10 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ

2022 թվականի դեկտեմբերի 13-14-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ տրանս* կոմպետենտության վերաբերյալ զգայունության բարձրացման դասընթաց Հայաստանի տաբեր մարզերի 10 բուժաշխատողների շրջանում, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում, Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ։

 

Վերապատրաստման դասընթացի նպատակն է բարձրացնել համապատասխան մասնագետների իրազեկվածության մակարդակը տրանս* ներառական մոտեցման սկզբունքների վերաբերյալ՝ նվազեցնելու համար բացասական նախապաշարմունքային կարծրատիպերը տրանս* անձանց նկատմամբ և բարձրացնելու առողջապահական ծառայությունների հասանելիությունը։

 

Դասընթացավարն էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ կարողությունների զարգացման համակարգող, սեռականության, գենդերային հարցերի և տրանս* կոմպետենտության փորձագետ Հմայակ Ավետիսյանը։

 

10 բուժաշխատողներ, որոնք իրենց գործունեության ընթացքում առնչվում են տրանս* անձանց հետ աշխատանքին, ծանոթացան տրանսգենդերությանը և կատեգորիաներին, գենդերային բազմազանությանը, ինքնության տերմիններին, խոսվեց տրանս* փոխակերպման գործընթացից, հիվանդությունների միջազգային դասակարգումից, գենդերային դիսֆորիայից, քննարկվեցին նաև գենդերային ինքնության հիմքով խտրականությունը, առողջապահական ծառռայությունների հասանելիության խոչըդոտները տրանս* անձանց համար։ Մասնագետները նաև ծանոթացան տրանս* զգայունության հիմնական հասկացություններին, տրանս* և գենդերային բազմազան անձանց հետ շփման ընթացքում խրախուսելի և մերժելի երևույթներին։

 

Բուժաշխատողներին ներկայացվեց նաև ծրագրի շրջանակներում մշակված՝ տրանս* անձանց տրամադրվող ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների համալիր փաթեթը։

 

Քննարկվեցին նաև ԻԿՎՀ-2021 հետազոտության արդյունքները։

 

Վերապատրաստման դասընթացը անցավ ակտիվ քննարկումների, փորձի փոխանակման մթնոլորտում, իսկ ավարտին մասնակիցները ցանկություն հայտնեցին նման դասընթացների կազմակերպումը դարձնել պարբերական։