհ չէր։ Բայց ես սովորել եմ՝ տեսանելիությունը մեր դիմադրությունն է։ Մշակույթը, այդ թվում՝ թվային մշակույթը, կարող է լուրջ գործոն լինել խտրականության վերացման և հանրային համակրանքի ձևավորման գործում»։

Նա նաև անդրադարձավ իր մասնակցությանը 2018 թվականի հեղափոխությանը․

«Այն ժամանակ մենք մեծ հույսեր ունեինք՝ ժողովրդավարական խորքային փոփոխությունների համար։ Որոշ հույսեր արդարացան, որոշները՝ դեռ ոչ։ Բայց այժմ ավելի շատ երկխոսություն կա ներառականության մասին, թեև առաջընթացը դեռ տեսանելի չէ»։

Պավելը՝  ակտիվիստ, միգրանտ Ռուսաստանից, պատմեց՝

«Ռուսաստանում ամենամեծ մարտահրավերն օրենքները չեն՝ այլ վախի մթնոլորտը։ Որպես միգրանտ Հայաստանում` ես բախվել եմ նոր դժվարությունների, բայց նաև զգացել եմ համերաշխություն։ Քաղաքացիական հասարակությունն ու միջազգային կազմակերպությունները ինձ իրական աջակցություն են տրամադրել, ինչը շատ հաճախ կենսական նշանակություն է ունեցել »։

Մելվինը՝ ակտիվիստ, միգրանտ Արևմտյան Աֆրիկայից, նույնպես կիսվեց իր անցած ճանապարհով․

«Իմ երկրում ես ապրում էի մշտական սպառնալիքի ներքո։ Հայաստանը նոր տուն դարձավ ոչ ընտրությամբ, այլ՝ անհրաժեշտությամբ։ Այստեղ էլ հեշտ չէ միգրանտի համար, բայց ես ստացել եմ աջակցություն, որն օգնեց ինձ նորից հավատալ լավ ապագային»։

Միջոցառումն ամփոփվեց հարց ու պատասխանով և կարևոր ուղերձների հաստատումով՝ համերաշխություն, քաջություն և հանձնառություն։

IDAHOBIT-2025-ը վերահաստատեց, որ համայնքային առաջնորդությունը, դիվանագիտական և միջազգային համագործակցությունը, ինչպես քաղաքացիական ներգրավվածությունը կարող են իրական փոփոխություններ բերել։
«Նոր Սերունդ» ՀԿ-ն շարունակում է կանգնած լինել այս շարժման առաջնագծում՝ կառուցելով ապագա, որտեղ յուրաքանչյուր ոք՝ անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և այլ հանգամանքներից կարող է ապրել ազատ, անվտանգ և արժանապատիվ։

Ինչպես եզրափակեց Սերգեյ Գաբրիելյանը․

«Մենք միայն չենք խոսում այն մասին, ինչ ունենք՝ մենք նայում ենք այն ուղղությամբ, ուր պիտի գնանք։ Մեր նպատակը հասարակություն է, որտեղ բոլորը ապրում են ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքով՝ անկախ նրանից, թե ով են կամ ում են սիրում»։

Միջոցառման մոդերատոր Արման Սահակյանը ամփոփեց միջոցառումը հետևյալ խոսքերով․ «Համայնքի ուժը դրսևորվում է այնտեղ, որտեղ մարդիկ կանգնում են միմյանց կողքին՝ աջակցելով, լսելով և պայքարելով արդարության ու հավասարության համար։

Մենք լսեցինք ուժեղ պատմություններ, կարևոր ուղերձներ և տեսանք այն համերաշխությունը, որին մեր հասարակությունն այդքան շատ է կարիք ունենում։ Բայց մեր գործը չի ավարտվում այսօրվա միջոցառմամբ։ Մեր գործը շարունակվում է ամեն օր՝ մեր համայնքներում, մեր կազմակերպություններում, մեր ընտանեկան, աշխատանքային և ընկերական շրջանակներում։

Թող այս օրը ոչ միայն հիշեցում լինի մեր առջև կանգնած մարտահրավերների մասին, այլև լինի ոգեշնչման աղբյուր՝ շարունակելու շարժվել առաջ՝ ավելի ներառական, անվտանգ և համերաշխ հասարակություն ստեղծելու համար։

Շնորհակալություն բոլորին՝ ձեր ներկայության, աջակցության և պայքարի նվիրվածության համար։

ՇՆՈՐՀԱՎՈՐ IDAHOBIT 2025»։