COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ․ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2022թ․—ի դեկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ բուժաշխատողների կարողությունների զարգացման դասընթաց, որը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ- (ՆՍՀԿ)։ Դասընթացի նպատակ էր բուժաշխատողների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՏԲ—ի և ՏԲ—ին առնչվող ծառայությունների տրամադրման, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի, համավարակի պայմաններում աութրիչ աշխատանքի կարևորության և առանձնահատկությունների, խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ—ի կանխարգելման ծրագրերի վերաբերյալ։
Դասընթացի առաջին օրը՝ դեկտեմբերի 13-ը, մեկնարկեցին ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի մասնագետները։ Լիլիթ Սամսոնյանը խոսեց ՏԲ ծառայությունններին օժանդակող միջոցառումների, հիվանդների սոցիալական աջակցման , բուժման հիվնադակենտրոն մոդելների մասին։
Մյուս մասնագետը՝ Հակոբ Աճեմյանը, մասնավորապես անդրադարձավ ՏԲ-ի համաճարակաբանական իրավիճակին Հայաստանում, մանրամասն ներկայացրեց ՏԲ-ի հարուցիչը, փոխանցման եղանակները, ախտանշանները, բուժման սխեմաները, այլ հիվանդությունների հետ կապը, կարևորեց պացիենտին կրթելու դերը ՏԲ-ի դեմ պայքարի գործընթացում։ Փորձագետը մատնանշեց նաև ՔՈՎԻԴ-19-ի և ՏԲ-ի կապը, ոլորտում առաջացած մարտահրավերները և ՏԲ-ի ծառայությունների անխափան տրամադրումը համավարակի պայմաններում։
Երկրորդ օրվա փորձագետներն էին ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» բժիշկ-ինֆեկցիոնիստներ Լենա Նազարյանը և Ելենա Սիլկան։
Առաջին փորձագետը խոսեց ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին առնչվող ծառայությունների, ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի մասին հիմնական բնակչությունների շրջանում։ Երկրորդ փորձագետը ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդությունը և համաճարակաբանությունը, ազդեցությունները, համավարակի դեմ պայքարի միջոցառումները և արդյունավետությունը, բնակչության առավել ռիսկային խմբերի խոցելիությունը ՔՈՎԻԴ-ի նկատմամբ և խորհրդատվության առանձնահատկությունները, ՔՈՎԻԴ-19-ի և ՄԻԱՎ-ի կապը, պատվաստման և ՀՌՎ դեղերի ընդունման համատեղելիությունը, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի դեմ առկա պատվաստանյութերը և դրանց առանձնահատկությունները։
Դասընթացի վերջին օրը՝ դեկտեմբերի 15-ը, նվիրված էր առողջության իրավունք թեմային, որը ներկայացրեց ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը՝ անդրադառնալով խարանին և խտրականությանը, ՀՀ-ում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությանը, ինչպես նաև առողջության իրավունքի խախտումների դեպքերին և ոլորտներին։
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների մթնոլորտում, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։
«ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների, տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից` ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ։