Բռնությունը քվիր զուգընկերների միջեվ

2014թ.-ի նոյեմբերին BBC լրատվականը հրապարակեց հոդված, որտեղ ասվում էր, որ ըստ ԱՄՆ-ում արված մի հետազոտության՝ նույնասեռ հարաբերություններում ընտանեկան բռնությունն առավել հաճախ է պատահում, քան հետերոսեքսուալ հարաբերություններում։ Ինչու՞ են ուսումնասիրողները եկել այդ եզրակացությանը։

 

Թեմային լիարժեք անդրադառնալու համար՝ նախ եկեք հասկանանք, թե ինչ է առհասարակ բռնությունը, մասնավորապես՝ ընտանեկան բռնությունը, ու ինչքանով է կարևոր առանձնացնել այդ տերմինը բռնությունների շարքում և ունենալ այն կանխարգելող հատուկ օրենքներ։

 

Ընտանեկան բռնությունը (կենցաղային բռնություն, տնային բռնություն), պարզ լեզվով ասած, ընտանիքի նախկին կամ ներկա անդամի կամ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ կատարվող բռնությունն է, սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտումը։ Ընտանիքում բռնության տեսակները, ըստ ՀՀ ներպետական օրենսդրության, 5-ն են՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական և անտեսում։

 

Այս օրենքը, ինչպես նշված է հոդվածում, նպատակ ունի ապահովել ընտանիքի՝ որպես հասարակության բնական ու հիմնական բջջի, հատուկ պաշտպանությունը, ձևավորել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքների և օրինական շահերի ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր, և այլն (տես՝ ամբողջը)։

 

Այստեղից թեմայի շրջանակում ինքնաբերաբար հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս են կարգավորվում ընտանեկան բռնության դեպքերը քվիր զուգընկերության պարագայում։ Չէ՞ որ Հայաստանում նույնասեռ ամուսնությունների գրանցումն արգելված է, հետևաբար՝ օրենքն էլ չի կարող ներառել այս զույգերին։

 

Ընտանեկան բռնությունը խնդիր է, որը կարող է վերաբերել ցանկացած տարիքի, սեռի, սեռական կողմնորոշվածության ու գենդերային ինքնության մարդկանց, բայց կան խնդրի մասնավորեցումներ, որոնք հատուկ են հենց քվիր ընտանիքներին։ Դրանցից են հոմոֆոբիան, տրանսֆոբիան,  ինտերնալիզացված հոմոֆոբիան ու տրանսֆոբիան, ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի հետ ասոցացման արդյունքում առաջացած խարանը, ՍՃՓՎ-ների ռիսկը, իրավական/օրենսդրական պաշտպանության մեխանիզմների ներառական չլինելը կամ բացակայությունը, և իհարկե՝ դրսից եկող այն հոգեբանական բռնությունը, որին բախվում են քվիր հարաբերությունները՝ համարվելով ոչ այնքան «լուրջ», ինչքան հետերոսեքսուալ զույգերն ու ընտանիքները։

 

Այստեղ ունենք ևս մեկ խնդիր՝ քվիր ընտանիքներում բռնության հարցը դեռ այնքան համապարփակ չի հետազոտվել, ինչքան հետերոսեքսուալ հարաբերություններինը, հետևաբար՝ առկա ուսումնասիրություններն ինչ-որ չափով կարող են իրար հակասել։ Մի մասն ասում է, որ քվիր ընտանիքներում բռնությունն ավելի շատ է, քան հետերո ընտանիքներում, մյուս մասն ասում է, որ պատճառը քվիր ընտանիքների կողմից օրենքի պաշտպանությանը ավելի բարձր դիմելիությունն է։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ խնդիրն առկա է, և աշխարհում կա իրավական փոփոխությունների փորձ, որը օգնում է հասկանալ այն, վեր հանել ու լուծում տալ, և հենց այդ փորձի վրա էլ այսօր պիտի հիմնվենք։

 

Ուսումնասիրենք, օրինակ, ԱՄՆ-ի փորձը։

 

2010 թ. ԱՄՆ-ի Վնասվածքների կանխարգելման ազգային կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) ուսումնասիրության մեջ, որը զեկուցում էր ԱՄՆ-ում ընտանեկան բռնության մասին, գեյ տղամարդկանց 26%-ը և բիսեքսուալ տղամարդկանց 37,3%-ը ասել են, որ իրենց զուգընկերների կողմից ֆիզիկական բռնություն, հետապնդում կամ բռնաբարություն է տեղի ունեցել, որից 90,7%-ը և 78.5% -ը (համապատասխանաբար) եղել է տղամարդկանց կողմից։  

 

Հայաստանում ևս այս խնդիրը սկսել է արձանագրվել։

Բոլորովին վերջերս «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աջակցությանն է դիմել գեյ նույնականացող անձ, ով տուժել է իր զուգընկերոջից։ Վերջինս նրանց միասին բնակվելու ընթացքում ստիպել է դիմողին զբաղվել սեռական ծառայությունների տրամադրմամբ և իրեն փոխանցել գումարը։ Գործը ընթացքի մեջ է։

Ինչ վերաբերում է լեսբիներին, CDC-ն նշում է, որ նրանց 43,8%-ը հայտնել է, որ ենթարկվել է ֆիզիկական բռնության, հետապնդման կամ բռնաբարության իրենց զուգընկերների կողմից: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը նշում է, որ այդ 43,8%-ի ընդամենը 2/3-ն (67,4%) են հանդիսանում իգական սեռի ներկայացուցիչներ (քանի որ լեսբի կանանց մի մասը քամինգ աութից առաջ կարող է ունենալ հետերոսեքսուալ հարաբերություններ, ինչը նույնպես իր առանձին հոգեբանական պատճառներն ու բացատրություններն ունի): Նույն հետազոտությունը ցույց է տալիս, որ հետերոսեքսուալ կանանց 35%-ը և բիսեքսուալ կանանց 61,1%-ը հայտնել են ֆիզիկական բռնության, հետապնդման կամ բռնաբարության մասին իրենց զուգընկերների կողմից, ընդ որում՝ հանցագործների 98,7%-ը և 89,5%-ը (համապատասխանաբար) տղամարդիկ են:

Ընդհանուր առմամբ և՛ տղամարդկանց, և՛ կանանց պարագայում բիսեքսուալ անձինք այս հետազոտության տվյալներով ավելի շատ են հարաբերություններում բռնության ենթարկվել, քան լեսբիներն ու գեյերը։ Սա նաև կապում են այն բանի հետ, որ բիսեքսուալ անձինք ավելի քիչ հասկացված են և հաճախ են խտրականացվում սեռական կողմնորոշվածության հիմքով՝ համարվելով «չկողմնորոշված» նույնիսկ հենց համայնքի ներսում ու համապատասխան օգնություն ցուցաբերող կազմակերպությունների կողմից։

 

Տրանս* անձանց մասին այս հարցի շուրջ համեմատաբար ավելի քիչ հետազոտություններ են անցկացվել։ Ինչպես գիտենք՝ գենդերային ինքնությունը կապ չունի սեռական կողմնորոշվածության հետ, հետևաբար՝ տրանս* անձինք կարող են լինել և՛ հետերոսեքսուալ, և՛ հոմոսեքսուալ, և՛ բիսեքսուալ, և՛ ունենալ ցանկացած այլ նույնականացում։

 

2020թ.-ին  հանրային առողջության ամերիկյան ամսագիրը ամբողջականացրեց ամսագրերից 85 հոդված՝ պարզելու տրանսգենդեր անձանց շրջանում ինտիմ զուգընկերոջ կողմից իրականացված բռնությունների տարածվածությունը։ Միջին հաշվով տրանսգենդեր անձանց 37.5%-ը հայտնել է, որ ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ 25%-ը հայտնել է, որ ենթարկվել է սեռական բռնության ներկայիս կամ նախկին զուգընկերոջ կողմից: Այսինքն՝ ցիսգենդեր անձանց համեմատ տրանսգենդեր անձանց հանդեպ իրենց սեռական զուգընկերների կողմից կատարվող բռնությունը միանշանակ ավելի տարածված է։

 

Հիմա վերադառնանք մեր գլխավոր հարցին։

 

Քվիր զույգերը հաճախ դժվարություններ են ունենում իրավական պաշտպանություն ու օգնություն ստանալիս, քանի որ ընտանեկան բռնության մասին օրենքները շատ երկրներում մշակված են այնպես, որ ներառեն միայն ցիսգենդեր անձանց հետերոսեքսուալ հարաբերությունները։

 

Եվ այսպես՝  BBC-ի վերոնշյալ հոդվածը հիմնված է Չիկագոյի Հյուսիսարևմտյան համասարանի Ֆայնբերգ բժշկական դպրոցի կատարած եզրակացության վրա, որը իր հերթին հիմնված է չորս տարբեր ուսումնասիրությունների վրա՝ ընդհանուր թվով ունենալով մոտ 30.000 մասնակիցների հարցազրույցներ։

 

«Մեր ապշեցուցիչ բացահայտումներից մեկն այն էր, որ նույնասեռ զույգերի շրջանում ընտանեկան բռնության մակարդակը ավելի բարձր է, քան հակառակ սեռի զույգերի մոտ»,- ասում է հոգեբան և զեկույցի համահեղինակ Ռիչարդ Քերոլը: Սա բացահայտելով՝ Քերոլի թիմը սկսում է փնտրել պատճառները։

«Գոյություն ունի «փոքրամասնության սթրեսային մոդել» հասկացություն, որը բառացիորեն այն գաղափարն է, որ փոքրամասնություն լինելը լրացուցիչ սթրես է ստեղծում»,- ասում է Քերոլը. «Կան արտաքին սթրեսային գործոններ, ինչպիսիք են խտրականությունը և բռնությունը նույնասեռականների նկատմամբ, և կան ներքին սթրեսային գործոններ, ինչպիսիք են ինտերնալիզացված բացասական վերաբերմունքը իրենք իրենց նկատմամբ»:

Ըստ Քերոլի՝ այստեղ ամենամեծ դերը տանում են հենց ներքին սթրեսային գործոնները. «Երբեմն նույնասեռականները իրենց բացասական զգացմունքներն ու վերաբերմունքը իրենց անձի նկատմամբ պրոյեկտում են զուգընկերների վրա,- ասում է Քերոլը և ավելացնում. «Բայց կա նաև սրա հակառակ կողմը. նույնասեռ զույգերի մեջ ընտանեկան բռնության զոհերը հաճախ կարծում են, որ ինչ-որ տեղ նրանք արժանի են այդ վերաբերմունքին՝ իրենք իրենց հանդեպ ինտերնալիզացված բացասական համոզմունքների պատճառով»։

Ինչպես նշվում է մեկ այլ հոդվածում՝ քվիր զուգընկերների համար հաճախ իրար հանդեպ բռնությունը կարող է ասոցացվել իրենց սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության պատճառով դրսից եկող բռնության հետ։ Հետևաբար՝ մեղքի ներքին զգացումը կարող է թույլ չտալ ճանաչել խնդիրն ու լուծումներ փնտրել։

Այստեղ տեղին է նշել հոգեբանական ևս մեկ կարևոր գործոն՝ բռնության ենթարկված անձանց առնվազն  ⅓-ը հասուն տարիքում հակված են բռնություն գործադրել։ Բռնության զոհերը հաճախ արձագանքում են տրավմային՝ հերքելով, որ բռնություն է տեղի ունեցել կամ մեղադրելով իրենք իրենց ու արդարացնելով բռնարարի արարքը, ինչի հետևանքով կարող են չզգալ, թե ինչպես են ժամանակի ընթացքում հենց իրենք վերածվում բռնարարի։ Հաշվի առնելով քվիր անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը՝ դժվար չէ տեսնել ամբողջական պատկերը։

 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տրանսգենդեր երիտասարդների 43%-ը դպրոցում ենթարկվում է բուլինգի, ինչպես նաև նրանց 29%-ը, լեսբիների ու գեյերի 21%-ը և բիսեքսուալների 22%-ը երբևէ ինքնասպանության փորձ են կատարել՝ ի տարբերություն հետերոսեքսուալ ցիսգենդեր երեխաների 7% ցուցանիշին։ Գեյերի ու լեսբիների 16%-ը, բիսեքսուալների 11%-ը դպրոցի տարածքում զենքով սպառնալիք կամ վնասվածք են ստացել։ Գեյ ու լեսբի երիտասարդների 29%-ը և բիսեքսուալ երիտասարդների 31%-ը բուլինգի են ենթարկվել դպրոցի տարածքում, ի տարբերություն հետերոսեքսուալների 17% ուցանիշի։ Այստեղից հետևությունները թողնում ենք ընթերցողին։

 

Բռնությունը քվիր ընտանիքներում մինչ օրս դժվար է բարձրաձայնվում։ Անգամ այս հոդվածը գրելիս, երբ փորձեցինք Հայաստանի համայնքի որոշ անդամների հետ կապ հաստատել ու հարցնել իրենց փորձի մասին, թեմայի անունը լսելիս բոլորի առաջին ռեակցիան նույնն էր՝ քվիր զույգերի մոտ չկա բռնություն։ Այստեղից պարզ հետևություն՝ եթե խնդրի առկայությունը չի բարձրաձայնվում, ապա հաճախ այն կարող է չճանաչվել, մարդիկ կարող են չհասկանալ, թե ինչ է կատարվում իրենց կամ իրենց ծանոթների հետ և չիմանալ, թե ինչպիսի արձագանք պետք է դրան տալ։

Եթե դուք նույնպես կարծում եք, որ քվիր զույգերի մոտ բռնություն չեք տեսել, ապա պատասխանեք մի պարզ հարցի՝ քանի՞ անգամ եք լսել, որ ձեզ կամ ձեր քվիր ծանոթներին իրենց զուգընկերները սպառնան աութինգի* ենթարկել ծնողների, բարեկամների, ծանոթների մոտ կամ աշխատավայրում։ Վստահ եմ՝ բազմիցս, քանի որ աութինգը մանիպուլյացիայի ու վերահսկման հարմար մեթոդ է բռնարարների համար։ Իսկ սա հոգեբանական բռնություն չէ՞։

 

աութինգ* — մարդու սեռական կողմնորոշվածության կամ գենդերային ինքնության հանրայնացում առանց նրա համաձայնության։

 

 

Հեղինակ՝ Անյա Հայրապետյան

 

 

 

 

Սույն լրագրողական նյութը կազմվել է  «Ընտանեկան բռնությունը քվիր զուգընկերների միջև» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Քաղաքացիական հասարակության համագործակցության, Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության և Quarteera e. V. կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Նյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի, Քաղաքացիական հասարակության համագործակցության, Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության և Quarteera e. V. կազմակերպության դիրքորոշման հետ պարտադիր չէ: